- Գլխավոր
- Նորություններ
- Բացահայտելով մանրէների դերը մեր կյանքում․ աշխատաժողով ԵՊՀ-ում
Սեպտեմբեր 20, 2024 | 15:05
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
Բացահայտելով մանրէների դերը մեր կյանքում․ աշխատաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի և Ամերիկյան մանրէաբանական ընկերության համատեղ ջանքերով կազմակերպված «Բացահայտելով մանրէների աշխարհը» խորագրով եռօրյա աշխատաժողովը։ Ավագ դպրոցի աշակերտներն ու բակալավրիատի ուսանողները աշխատաժողովի շրջանակում ծանոթացան մանրէաբանության ոլորտի նորություններին, կատարեցին լաբորատոր գիտափորձեր։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ, Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության դեսպան Աննա Փոլադյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը։ Անդրադառնալով ընկերության և ԵՊՀ-ի սերտ համագործակցությանը՝ նա նշեց․ «Համալսարանի մի խումբ գիտնականներ Ամերիկյան մանրէաբանական ընկերության անդամներ են։ Նշեմ նաև, որ ընկերության դեսպանի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով, 4 տարի ժամկետով։ Գործակցելով Ամերիկյան մանրէաբանական ընկերության հետ՝ մեզ համար սահմանել ենք հստակ առաքելություն, այն է՝ շարունակել բարձրացնել մանրէաբանության դերը հանրության շրջանում, ինչպես նաև ներկայացնել նոր ուղղություններ թե՛ դպրոցականների և ուսանողների, թե՛ գիտնականների համար՝ կազմակերպելով աշխատաժողովներ, գիտաժողովներ և գիտական այլ միջոցառումներ»։
Գիտական միջոցառման շրջանակում համալսարանականները հանդես եկան թեմային առնչվող դասախոսություններով․ ԵՊՀ պրոֆեսոր Կարեն Թռչունյանը հանդես եկավ «Մանրէները մեր կյանքում» վերտառությամբ դասախոսությամբ, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը ներկայացրեց Եվրոպական մանրէաբանական ընկերությունների ֆեդերացիայի գործունեությունն ու համագործակցությունը ԵՊՀ գիտնականների հետ, իսկ նույն ամբիոնի դոցենտ Արմինե Մարգարյանն անդրադարձավ կենսատարրալուծվող պլաստիկներին, որոնք քայքայվում են մանրէների շնորհիվ։
Մասնակիցների համար անցկացվեցին հեռավար ձևաչափով դասախոսություններ, որոնցում անդրադարձ կատարվեց վիրուսաբանությանն ու դրա ապագա զարգացումներին, մանրէների կողմից հակաբիոտիկների նկատմամբ դիմադրության հիմնական մեխանիզմներին։
Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվեց նաև «Կենսաբանությունը 21-րդ դարում․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցեցին Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Գարի Սովերսը, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, նախկին ռեկտոր, մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը, Քաթարի համալսարանի պրոֆեսոր, կենսաքիմիկոս Բարեդ Սաֆիեհ-Գարաբեդյանը։ Պանելային քննարկման շրջանակում աշակերտներն ու ուսանողները հնարավորություն ունեցան արտերկրի պրոֆեսորներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև տեղեկանալու արտասահմանում կազմակերպվող կրթական գործընթացների, փորձի փոխանակման և ակադեմիական այլ հնարավորությունների մասին։
Եռօրյա աշխատաժողովը հագեցած էր լաբորատոր գիտափորձերով։ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում մասնակիցները կատարեցին մի շարք գիտափորձեր, այդ թվում՝ մանրէների մանրադիտարկում, մանրէների կառուցվածքի ուսումնասիրություն, տարբեր նմուշներում ազոտի քանակի որոշում։ Նրանք այցելեցին նաև Կենսաբանության ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիաներ, ծանոթացան գիտահետազոտական ուղղություններին, հանդիպեցին գիտնականների հետ։
Աշխատաժողովի մասնակիցները «Լեգո» խաղի միջոցով ներկայացրին ապագայի իրենց պատկերացրած «խելացի» դպրոցների և համալսարանների կառուցվածքը։ Խաղի արդյունքում ընտրվեցին հաղթողներ, որոնք ստացան հավաստագրեր։
Աշխատաժողովի մասնակից աշակերտները հիմնականում ընտրվել էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցներից՝ իրենց մոտիվացիոն նամակների հիման վրա։ Գիտական միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, իսկ առավել ակտիվները ստացան նաև ԵՊՀ հուշանվերներ։