- Գլխավոր
- Նորություններ
- Աշխարհաքաղաքական զարգացումները՝ ակադեմիական համայնքի գիտական վերլուծություններում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 11, 2024 | 15:30
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Քաղաքականություն
Աշխարհաքաղաքական զարգացումները՝ ակադեմիական համայնքի գիտական վերլուծություններում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում անցկացվեց «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցեցին գիտնականներ 10 երկրներից։ Բանախոսներն անդրադարձան միջազգային իրավունքին, դիվանագիտությանը, պատերազմներին, միգրացիային և միջազգային հարաբերություններին վերաբերող կարևոր այլ հիմնահարցերի։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ընդգծեց, որ վերջին շրջանում hամալսարանում հյուրընկալվում են տարբեր երկրներից գիտնականներ, անցկացվում են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, որոնց արդյունավետությունը նկատելի է։
Գիտաժողովի նշանակությունը կարևորելով աշխարհաքաղաքական արդի փոփոխությունների համատեքստում՝ ԵՊՀ ռեկտորը նշեց․ «Ամեն օր ականատես ենք լինում պատերազմների, կոնֆլիկտների, խնդիրների և մարտահրավերների ամբողջ աշխարհում և երբեմն մտածում ենք, որ այս խնդիրներն ուղղակիորեն չեն անդրադառնա մեր երկրի վրա։ Դիտարկելով 2020 թ. և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները՝ հասկանալի է, որ աշխարհի որևէ անկյունում տեղի ունեցող փոփոխություն ազդում է ամբողջ աշխարհի վրա։ Որպես ակադեմիական համայնք՝ մենք պատրաստակամ ենք հետազոտելու, վերլուծելու այս խնդիրները, արդյունքներն արտացոլելու գիտական հոդվածներում՝ օգնելով քաղաքականություն մշակողներին ավելի խելամիտ որոշումներ կայացնելու»։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, խոսելով գիտաժողովի խորագրից, նշեց, որ թեման ընտրվել է՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում և ողջ Եվրասիայում ընթացող հիմնարար վերափոխությունները. «Գիտաժողովը շարունակական բնույթ է կրելու։ Ամեն տարի մենք ընտրելու ենք միջազգային կարևորություն ունեցող մեկ թեմա, որի շրջանակում աշխարհի տարբեր կողմերից ժամանած գիտնականների հետ քննարկելու ենք այնպիսի հարցեր, որոնք ընդհանուր կարևորության են»։
Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը ներկայացրեց «Համաշխարհային պատերազմները՝ որպես սոցիալական մեխանիզմ, ժամանակակից համաշխարհային համակարգում (1550-2023)» վերտառությամբ իր աշխատությունը։
Նա նշեց, որ ներկայում իր ուսումնասիրության առանցքում բրոնզի դարն է, որովհետև աշխարհաքաղաքականությունը դեռ այն ժամանակ էր ծագել. «Այդ ժամանակաշրջանում մարդկանց զբաղմունքներից էր միմյանցից շատ հեռու գտնվող տարածքների միջև առևտուր անելը։ Առևտուրը կազմակերպելու ընթացքում որոշակի հարցերի շուրջ բանակցելու, անհրաժեշտ վերջնակետի հասցնելու, ապահովելու գործընթացի արդյունքում ստեղծվեցին պետություններ, դիվանագիտություն»։
Նշենք, որ գիտաժողովին մասնակցելու էին եկել գիտնականներ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հարավային Կովկասից։
Մանրամասները՝ տեսանյութում։