- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքներին
Սեպտեմբեր 20, 2024 | 16:16
Հասարակություն
Մարդու իրավունքներ
ԵՊՀ-ում անցկացվեց աշխատաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքներին
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ինչպես ԵՊՀ տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրյալ բանախոսներ:
Աշխատաժողովում ներկայացված և գիտական կարևորություն ունեցող թեմաներն ընդգրկուն էին: Դրանք վերաբերում էին խաղաղության գաղափարին, ցանցային տարածքում ԼՂ-ի բանահյուսության պահպանմանը, արդի փուլում մշակութային պահպանության հիմախնդիրներին, ԼՂ փախստականների խնդրի միջազգայնացման կարևորությանը: Զեկուցումներ հնչեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հոգեբանական վիճակի գնահատման մեքենայական ուսուցման գործիքի մշակման ու կիրառման, սոցիալ-տնտեսական մարտահրավերների, ինտեգրման, փախստականության մտահոգությունների և ակնկալիքների, ինչպես նաև այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդգծելով աշխատաժողովի կարևորությունը, նշեց, որ այսօրինակ գիտական միջոցառումներ անցկացնելը սկզբունքային նշանակություն ունի:
«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բռնի տեղահանվեց, և այսօր մենք անհրաժեշտություն ունենք իրավիճակը ճիշտ գնահատելու, ուսումնասիրություններ կատարելու, հետևություններ անելու և հետագա անելիքներ կանխամտածելու: Ուրախ եմ, որ աշխատաժողովի օրակարգում տարբեր հայեցակետերից է դիտարկվում խնդիրը»,- ասաց պրոռեկտորը և հավելեց, որ ԵՊՀ-ն իր հնարավորությունների սահմաններում ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու համար:
«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին վարձավճարների, ինչպես նաև միջավայրին արդյունավետ ինտեգրվելու խնդիրների լուծման հարցերում, իսկ դասախոսներին և հետազոտողներին հնարավորություն ենք ընձեռում համալսարանում շարունակելու իրենց գործունեությունը: Անցյալ տարի ԵՊՀ ներքին դրամաշնորհների մի մասն ուղղվեց ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրների լուծմանը, և հուրախություն մեզ՝ տարբեր ֆակուլտետների մեր գործընկերները շատ արագ արձագանքեցին՝ ներկայացնելով հետազոտական հետաքրքիր առաջարկներ»,- մատնանշեց Միքայել Հովհաննիսյանը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, խոսելով աշխատաժողովի կազմակերպման և արծարծված թեմաների մասին, նշեց. «Այս ձևաչափով աշխատաժողով առաջին անգամ չէ, որ անցկացնում ենք․ համալսարանում անցկացվել են նաև տարբեր քննարկումներ՝ նվիրված Փախստականների համաշխարհային օրվան: Այս աշխատաժողովի շրջանակում քննարկվեցին թեմաներ, որոնք շատ կարևոր են, քանի որ բարձրաձայնում են արդիական հիմնախնդիրներ։ Մասնակիցներից շատերը այդ խնդիրները ներկայացրին ականատեսի աչքերով»:
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքները» խորագրով աշխատաժողովը դարձավ հարթակ, որտեղ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների կարևորության մասին բազմաբովանդակ հարցեր:
Նշենք, որ աշխատաժողովին ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: