- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 25 տարեկան է
Հոկտեմբեր 17, 2024 | 15:24
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 25 տարեկան է
Հայ մամուլի օրը` հոկտեմբերի 16-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նշեց հիմնադրման 25-ամյակը և հայերեն առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարար»-ի 230-ամյակը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Միքայել Հովհաննիսյանը, Բորնմութ համալսարանի լրագրության և գլոբալ նարատիվների պրոֆեսոր Քերըն Ֆոուլեր-Վաթը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը շնորհավորեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և մաղթեց նորանոր ձեռքբերումներ: Պրոռեկտորն անդրադարձավ ֆակուլտետի արձանագրած հաջողություններին և նշեց, որ դրանք լավ հիմք են առաջ շարժվելու և միշտ պահանջված ու մրցունակ լինելու համար։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, արժևորելով ֆակուլտետի 25-ամյա ճանապարհին ունեցած ձեռքբերումները, նշեց․ «Այսօր 25-ը ճանապարհելիս և 26-ի մեկնարկին արձանագրենք. Երևանի պետական համալսարանի ղեկավարության նախանձախնդիր աջակցությամբ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և «BBC Media Action»-ի հետ գործընկերությամբ նորովի են կահավորվում ֆակուլտետի հեռուստա և ռադիոստուդիաները, ամրապնդվում է բուհ-աշխատաշուկա արդյունավետ գործակցությունը։ Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների աննախադեպ փոխակերպումները, արհեստական բանականության՝ օր օրի մատչելի դարձող գործիքներն աշխատանքի նոր բովանդակություն և ոճ են թելադրում, որպեսզի լինենք նույնքան մրցունակ ու պահանջված նաև վաղը»։
Դեկանը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքներից՝ ընդգծելով․ «Անցած 25 տարիները տարբեր էին միմյանցից, և լավ է, որ այդպես է… Ֆակուլտետը միշտ շարժվել է առաջ, ինչպես ընդունված է ասել՝ առանց «արահետից կախվածության»»:
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանն իր խոսքում շեշտեց. «Վստահ եմ՝ մերօրյա մամուլի դիմագիծը կերտողները և մասնավորապես ԵՊՀ 25-ամյա ժուռնալիստիկայի ֆակուլտետը այսուհետ ևս հավատարիմ կմնան ազգային ինքնության պահպանման և սերունդների դաստիարակության այն մեծ առաքելությանը, որը հայոց պատմության հոլովույթում որակական նոր փուլ սկզբնավորեց Հարություն Շմավոնյանի «Ազդարար»-ով»:
Բորնմութ համալսարանի լրագրության և գլոբալ նարատիվների պրոֆեսոր Քերըն Ֆոուլեր-Վաթը ողջույնի խոսքում կարևորեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «BBC Media Action»-ի արդյունավետ գործակցությունը՝ նշելով, որ 2025-ի գարնանը նախատեսվում է ֆակուլտետում համատեղ ստեղծել փաստերի ստուգման լաբորատորիա:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները՝ ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունը: