- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ի և Նորվեգիայի Ստավանգերի համալսարանի միջև համագործակցությունը՝ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն
Սեպտեմբեր 26, 2024 | 16:52
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ի և Նորվեգիայի Ստավանգերի համալսարանի միջև համագործակցությունը՝ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն
«Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրով Երևանի պետական համալսարանի և Ստավանգերի համալսարանի (Նորվեգիա) միջև կնքված պայմանագրի շրջանակում 2024-2025 ուստարվա սկզբին Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով հյուրընկալվեցին Ստավանգերի համալսարանում։

Այցի շրջանակում Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Արտակ Խաչատրյանը, Մարինե Յարմալոյանը և Լիանա Մկրտչյանը «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի ուսանողներին ներկայացրին «Սոցիալական աշխատանքի կրթության կազմակերպում», «Բռնի տեղահանվածների հետ սոցիալական աշխատանք», «Կոնֆլիկտների կառավարում» թեմաներով դասախոսություններ, ինչպես նաև անցկացրին սեմինար–քննարկումներ դասախոսական համակազմի հետ։

Ձայնագրվեց նաև համատեղ փոդքասթ Արցախի ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ՝ իրազեկելով մարդու իրավունքների խախտումների և սոցիալական պաշտպանության համակարգի արձագանքի մասին։
ԵՊՀ դասախոսներն այցելեցին մի շարք պետական և հասարակական-սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներ, ուսումնասիրեցին խնամատարության զարգացման և սոցիալական վերականգնման սկանդինավյան մոտեցումները:
Ձեռք բերված գիտելիքը և փորձը կկիրառվեն ԵՊՀ «Սոցիալական աշխատանք» բակալավրի և «Սոցիալական քաղաքականություն և սոցիալական քաղաքականություն» մագիստրատուրայի կրթական ծրագրերի տարբեր դասընթացներում։
Աշխատանքային այցի ավարտին քննարկվեցին հետագա համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի, այդ թվում՝ դասախոսների և ուսանողների փոխանակման, հետազոտական աշխատանքների և գիտական հոդվածների պատրաստման ու հրապարակման հնարավորությունները։