- Գլխավոր
- Նորություններ
- Համատեղ իրականացրած ծրագրերի արդյունավետությունը՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետ գործընկերությունը շարունակելու խթան
Հոկտեմբեր 03, 2024 | 15:55
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Համատեղ իրականացրած ծրագրերի արդյունավետությունը՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետ գործընկերությունը շարունակելու խթան
Երևանի պետական համալսարանը և Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) համագործակցում են «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում: Ակադեմիական միջավայրում ամրապնդելով գործակցային կապերը՝ կողմերն իրականացրել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ փոխայցելություններ, դասախոսությունների անցկացում։ Համատեղ արդեն 4-րդ ծրագիրը կյանքի կոչվեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։
Ծրագիրը իրականացրին ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանը և Լյուվենի կաթոլիկ (ֆրանկոֆոն) համալսարանի փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսը: Նրանք ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացրին «Բիոէթիկական խնդիրները առողջապահության ոլորտում» դասախոսությունների շարքը՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու առողջապահության ոլորտում բիոէթիկական արդի հիմնախնդիրներին:
Լևոն Բաբաջանյանի և Ակսել Գոսիերիեսի համագործակցությունն ունի նախապատմություն. երբ Ա. Գոսիերիեսը 2014 թվականին ժամանել էր Հայաստան՝ փիլիսոփայության թեմայով դասախոսություն անցկացնելու, Լևոն Բաբաջանյանը դեռ ասպիրանտ էր: Հենց այդ դասախոսությունների շրջանակում էլ նրանց միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, ընդհանուր հետաքրքրություններ, ինչի արդյունքում դրվել է նոր համագործակցությունների սկիզբը:
Ի՞նչ է բիոէթիկան
Լևոն Բաբաջանյանն արդեն 6 տարի է, ինչ դասավանդում է «Բիոէթիկա» առարկան։ Մեզ հետ զրույցում ասաց, որ «Բիոէթիկան» բարոյագիտական առարկա է։ Բարոյագիտությունը կարելի է բաժանել երեք հիմնական բաժնի՝ մետաէթիկա, նորմատիվ էթիկա և կիրառական էթիկա: Մետաէթիկան քննարկում է բարոյագիտական այնպիսի հարցեր, որոնք ուղղված են բարոյական նորմերի բնույթի ուսումնասիրությանը, ինչպես, օրինակ, կարո՞ղ են արդյոք բարոյական նորմերն ունենալ ճշմարտության արժեք, արդյոք կա՞ն բարոյական փաստեր, ճանաչելի՞ են դրանք և այլն։ Նորմատիվ էթիկան առնչվում է հիմնականում բարոյական նորմերի սահմանման, ձևակերպման և ճշգրտման հարցերին։ Օրինակ՝ ի՞նչ է արդարությունը, ազատությունը, պարտականությունը և այլն: Կիրառական էթիկան բարոյագիտության այն ճյուղն է, որի խնդիրն է բարոյագիտական տեսությունների կիրառման միջոցով իրական կյանքին առնչվող բարոյական երկընտրանքների, խնդիրների, իրավիճակների լուծումը։ Ըստ առնչության ոլորտի՝ կիրառական էթիկան ունի ենթաոլորտներ։
Բիոէթիկան կիրառական էթիկայի ճյուղ է, որի խնդիրն է բարոյագիտական գիտելիքի, տեսությունների, մեթոդների կիրառման միջոցով քննարկել և լուծել առողջապահության, բժշկագիտության, կենսաբանության և հարակից ոլորտների այն խնդիրները, որոնք բնույթով բարոյագիտական են և առնչվում են լայն իմաստով կենսաբանական կյանքի և մահվան խնդիրներին։
Բիոէթիկայի մասնագետները առողջապահության, բժշկության և հարակից այլ ոլորտների հետ կապված իրադրային և սկզբունքային խնդիրներին փորձում են լուծումներ տալ՝ օգտագործելով բարոյագիտական տեսությունները, բարոյագիտական ուսումնասիրության մեթոդներն ու գործիքակազմը:
«Նրանք այդ խնդիրներին լուծումներ և մոտեցումներ են առաջարկում, քննարկում բարոյագիտական տեսանկյունից: Եթե, օրինակ, առնչվում ենք էֆթանազիայի (ցավերից և տառապանքից ազատելու համար կյանքից զրկելը) խնդրին, այն կիրառելը բարոյապես ընդունելի՞ է, կամ հղիության արհեստական ընդհատումը, գենետիկայի բարելավումը, ժողովրդագրության վերահսկումը ծնելիության վերահսկողության միջոցով, պատվաստումները և այլն. դրանց կիրառման դեպքում բարոյագիտական ի՞նչ երկընտրանքների, խնդիրների, հակասությունների ենք բախվում, և ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրները, ի՞նչ մեթոդաբանությամբ, սկզբունքներով։ Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնց լուծումների համար պետք է բարոյագիտական որոշակի պատրաստվածություն, փորձառություն»,- մեկնաբանեց Լ. Բաբաջանյանը:
Ոլորտի խնդիրներն ու նորարարությունները՝ դասախոսությունների առանցքում
Լևոն Բաբաջանյանը նշեց, որ դասախոսությունների շրջանակում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում, պատվաստումներ, տարիքային սահմանափակումները առողջապահության ոլորտում, առողջապահական սահմանափակ ռեսուրսների բաշխման հետ կապված և այլ խնդիրներ։ Սակայն, դասախոսությունների շարքի հիմնական շեշտադրումն այն էր, որ բիոէթիկական խնդիրների քննարկումն անցկացվել է հստակ նախանշված մեթոդաբանությամբ, ինչը քննարկումներին հստակություն, որոշակիություն և որոշակի գործնականություն է հաղորդել։ Դասընթացը հագեցած է եղել գործնական առաջադրանքներով (խմբային, բանավոր ու գրավոր աշխատանքներ, խնդիրների լուծումներ և մեկնաբանություններ):
«Սկզբում ներկայացրել ենք տեսություններ և խնդիրները քննարկելու որոշակի մեթոդաբանություն, այնուհետև կուրսը բաժանել խմբերի, առաջադրել կոնկրետ իրավիճակներ և թեմաներ՝ մատնանշելով, թե ինչպես պետք է դրանք քննարկել: Ուսանողները շատ հետաքրքրված էին, նույնիսկ երբեմն բարդ էր լինում կառավարել նրանց ակտիվությունը: Նմանօրինակ դասախոսությունները միջմշակութային շփման տեսանկյունից ևս շատ կարևոր են։ Ուսանողները տեսնում են, թե մշակութային որոշ տարբերություններից զատ՝ որքան շատ են արժեհամակարգային, աշխարհայացքային ընդհանրությունները այլ հասարակությունների հետ, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ որքան ամուր են կապված ընդհանուր խնդիրներով, հոգսերով և մտքերով»,- ընդգծեց Լ․ Բաբաջանյանը:
Բիոէթիկայի կապը փիլիսոփայության հետ
Պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսը փիլիսոփա է, ավելի կոնկրետ՝ քաղաքական փիլիսոփա և բարոյագետ-հետազոտող, բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ։ Պրոֆեսորն ընդգծում է, որ քաղաքական փիլիսոփայությունը գործ ունի երկու հիմնական տեսությունների՝ ժողովրդավարության և արդարության տեսությունների հետ։ Նա ավելի շատ կենտրոնացած է արդարության տեսության վրա, թեև աշխատանքներ ունի նաև ժողովրդավարության տեսության ոլորտում։ Այդ համատեքստում Գոսիերիեսը մասնավորապես զբաղվում է միջսերնդային արդարության տեսության խնդիրներով, ինչին նվիրված է նրա աշխատանքների հիմնական մասը։ Այս տարի նրա համահեղինակությամբ լույս կտեսնի «Բնապահպանական արդարություն» գիրքը, իսկ նախորդ տարի լույս էր տեսել «Միջսերնդային արդարություն» աշխատանքը «Polity» հայտնի հրատարակչությունում։ Միջսերնդային արդարության տեսության ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների շարքում Ակսել Գոսիերիեսն այն հետազոտողներից է, որոնց աշխատանքներին ամենաշատն են հղում անում։ Նա Լյուվենի կաթոլիկ (ֆրանկոֆոն) համալսարանում դասավանդում է քաղաքական փիլիսոփայությանը և բարոյագիտությանը վերաբերող առարկաներ՝ «Բարձրագույն քաղաքական փիլիսոփայություն», «Բարոյագիտություն և տեղեկատվություն, հաղորդակցություն, տեխնոլոգիաներ», «Նորմատիվ տնտեսագիտություն և գործնական բարոյագիտություն»: Պրոֆեսորը շեշտեց, որ բիոէթիկան կապվում է փիլիսոփայության հետ, քանի որ այն առնչվում է մարդու մարմնականության, կյանքին առնչվող խնդիրներին:
«Մենք վերցնում ենք մի խնդիր և փորձում այն լուծել, իսկ երբ փորձում ես այդ խնդիրը լուծել, առնչվում ես մարդու հետ, նրա՝ բարոյականության սահմանման մասին պատկերացումներին, որոնք արդեն փիլիսոփայությանը վերաբերող խնդիրներ են: Օրինակ՝ առաջին դասին մենք քննարկել ենք առողջապահության ոլորտում տարիքով պայմանավորված սահմանափակումները, մասնավորապես՝ երբ պատվաստումների ժամանակ նախապատվությունը տրվում էր մեծահասակներին: Իսկ երբ ինտենսիվորեն պետք է առողջապահական ծառայություններ մատուցվեին արդեն ախտահարված պացիենտներին, նախապատվությունը տրվում էր երիտասարդներին: Այդ դեպքում հարց էր առաջանում՝ ի՞նչ ընդհանուր բարոյագիտական սկզբունք էր ընկած այդ երկու, թվում է, տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքականությունների հիմքում։ Այս սկզբունքի ձևակերպումը հենց բարոյագիտական, փիլիսոփայական խնդիր է, ինչի հիման վրա մշակվում և իրականացվում են քաղաքականություններ»,- ասաց Գոսիերիեսը՝ հավելելով, որ այդ մոտեցումները հասկանալու համար պետք է հասկանալ փիլիսոփայական, բարոյագիտական տեսությունները, թե այդ տեսությունների և որոշումների կայացման հիմքը որն է:
Իսկ այն հարցին, թե արդյոք առողջապահության ոլորտում բիոէթիկայի խնդիրները տարբերվում են տարբեր մշակույթներ ունեցող երկրներում, հետազոտողը պատասխանեց. «Բնական է, որ տարբեր մշակույթներում խնդիրներ կան, որոնք տարբերվում են և արդիական են: Օրինակ՝ խնդիրներից մեկը, որը մենք քննարկել ենք, ձվաբջիջների սառեցման խնդիրն է։ Այդ պրակտիկան, սակայն, Հայաստանում տարածված չէ։ Չնայած այդ հանգամանքին՝ այս հարցը քննարկելը հետաքրքիր էր ուսանողների համար, քանի որ այդ գործընթացի հետ կապված բարոյագիտական խնդիրների հիմքում ընկած են մարդկանց փիլիսոփայական, աշխարհայացքային պատկերացումները: Դասախոսության ընթացքում քննարկել ենք նաև սննդի համար մսի օգտագործման հարցը: Այստեղ շատերը մսակեր են և խնդիրներ չեն տեսնում, սակայն, եթե նույն հարցը տանք, օրինակ, կանադացի ուսանողներին, կարող ենք ստանալ հակառակ պատկերը, քանի որ նրանց մեծ մասը բուսակեր է: Մենք փորձում ենք բարդ խնդիրները որոշակի կառուցվածքով քննարկել. պահանջում ենք, որ ուսանողները հստակ ձևակերպեն իրենց պնդումները, այնուհետև ներկայացնեն այդ պնդումները հիմնավորող փաստարկներ։ Այդկերպ ուսանողը կարողանում է և՛ իր, և՛ ուրիշների համար հստակ ձևակերպել իր բարոյագիտական դիրքորոշումը»,- մեկնաբանեց Գոսիերիեսը:
Ըստ մասնագետի՝ կոնկրետ հարցերի հետ կապված ուսանողների մոտեցումների ու պատասխանների տարբերվելը պայմանավորված է տարբեր փորձառություններ և արժեհամակարգեր ունենալու հանգամանքով: Ընդհանրությունները, իհարկե, ավելի շատ են։
Մասնագետներն ուսանողներին սովորեցրել են տեսնել խնդիրները, մատնանշել խնդիրները լուծելու տեխնիկան, մտածելու արդյունավետ և ոչ արդյունավետ ձևեր:
Ակսել Գոսիերիեսն ընդգծեց, որ ծրագրի իրականացման համար առաջին հերթին կարևոր պայման է ուսանողների կարգապահ ներկայությունն ու ակտիվությունը, հակառակ դեպքում դասախոսների շարժունության նմանօրինակ ծրագրերն իմաստ չեն ունենա։ Նա նշեց, որ Լ․ Բաբաջանյանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կարողացել են հասնել նրան, որ ուսանողները դասընթացին հատվածաբար չմասնակցեն և ակտիվորեն ներառվեն դասագործընթացին։
Համագործակցության շարունակականությունը՝ հեռանկարում
Բելգիացի պրոֆեսորը նշեց, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում երկու համալսարանների միջև համագործակցությունը շարունակվելու է դեռ երկու տարի, սակայն կողմերը մտադիր են ավելի երկարաձգելու այդ ծրագիրը, քանի որ ակնհայտ է դրա արդյունավետությունը։
«Եթե բելգիացի դասախոսների համար դյուրին է նմանօրինակ ծրագրերի շրջանակում դասախոսությունների անցկացումը Հայաստանում, ապա Հայաստանի դասախոսները նմանօրինակ ծրագրերի մասնակցելիս բախվում են որոշակի խնդիրների․ օրինակ՝ տեղացի դասախոսների լսարանային ծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս նրանց լինել ճկուն իրենց գրաֆիկում, և երբեմն դժվարանում է դասաժամերի համապատասխանեցման և լրացման հարցերի լուծումը։ Մեկ այլ խնդիր է ծրագրի ֆինանսական սահմանափակությունը, ինչը վերանայման կարիք ունի։ Ես հույս ունեմ, որ այդ խնդիրները կլուծվեն, և ապագայում նմանօրինակ ծրագրերի՝ փոխայցելությունների հաճախականությունը կավելանա»,- ասաց Ակսել Գոսիերիեսը:
Լևոն Բաբաջանյանը և Ակսել Գոսիերիեսը շեշտեցին, որ երկուստեք կա ցանկություն՝ համագործակցությունը շարունակելու և ապագայում համատեղ կրթագիտական նոր ծրագրեր իրականացնելու: