- Գլխավոր
- Նորություններ
- Բացվեց անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը
Նոյեմբեր 05, 2024 | 16:05
Բացվեց անվանի ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը
Գնահատելով երջանկահիշատակ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի ունեցած ավանդը գիտության ոլորտում՝ ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ-ի և Երևանի քաղաքապետարանի ջանքերով բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաքար։ Աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը եղել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
Դ․ Սեդրակյանը հեղինակել է 250-ից ավելի գիտական աշխատանքներ, իսկ նրա ասպիրանտները ներկայում գիտակրթական գործունեություն են ծավալում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում և Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում:
Ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը, խոսելով Դավիթ Սեդրակյանի հետազոտություններից, ընդգծեց, որ նա ուսումնասիրում էր ֆիզիկայում հիմնարար նշանակություն ունեցող նեյտրոնային աստղերը, նրանց ներսում գերհոսելիությունը, նրանց գերհաղորդականությունը:
«Նա եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի դպրոցի սանը, որտեղ մի շարք գիտնականների հետ կատարում էին ուսումնասիրություններ՝ հիմնավորելու Վիկտոր Համբարձումյանի վարկածը: Ըստ այդ վարկածի՝ տիեզերքում կառուցվածքներն առաջացել են գերխիտ նյութի պայթյուններից: Դա հաստատելու համար կարևոր էր ուսումնասիրել գերխիտ նյութի կազմավորումները, որոնց առավել վառ ներկայացուցիչները մոտ 15 կմ շառավիղ ունեցող նեյտրոնային աստղերն են: Այսինքն՝ այդ աստղերը մեծ ատոմական միջուկ են, արագ պտտվում են՝ ի տարբերություն սովորական աստղերի: Դավիթ Սեդրակյանը հետազոտում էր այդ աստղերից եկող ճառագայթը, թե ինչպես է այն ձևավորվում, ինչ ապագա է սպասվում»,- ասաց Արամ Սահարյանն ու հավելեց, որ Դավիթ Սեդրակյանը ակտիվ էր նաև քաղաքական հարցերում և իշխանությունների կազմակերպած քննարկումներում, արտահայտում էր իր դիրքորոշումը։
Հայտնի ակադեմիկոսի հուշաքարը տեղադրվել է իր նախկին տան շքամուտքում՝ Հանրապետության փողոց, 82բ հասցեում: Հուշաքարի բացմանը ներկա էին նաև ԵՊՀ պրոֆեսորներ, այդ թվում՝ Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը:
Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը մահացել է 2019 թ.։