- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ դոցենտի հետազոտության առանցքում են սննդարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական խնդիրները
Հոկտեմբեր 02, 2024 | 15:15
Կրթություն
Հետազոտություն
ԵՊՀ դոցենտի հետազոտության առանցքում են սննդարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական խնդիրները
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը շրջանաձև տնտեսության համատեքստում ուսումնասիրել է վերջին տարիներին սննդարդյունաբերության ոլորտում հանդիպող բնապահպանական լուրջ խնդիրները՝ բացահայտելով դրանց լուծման հնարավոր ուղիներ և ներկայացնելով առաջարկներ: Կատարված հետազոտության արդյունքներն ամփոփվել են գիտական հոդվածում, որը հրապարակվել է հեղինակավոր «International Journal of Sustainable Development & World Ecology» (Scopus Q1) ամսագրում։
«Պարենային համակարգերում շրջանաձև բիզնես մոդելների խոչընդոտների հիերարխիան և գործոնների պատճառահետևանքային կապերը Fuzzy-DEMATEL մեթոդաբանությամբ՝ Բրանդեբուրգում բիզնես դեպքերի ուսումնասիրության հիման վրա» («Hierarchy and cause–effect relationship of barriers to circular business models in food systems: a Fuzzy-DEMATEL analysis in the Berlin-Brandenburg area in Germany») խորագրով հոդվածի արդիականության, ընտրված թեմայի, հետազոտության կարևորության և այլ թեմաների շուրջ զրուցել ենք ԵՊՀ դասախոս Վարդան Ալեքսանյանի հետ:
- Ո՞րն է հոդվածի արդիականությունը:
- Ներկայում սննդարդյունաբերության ոլորտում առկա են բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը պահանջում է մշակել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և տնտեսության նոր կառուցակարգեր: Շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառումը և նոր բիզնես մոդելների ներդրումը կարող են զգալիորեն նպաստել առավել կայուն սննդի համակարգերի զարգացմանը: Այս մոտեցումները նպատակ ունեն հաղթահարելու գծային տնտեսական մոդելի հիմնական խնդիրները, ինչպիսիք են սննդի ավելորդ կորուստն ու վատնումը, ռեսուրսների սպառումը և շուկայի անկայունությունը: Այնուամենայնիվ, սննդարդյունաբերության ոլորտում շրջանաձև բիզնես մոդելների ներդրման ճանապարհին հանդիպում են մի շարք խոչընդոտներ:
- Որքանո՞վ է կարևոր թեմայի ընտրությունը:
- Շրջանաձև տնտեսության գաղափարը՝ որպես ավանդական գծային տնտեսության կայուն այլընտրանք, լայն ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում: Այն նպատակ ունի նվազեցնելու աղբի առաջացումը, արդյունավետ օգտագործելու ռեսուրսները և ստեղծելու փակ շղթաներ՝ վերականգնելով նյութերը և էներգիան: Հայաստանում շրջանաձև բիզնես մոդելների զարգացումը նախնական փուլում է, սակայն արդեն նկատվում են որոշ կարևոր քայլեր և նախաձեռնություններ՝ ուղղված այս գաղափարի իրագործմանը: Շրջանաձև բիզնես մոդելների զարգացման համար Հայաստանում առկա են մի շարք հնարավորություններ՝ նոր աշխատատեղերի ստեղծում և տնտեսական աճ, բնական ռեսուրսների խնայողություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, միջազգային համագործակցությունների և ներդրումների ընդլայնում:
Հոդվածում ներկայացված են շրջանաձև բիզնես մոդելների ներդրման հիմնական խոչընդոտները, որոնց հաղթահարումը ՀՀ սննդարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության միջոցով խիստ կարևոր է։ Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել ինչպես մասնավոր կառույցների կողմից՝ համապատասխան ռազմավարությունների մշակման համար, այնպես էլ պետական քաղաքականության ուղղություններ մշակելիս։
Նշեմ, որ հոդվածը տպագրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասպիրանտ Դավիթ Մարկոսյանի և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դոկտոր Ֆիլիպպ Գրունդմաննի հետ համահեղինակությամբ։
- Ի՞նչ մեթոդներ եք կիրառել հետազոտություն կատարելիս:
- Հոդվածում կիրառվել է «Fuzzy Decision-Making Trial and Evaluation Laboratory-DEMATEL» մոդելը, որն օգնում է բարդ համակարգերում կատարելու գործոնային փոխադարձ ազդեցությունների վերլուծություն։ Այս մեթոդը կիրառվել է խոչընդոտների ազդեցության ուժգնությունը, ինչպես նաև դրանց միջև պատճառահետևանքային կապերը բացահայտելու համար։ Հետազոտությունը կատարվել է դեպքերի ուսումնասիրության և փորձագետների գնահատումների հիման վրա։ Թեպետ մոդելը կիրառվել է շրջանաձև տնտեսության վերաբերյալ հետազոտական բազմաթիվ աշխատանքներում, սակայն սննդարդյունաբերության ոլորտում նման աշխատանքների քանակը խիստ սահմանափակ է։ Հատկանշական է, որ ՀՀ սննդարդյունաբերության ոլորտի համապատասխան հետազոտություն կատարելիս տվյալ մեթոդը մենք կիրառել ենք առաջին անգամ։
- Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել հետազոտության ավարտին:
- Հետազոտության արդյունքում բացահայտվել են վերոնշյալ խոչընդոտների հիերարխիկ կառուցվածքը և դրանց պատճառահետևանքային կապերը՝ օգտագործելով ոչ պարզորոշ բազմաչափ որոշումների կայացման (Fuzzy DEMATEL) մոդելը: Հիմնական խոչընդոտներ են արտադրանքի անկայուն ձևավորումը, թափոնների կառավարման ենթակառուցվածքների բացակայությունը, ռեսուրսների անբավարար քանակն ու որակը, ինչպես նաև մատակարարման շղթայում համագործակցության պակասը: Բացահայտվել են նաև չորս հիմնական պատճառներ և չորս հետևանքային խոչընդոտներ, որոնք առնչվում են շուկայի զարգացման, ֆինանսական, տեխնոլոգիական մատչելիության, գիտելիքների կառավարման և ինստիտուցիոնալ ոլորտներին: Քաղաքական խթանների բացակայությունը, դրանց ոչ պատշաճ գնահատումն ու մշտադիտարկումը համարվում են համակարգի ներդրման հիմնական խոչընդոտներից: Այս հետազոտությունը կարևոր նշանակություն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Գործնականում այն կարող է կիրառվել արտադրական սուբյեկտների և քաղաքականություն մշակողների կողմից՝ նպաստելով նորարարական բիզնես մոդելների միջոցով սննդի շրջանաձև համակարգերի ներդրմանը: Հիմք ընդունելով հետազոտության արդյունքները՝ հոդվածում ներկայացվել են մի շարք առաջարկներ։ Մասնավորապես, անհրաժեշտ ենք համարում գործարարների և շահագրգիռ տարբեր կողմերի հետ համագործակցությունը՝ թափոնների պատշաճ կառավարումն ապահովելու, թափոններից նոր ենթաարտադրանքներ և արժեք ստանալու, ինչպես նաև ռեսուրսների օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու համար: Բացի դրանից՝ քաղաքականություն մշակող օղակները պետք է հանձն առնեն կառավարման արդյունավետ կառուցակարգեր մշակելու գործը, ինչը ոչ միայն կնպաստի բնապահպանական խնդիրների մեղմացմանը, այլև հաշվի կառնվի կազմակերպությունների, սպառողների և շահագրգիռ այլ կողմերի պահանջները:
- Արդյո՞ք հոդվածը լրացնում է այն բացը, որն առկա է ոլորտի վերաբերյալ հետազոտություններում:
- Միանշանա՛կ։ Հոդվածում ներկայացված մեթոդաբանությունը երբևէ չի կիրառվել ոչ միայն ՀՀ-ում, այլև միջազգային ասպարեզում։ Հետազոտություն կատարելիս կիրառվել են և՛ քանակական, և՛ որակական մեթոդներ, որոնք է՛լ ավելի մեծ գիտական արժեք են հաղորդում գիտական հոդվածին։
- Պարո՛ն Ալեքսանյան, առաջիկայում նախատեսո՞ւմ եք նոր հոդվածներ հրապարակել:
- Այս hոդվածը ընթացիկ տարում տպագրված երկրորդ գիտական աշխատանքն է, մյուսը հրապարակվել է «Scopus Q3» վարկանիշ ունեցող ամսագրում։ Գիտնականը, որը զբաղվում է գիտական ակտիվ գործունեությամբ, երբեք կանգ չի առնում և մշտապես աշխատում է գիտական նոր նախագծերի շուրջ։