- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի ակադեմիական կառույցների հետ
Հոկտեմբեր 22, 2024 | 12:26
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի ակադեմիական կառույցների հետ
Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի հրավերով ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը աշխատանքային այցով եղել են Չինաստանում, որտեղ ունեցել են մի շարք հանդիպումներ՝ ուղղված ԵՊՀ-ի և չինացի գործընկերների միջև առկա համագործակցության խորացմանն ու նոր կապերի ամրապնդմանը։
ԵՊՀ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի։ Այդ գործակցության շրջանակում կազմակերպվել են համատեղ մի շարք միջոցառումներ, նախաձեռնվել և իրագործվել է ԵՊՀ-ում Չինագիտության կենտրոնի ստեղծումը, որը գործում է Արևելագիտության ֆակուլտետում։
Այցելության առաջնային նպատակը եղել է չինացի գործընկերների հետ կենտրոնի գործունեության խնդիրների քննարկումը, ինչպես նաև գործակցային աշխատանքների պլանավորումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով։
Աշխատանքային այցի շրջանակում Հ․ Հովհաննիսյանը և Ալ․ Մարգարովը հանդիպել են նաև Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի տնօրենի հետ, քննարկել փոխգործակցության հնարավորություններ, այդ թվում՝ ԵՊՀ-ում կենտրոնի ստեղծման գաղափարը, որի աշխատանքները կարող են համակարգվել արդեն իսկ գործող Չինագիտության կենտրոնի կողմից։ Բացի դրանից՝ ուսումնասիրվել են համատեղ գիտաժողովի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները, որի շրջանակում կքննարկվեն հարցեր՝ կապված Չինաստանի արդիականացման, գլոբալ գործընթացների վրա դրա ազդեցության, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում կամ երկրներում գործընթացի համեմատական վերլուծության հետ և, իհարկե, Հայաստանի արդիականացման հիմնախնդիրների, չինական փորձի հնարավոր ձեռքբերման, կիրառման և այլ հիմնահարցերի հետ։
Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ հետազոտողների համար իրենց ակադեմիայում եռամսյա կամ վեցամսյա վերապատրաստում անցկացնելու և հետազոտական գործունեության հնարավորություններ տրամադրելու մասին, ինչը կնպաստի նոր մոտեցումների, մեթոդների և հետազոտական գործիքների յուրացմանն ու գործընկերային կապերի ընդլայնմանը։ Որպես այս ծրագրի շարունակություն հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համատեղ հրապարակումների հնարավորությունը, իսկ որպես համագործակցության իրավական ամրագրում՝ հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը։
Ի դեպ, ԵՊՀ ռեկտորը հրավիրվել է հաջորդ տարի ակադեմիայի կողմից կազմակերպվող գիտաժողովին՝ որպես հիմնական բանախոս ելույթ ունենալու։
Չինաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի (China Institute of International Studies) ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային խնդիրներին։ Ինստիտուտը Չինաստանի ԱԳՆ-ին տրամադրում է տարբեր տարածաշրջանների արդիական խնդիրներին առնչվող փորձագիտական վերլուծություններ։
Տեղի ունեցած այլ հանդիպումներն ու այցելությունները նպաստելու են ԵՊՀ միջազգայնացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։