- Գլխավոր
- Նորություններ
- Հաջողության բանալին գիտելիքն է․ ԵՊՀ ուսանողները՝ արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորության մասին
Նոյեմբեր 11, 2024 | 16:32
Կրթական ծրագրեր
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հաջողության բանալին գիտելիքն է․ ԵՊՀ ուսանողները՝ արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորության մասին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, օգտվելով համալսարանի ընձեռած հնարավորությունից, իրենց ուսումը շարունակել են արտերկրի բուհերում։ Ըստ նրանց՝ արտերկրի բուհերում ստացած նոր գիտելիքները կօգնեն առավել մրցունակ մասնագետ դառնալուն, ինչպես նաև նոր հորիզոններ կբացեն գիտակրթական ոլորտում հաջողելու համար։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Գասպարյանը մեկ կիսամյակ ուսումը շարունակել է Վիտովտ Մեծի համալսարանի (Լիտվա, Կանուաս) քաղաքագիտության և դիվանագիտության ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրել է 2 օտար լեզու՝ չինարեն և կորեերեն, ինչպես նաև՝ մասնագիտական առարկաներ, այդ թվում՝ «Փոքր պետությունների քաղաքականությունը», «Միջազգային հակամարտությունների վերլուծություն», «Միջազգային հարաբերություններ և կառավարում»։
«Լիտվան, լինելով հետխորհրդային պետություն, բավական զարգացած և առաջադեմ է կրթության կազմակերպման հարցում։ Վիտովտ Մեծի համալսարանում միջավայրն այնպիսին էր, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ ազատորեն հայտնելու սեփական կարծիքը՝ առանց մտածելու ուրիշների արձագանքի մասին։ Բուհի անձնակազմը միշտ պատրաստակամ էր օգնելու ուսանողներին։ Այնտեղ ուսումնասիրած դասընթացներից քաղել եմ շատ գիտելիքներ, սակայն ամենակարևորը թերևս աշխարհի տարբեր երկրներից ուսանողների և դասախոսների հետ իմ ստեղծած ընկերական և մասնագիտական կապերն են»,- ասաց Ռազմիկը։
Նա վստահ է, որ արտերկրում սովորած լինելու փաստը հետագայում հնարավորություն կընձեռի առավելություններ ունենալու աշխատաշուկայում, ինչպես նաև կօգնի շարունակական կրթության հարցում։
Նույն ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Շամրիկյանը մեկ կիսամյակ ուսումը շարունակել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Նա ուսումնասիրել է քաղաքագիտություն, տնտեսագիտություն և գերմաներեն։
Հովհաննեսը նշեց, որ Բեռլինի Հումբոլդտի համալսարանում առարկաների ընտրության հնարավորություն կար, և ուսանողները սովորում էին այն, ինչն իրենց համար հետաքրքիր էր և անհրաժեշտ։
«Վստահ եմ, որ ձեռք բերած գիտելիքներս կկիրառեմ մասնագիտական գործունեության ընթացքում՝ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ոլորտում՝ ինչ-որ ձևով օգտակար լինելով իմ երկրին։ Հույս ունեմ, որ մեր ստացած բազմակողմանի գիտելիքների և ձեռք բերած մասնագիտական հմտությունների շնորհիվ մենք կկարողանանք դրական փոփոխություններ կատարել մեր երկրում․ ի վերջո՝ գիտությունն ու գիտելիքը հաջողության և հաղթանակի գրավականն են»,- մատնանշեց Հովհաննեսը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Դիանա Շանոյանն ավելի քան 4 ամիս ուսանել է Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարանում (Ռումինիա)՝ ուսումնասիրելով մի շարք առարկաներ, այդ թվում՝ «Եվրամիությունը և որոշումների կայացման գործընթացը ԵՄ-ում», «Հանրային քաղաքականություն», «Ազգեր և ազգային փոքրամասնություններ»։
«Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարանում քննության համար պատրաստում էինք ակնարկներ և հոդվածներ այն թեմաներով, որոնք ուսումնասիրում էինք: Սա նպաստում էր, որ ավելի շատ օգտվեինք տարբեր աղբյուրներից և այդպիսով ստանայինք հիմնարար գիտելիքներ: Ինձ համար այս մոտեցումն առավել նախընտրելի է, քան շարադրանքի մեթոդը, քանի որ շարադրելիս մենք նոր բան չենք ստեղծում, այլ վերարտադրում ենք այն, ինչն արդեն իսկ գրված է»,- ընդգծեց Դիանան։
Նրան ամենից շատ հետաքրքրել է «Ազգեր և ազգային փոքրամասնություններ» առարկան․ Դիանան շարունակել է հարստացնել իր գիտելիքներն այդ թեմայի շրջանակում և ներկայում որպես կամավոր ընդգրկված է փախստականների հետ տարվող աշխատանքներում։
«Անչափ հետաքրքիր է ունեցած գիտելիքները հարստացնել գործնականում: Ես արտերկրում զարգացրել եմ նաև ոչ մասնագիտական, այսպես կոչված՝ փափուկ հմտությունները․ ապրելով մենակ՝ ես զարգացրի թե՛ կենցաղավարության, թե՛ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ շփվելու հմտություններս: Տարբեր ազգերի հետ շփումը հնարավորություն է տալիս ավելի մոտ լինելու տարբեր մշակույթներին և, ինչու չէ, վերցնելու լավագույն սովորույթները, որոնք ընդունված են տարբեր մշակույթներում»,- շեշտեց Դիանան:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Լիլիթ Նահապետյանը հնարավորություն է ունեցել 5 ամիս սովորելու Գրայֆսվալդի համալսարանում (Գերմանիա), որտեղ ուսումնասիրել է «English for Political Science C1» առարկան: Նա նշեց, որ Գերմանիայում հիմնականում ուշադրություն էին դարձնում քննադատական մտածողության զարգացմանը․ դասերի ընթացքում հաճախ էին կազմակերպվում քննարկումներ և բանավեճեր, ինչն էլ, ըստ Լիլիթի, նպաստում է ուսանողների քննադատական մտածելակերպի զարգացմանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Սվետա Մանուկյանը ևս 5 ամիս սովորել է Գրայֆսվալդի համալսարանում, ուսումնասիրել «Հանրային քաղաքականության վերլուծություն», «Ժողովրդավարության արդի տեսություններ», «Դաշինքներ և միություններ», «Հակամարտություններ և համագործակցություններ հետխորհրդային տարածքում» առարկաները։
Ըստ Սվետայի՝ Գրայֆսվալդի համալսարանում դասախոսը ուշադրություն չէր դարձնում դասերին ուսանողների ներկայությանը։ Խոսելով այս մասին՝ նա նշեց․ «Դասախոսը ներկա-բացակա չէր անում, այլ պարզապես հաշվի էր առնում վերջնական աշխատանքի արդյունքը։ Ինչ վերաբերում է քննական կարգին՝ որպես քննություն հանձնում էինք հետազոտական աշխատանքներ, որոնք գնահատվում էին բավականին բարձր ցուցիչներով»։
Սվետայի համար մեծապես գնահատելի է դասախոսների անմիջական և ընկերական շփումը ուսանողների հետ։ Նա գտնում է, որ այդպիսով ուսանողն ավելի անկաշկանդ է դառնում և դասախոսից սովորում ավելին։