- Գլխավոր
- Նորություններ
- Պարգևատրում, գիտական կոչումների շնորհում և ընթացիկ աշխատանքների կազմակերպում․ տեղի է ունեցել ԳԽ նիստը
Սեպտեմբեր 26, 2024 | 17:30
Գիտություն
Կրթություն
Պարգևատրում, գիտական կոչումների շնորհում և ընթացիկ աշխատանքների կազմակերպում․ տեղի է ունեցել ԳԽ նիստը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԽ հերթական նիստը, որի ժամանակ հաստատվեց ընթացիկ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, շնորհվեցին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ, փոփոխություններ արվեցին մշտական հանձնաժողովների կազմերում, հրատարակության երաշխավորվեցին մի շարք աշխատություններ, քննարկվեցին ընթացիկ հարցեր ու տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներ։
Նախքան նիստի օրակարգին անցնելը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, չխախտելով միջազգային առարկայական օլիմպիադաներում ու հեղինակավոր մրցույթներում պարգևների արժանացած համալսարանականներին պարգևատրելու ավանդույթը, այս անգամ խրախուսական նվերներով պարգևատրեց ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Նանե Անանիկյանին ու Մարիամ Գալստյանին, որոնք մասնակցել են Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադային (IABO)՝ գրավելով բարձր հորիզոնականներ։
Հունիսի 21-23-ին Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին Մարիամ Գալստյանը մասնակցել է հենց տեղում՝ ներկայացնելով իր թեման ու արժանանալով բարձրագույն պարգևի՝ ոսկե մեդալի, իսկ Նանե Անանիկյանը մասնակցել է հեռավար ձևաչափով, կրկին փայլուն ելույթ է ունեցել և արժանացել արծաթե մեդալի։ Աշակերտների հաջողության գործում մեծ ներդրում ունեն ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի օլիմպիական խմբի ղեկավար Սեդա Մարությանն ու կենսաբանության ուսուցիչ Սյուզան Մարությանը։
Այնուհետև Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձավ Ղազախստանում տեղի ունեցած «ICPC World Finals 2024» ծրագրավորման ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլին՝ նշելով, որ այս տարի մրցույթին մասնակցել է 100-ից ավելի երկրների շուրջ 3500 համալսարանների ավելի քան 73 հազար ուսանող․ «Մեր ուսանողներին հաջողվել է հայտնվել եզրափակիչ անցած 142 լավագույն թիմերի շարքում։ Եզրափակչում ուսանողներին առաջադրվել է 12 խնդիր։ Մեր թիմը լուծել է 5 խնդիր՝ լուծած խնդիրների քանակով գրանցելով 5-րդ արդյունքը»։
ԵՊՀ ռեկտորը, որը ՀՀ Կառավարության ներկայացուցիչների հետ եղել է Աստանա մեկնած պատվիրակության կազմում, նաև հավելեց, որ այցելության շրջանակում ծանոթացել են մրցույթի կազմակերպչական աշխատանքներին՝ ակնկալելով, որ առաջիկայում ոլորտի այս ամենաազդեցիկ մրցույթի եզրափակիչը կանցկացվի Հայաստանում։
ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որի վերաբերյալ իրականացվում են քննարկումներ։ Ըստ ռեկտորի՝ ստացված դիտարկումներն ու մեկնաբանություններն ի մի կբերվեն ու կներկայացվեն համապատասխան կառույցին։ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագրի մշակման աշխատանքներին՝ փաստելով, որ այս փուլում ակտիվորեն ընթանում են հանդիպումներ ու քննարկումներ՝ հավաքագրելով կարծիքներ։
Նիստի օրակարգը հաստատելուց հետո ԳԽ-ն հաստատեց 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի նիստերի ժամանակացույցը։ Հաջորդիվ ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց պրոֆեսորի 1 ու դոցենտի 2 գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին ու երաշխավորվել են հանձնաժողովի կողմից:
Գիտական կոչումների շնորհման հայցերը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցերին՝ ԳԽ-ն Մրցութային մշտական հանձնաժողովի կազմում Խաչիկ Աբաջյանի փոխարեն հաստատեց Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող Հայկ Մնացականյանի թեկնածությունը, իսկ Իրավական ակտերի նախագծերի մշակման և փորձաքննության մշտական հանձնաժողովի կազմում Գոհար Ավագյանի փոխարեն՝ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մանանա Դավթյանի թեկնածությունը։
Հաջորդիվ ԵՊՀ ռեկտորը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գեղամ Գևորգյանին «ԵՊՀ պրոֆեսոր-էմերիտուսի» պատվավոր կոչում շնորհելու հարցը, որն ընդունվեց միաձայն։
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ԳԽ-ն հաստատեց «Ռազմավարական հաղորդակցություն» ու «Սոցիալական աշխատանք և քաղաքականություն» մագիստրոսական կրթական նոր ծրագրերի վարձավճարների չափը՝ սահմանելով համապատասխանաբար 850 000 և 700 000 դրամ։
Այնուհետև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց Գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունների հրատարակության երաշխավորելու հարցը, որն ընդունվեց։
Հաջորդիվ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը ԳԽ անդամներին ներկայացրեց Բիզնես ինկուբատորի գործունեությունը, Սոցիալական հետազոտությունների ինովացիոն կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտիչյանը՝ ԵՊՀ-ում իրականացված հետազոտությունների արդյունքները, ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ Արտաշես Խուրշուդյանն էլ հանդես եկավ «Նորարարական կրթական լուծումները հեռաուսուցման համակարգում» խորագրով զեկուցմամբ։
Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ԳԽ-ն հաստատեց գիտական կոչումների շնորհման բոլոր հայցերը: