- Գլխավոր
- Նորություններ
- Երիտասարդների դերը Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում․ դասախոսություն ԵՊՀ պատմության թանգարանում
Հոկտեմբեր 24, 2024 | 15:30
Թանգարան
Հասարակություն
Միջոցառումներ
Երիտասարդների դերը Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացներում․ դասախոսություն ԵՊՀ պատմության թանգարանում
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Քաղաքը և քաղաքականությունը 1970-1980-ականների Հայաստանում» խորագրով դասախոսություն, որի ժամանակ ներկայացվեց Խորհրդային Հայաստանում ապրող երիտասարդների հետաքրքրության շրջանակը, ինչպես նաև նրանց դերակատարումը քաղաքական և հասարակական գործընթացներում։
1970-1980-ականներին Հայաստանում ձևավորված գործընթացները հանգեցրին առօրյա կյանքում խորհրդային միակերպությունից հրաժարվելուն և առհասարակ ժամանցի, հագուստի, արվեստի, կինոյի, երաժշտության, միջանձնային հարաբերությունների, հանրային տարածքների, գենդերային հավասարության և շատ այլ ոլորտներում ազատականացմանը։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, խոսելով խորհրդային ժամանակաշրջանում ազատականացման գործընթացի մասին, ասաց․ «Այդ գործընթացը բավականին դժվար էր, քանի որ Խորհրդային միությունը, որի կազմում էր Հայաստանը, օտարվել էր աշխարհից, և այլ երկրների հետ հաղորդակցվելու ցանկացած փորձ պատժի էր արժանանում»։
Ա․ Թադևոսյանը նշեց նաև, որ Խորհրդային միությունը «մեկ ճշմարտության» երկիր էր, և միայն մեկ մարդ էր որոշում՝ որն է «ճիշտ» արվեստը, գրականությունը, հագուստը, որոնք են բարոյական մոտեցումները։ Ցանկացած մարդ, որի մտածելակերպը տարբերվում էր, ազատազրկվում էր։
Ներկայացնելով ամբողջատիրական համակարգի փլուզումը՝ բանախոսը շեշտեց, որ այն սկիզբ առավ 1950-ական թվականների վերջին՝ Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մահից հետո։
Դասախոսության շրջանակում կարևորվեց այն միտքը, որ Ստալինի մահից հետո առաջին հայացքից անմեղ թվացող փոխակերպումները քաղաքական լուրջ հետևանքներ ունեցան, որոնցից ամենաազդեցիկը առօրյա կյանքի ապախորհրդայնացումն ու բուրժուականացումն էին։
«Բեկումնային էր 1956 թ․ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, երբ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը Ստալինի անձի պաշտամունքին ուղղված քննադատական ելույթով հանդես եկավ»,- ընդգծեց բանախոսը։
Նշենք, որ ԵՊՀ-ի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» նախագծի շրջանակում կատարվել են մի շարք հետազոտություններ, որոնց շուրջ անցկացվել են դասախոսություններ՝ ներկայացվելով հանրությանը։
ԵՊՀ պատմության թանգարանը մի շարք այլ թանգարանների հետ համագործակցությամբ կազմակերպել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված խորհրդային ամբողջատիրության վերափոխմանը։
Դասախոսության ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին թանգարանում՝ ծանոթանալով նաև ժամանակավոր ցուցադրությանը ներկայացված ուշխորհրդային շրջանի ազատական շարժումների բնույթին ու ընթացքին, այդ ժամանակ Հայաստան ներմուծվող երաժշտական ճաշակին, երիտասարդների հագուկապի կտրուկ փոփոխություններին, ինչպես նաև սրճարանային մշակույթի ակտիվացմանը։