- Գլխավոր
- Նորություններ
- Էթիկայի և հանրային քաղաքականության արդի հիմնախնդիրները դասընթացի առանցքում
Նոյեմբեր 06, 2024 | 11:26
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Էթիկայի և հանրային քաղաքականության արդի հիմնախնդիրները դասընթացի առանցքում
Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանի (ֆրանկոֆոն) և ԵՊՀ-ի միջև համագործակցությունն արձանագրեց հերթական արդյունքը։ «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետազոտող, պրոֆեսոր Ֆաուստո Կոռվինոն և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանն անցկացրին համատեղ դասընթաց՝ նվիրված հանրային քաղաքականության մշակման բարոյագիտական խնդիրներին ու մեթոդաբանությանը։
«Էթիկա և հանրային քաղաքականություն» խորագրով հնգօրյա համատեղ դասընթացի շրջանակում Պրոֆեսոր Կոռվինոն մասնավորապես ներկայացրեց բարոյագիտական վերլուծության կիրառական և կոնստրուկտիվ մեթոդները՝ ընդգծելով, որ թեև բարոյագետների շրջանում առավել տարածում ունի առաջին մեթոդը, սակայն գործնական խնդիրների լուծման համար առավել նախընտրելի է երկրորդ մեթոդի ընտրությունը։
Համաձայն կիրառական մեթոդի՝ հանրային քաղաքականության որևէ խնդրի քննարկման ժամանակ գերազանցապես կիրառվում է մեկ տեսության նորմատիվ պնդումների մոտեցումը։ Համաձայն կոնստրուկտիվիստական մեթոդի (տվյալ խնդրի համատեքստից և իրավիճակային նրբություններից կախված)՝ կարող են ընտրվել տարբեր բարոյագիտական տեսությունների մեթոդաբանություններ, հաշվի առնվել տվյալ խնդրի կարգավորման գործող նորմերը, հասարակական կարծիքը, տվյալ հասարակությունում առկա ավանդույթները, քաղաքական նպատակահարմարությունը և այլն, ինչը տվյալ խնդրի քննարկումն ավելի բազմատեսանկյուն և գործնական առումով ավելի կիրառական է դարձնում։
Ներածական-մեթոդական մասի ներկայացմանը հաջորդեցին արդեն գործնական-կիրառական խնդիրների քննարկումները։ Դասընթացի շրջանակում բանախոսները դասախոսություններ ներկայացրին աղքատության հաղթահարմանն ուղղված հանրային քաղաքականության մշակման բարոյագիտության, քրեական արդարադատության բարոյագիտության, հարկային քաղաքականության բարոյագիտության, բարոյագիտական երկընտրանքների և այլ արդիական թեմաների վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն դարձվեց պատերազմական իրավիճակներում ծագող բարոյական երկընտրանքների հնարավոր լուծումներին։
Լևոն Բաբաջանյանն ընդգծեց, որ ուսանողների համար կարևոր են այս խնդիրների քննարկումները, ծանոթ լինելը հանրային քաղաքականության բարոյագիտական խնդիրների ձևակերպման, բարոյագիտական մեթոդաբանության կիրառման և խնդիրների լուծման մոտեցումներին, ինչը ապագայում ամուր հիմք կլինի տվյալ ոլորտում նրանց մասնագիտական գործունեության տեսանկյունից։
«Առանձնապես կարևոր է, որ միջազգային միջհամալսարանական միջոցառումների միջոցով ԵՊՀ ուսանողները ծանոթանան այլ երկրների, հասարակությունների հանրային քաղաքական խնդիրներին, հասկանան հանրությունների առջև ծառացած խնդիրների ընդհանրությունները, հաղորդակից լինեն դրանց լուծման վերաբերյալ բարոյագիտական-ակադեմիական այլ մոտեցումներին»,- նշեց Լ․ Բաբաջանյանը։
Իր հերթին պրոֆեսոր Կոռվինոն շեշտեց, որ ԵՊՀ-ում անցկացված «Էթիկա և հանրային քաղաքականություն» դասընթացն իրեն հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ, այլև ընդհանրապես Հայաստանի կյանքին՝ հասարակությանը, մշակույթին և քաղաքական մարտահրավերներին։ Նա հույս հայտնեց, որ Լյուվենի կաթոլիկ համալսարանի և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակում հետագայում նույնպես կստեղծվի Հայաստան այցելելու և ԵՊՀ-ում նմանօրինակ միջոցառումներ անցկացնելու հնարավորություն։