- Գլխավոր
- Նորություններ
- Արտերկրում ստացած կրթության առանձնահատկությունները ԵՊՀ ուսանողի աչքերով
Սեպտեմբեր 27, 2024 | 11:55
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Արտերկրում ստացած կրթության առանձնահատկությունները ԵՊՀ ուսանողի աչքերով
ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Արսեն Բաղիյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում։ Արսենը պատմել է արտերկրում ուսումնառությունը շարունակելու, ձեռք բերած նոր գիտելիքների և փորձառության, Երևանի պետական համալսարանի ընձեռած այս հնարավորության կարևորության մասին՝ իր դիտանկյունից ներկայացնելով երկու համալսարանների առանձնահատկությունները։
Ուսումնառության մասին
Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում մասնակցել եմ փիլիսոփայության, սոցիալական ու տնտեսական գիտությունների ֆակուլտետների ուսումնական վեց դասընթացների։ Փիլիսոփայության ֆակուլտետի պատմության և հնագիտության բաժնում ուսումնասիրել եմ «Արևելյան հարցի պատմություն» դասընթացը, որի մի մասն է կազմում նաև Հայկական հարցը։ Այս դասընթացի շրջանակում առանձնակի կարևորվում էր Փոքր Ասիայում, Կապադովկիայում և Պոնտոսում ապրող հույն բնակչության հարցը Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում։ Դասընթացի ամփոփիչ աշխատանքում ներկայացրել եմ հայերի և հույների ազգային նմանությունները և տարբերությունները։ Ինչ վերաբերում է նմանություններին՝ Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա երկու ժողովուրդներն էլ ապստամբել են և դիմադրել։ Երկու ժողովուրդների պատմությունները տարբերվում են նրանով, որ ապստամբությունների ժամանակ Մեծ տերություններն աջակցել են հույն ապստամբներին, ինչը չենք կարող ասել հայերի պարագայում։
Հատկանշական է, որ հայ-հունական ամուր համագործակցություն է հաստատվել Առաջին համաշխարհային պատերազմից հետո` Հայաստանի առաջին հանրապետության տարիներին․ գործակցությունը սկսվել է Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի նախաձեռնությամբ։
«Սլավոնական պատմություն» դասընթացի շրջանակում ուսումնասիրել ենք Կենտրոնական Եվրոպայում և Բալկաններում սլավոնների վերաբնակեցման, Կիևյան Ռուսիայի, Լեհաստանի, Մորավիայի, բուլղարական և սերբական թագավորությունների պատմության հարցերը։
«Մշակույթը և քաղաքականությունը Բալկաններում ազգագրական դիտանկյունից» դասընթացի շրջանակում ուսումնասիրել ենք Բալկանները՝ որպես ինքնուրույն մշակութային պատմաշխարհագրական միավոր, քննարկել ենք Բալկանների՝ որպես ծայրահեղ ազգայնականության, անվերջ պատերազմների տարածաշրջանի հարցը, ինչպես նաև բացասական կարծրատիպերի ստեղծման նախապայմաններն ու պատմությունը։
«Հյուսիսային Հունաստանի (Մակեդոնիա, Էպիրոս և Թրակիա) պերիֆերիաների պատմություն և հնագիտություն․ հին շրջանից մինչև մեր օրերը» դասընթացն անցել է պրակտիկայի տեսքով։ Այցելել ենք Սալոնիկի Սուրբ Սոֆիա տաճար, հնագիտական թանգարան, պատկերասրահ և պատմամշակութային այլ կենտրոններ, մասնակցել ենք Հունաստանի պատմությանը և մշակութային առանձնահատկություններին առնչվող թեմայով ինտերակտիվ դասերի։
«Կրոն և քաղաքագիտություն» դասընթացի շրջանակում հետազոտել ենք կրոնի դերը արդի աշխարհում, օրինակ՝ ինչպես են ֆրանսիական հեղափոխականները փոխել պետություն-եկեղեցի հարաբերությունների մոդելը, ինչ է սեկուլյարիզմը և շատ այլ հարցեր։
Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում օտարերկրյա ուսանողներին ընձեռվող հնարավորությունների մասին
Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանը օտարերկրացիներին անգլերենով, ֆրանսերենով և գերմաներենով ուսում ստանալու հնարավորություն է տալիս։ Համալսարանում գործում է նաև հունարենի կենտրոն, որտեղ օտարերկրացիներին հնարավորություն է ընձեռվում սովորելու հին և նոր հունարեն։ Կենտրոնում մասնակցել եմ հունարենի B1 մակարդակի մեկամսյա ինտենսիվ դասընթացին։
Շատ ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանում ևս առկա է նմանօրինակ հնարավորություն օտարերկրյա ուսանողների համար․ ԵՊՀ նախապատրաստական դասընթացների բաժինը հայերենին չտիրապետող քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում կրթական ընդհանուր ծրագրերի շրջանակում գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ՝ սովորել հայերեն կամ կատարելագործել հայոց լեզվի իմացությունը:
Կրթությունն արտերկրում շարունակելու առավելությունները
ԵՊՀ-ն, հնարավորություն ընձեռելով ուսանողներին կրթությունը շարունակելու արտերկրում, նպաստում է նրանց աշխարհայացքի ընդլայնմանը։
Արտերկրում սովորելիս հանդիպում ենք մշակութային տարբեր արժեքներ ունեցող մարդկանց։ Նրանց հետ շփվելով՝ ձեռք ենք բերում նոր գիտելիքներ և համագործակցելու հմտություններ, որոնք հետագայում կարելի է կիրառել համատեղ ծրագրերի շուրջ աշխատելիս։
Ուսումնառության ընթացքում խրախուսվում է կարծիքների բազմազանությունը, և պատմական շատ հարցերի շուրջ հանդիպում ենք նոր մոտեցումների։ Ծանոթանալով տարբեր մարդկանց յուրօրինակ մոտեցումներին և ընդլայնելով տվյալ հարցի շուրջ ունեցած աշխարհայացքը՝ հետագա հետազոտությունների շրջանակում կարելի է կիրառել դրանք և արձանագրել հետազոտական նոր արդյունքներ։