- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 20-ամյակը
Նոյեմբեր 14, 2024 | 17:30
Գիտություն
Միջոցառումներ
Ուսանողական
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը նշում է հիմնադրման 20-ամյակը
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ Այդ առիթով համալսարանում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում՝ ամփոփելու ֆակուլտետի անցած ուղին։
Հոբելյանական միջոցառմանը, որին մասնակցում էին կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ներկայացվեց ֆակուլտետի ներդրումը գիտակրթական ոլորտում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, լինելով ֆակուլտետի շրջանավարտ, ընդգծեց ֆակուլտետի՝ որպես առաջատար կենտրոնի դերակատարումը հասարակության սոցիալական խնդիրների ուսումնասիրության և լուծման հարցում։ Նախարարը հիշեց իր ուսանողական տարիները՝ նշելով, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետում ստացած կրթության շնորհիվ ձևավորվել են իր մասնագիտական ուղին ու աշխարհայացքը։ Նա շեշտեց նաև, որ ֆակուլտետի հաջողությունը մեծապես պայմանավորված է դասախոսների և ուսանողների նվիրվածությամբ․ հենց նրանք են սոցիոլոգիական գիտության առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը՝ իրենց աշխատանքով և նվիրումով նպաստելով ֆակուլտետի զարգացմանն ու հասարակական կարևոր խնդիրների ուսումնասիրությանը։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանն անդրադարձավ ֆակուլտետի անցած ուղուն՝ շեշտադրելով կրթության որակական աճն ու նորարարական ծրագրերը, որոնք զարգացնում են սոցիոլոգիա գիտությունը համալսարանում։
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն իր երախտագիտությունը հայտնեց ուսանողներին և նախկին շրջանավարտներին իրենց նվիրվածության և ուսումնագիտական գործունեության համար։ Նա ընդգծեց, որ այս միջոցառումը հիանալի առիթ է՝ գնահատելու ֆակուլտետի անցած ճանապարհը և ուրվագծելու նոր հեռանկարներ։ Ա․ Մկրտիչյանը ներկայացրեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնական ձեռքբերումները, որոնց թվում մատնանշեց մագիստրոսական ծրագրերի ներդրումը և միջազգային ծրագրերին մասնակցությունը, մասնավորապես՝ «Tempus» և «Unimig» դրամաշնորհային ծրագրերում ունեցած հաջողությունները։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավար, սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը անդրադարձավ ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որը շարունակվում է արդեն մի քանի օր: Նա նշեց, որ այս միջոցառումները կարևոր են թե՛ ուսանողների, թե՛ առհասարակ հանրության համար՝ ֆակուլտետի ձեռքբերումները ներկայացնելու և սոցիոլոգիայի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու տեսանկյունից:
Այս միջոցառումների շարքը հրաշալի հնարավորություն էր՝ նպաստելու սոցիոլոգիայի դերի վերաբերյալ հասարակական գիտակցության բարձրացմանը՝ բացահայտելով, թե ինչպես կարող են սոցիալական հետազոտություններն ու վերլուծությունները կիրառվել ժամանակակից խնդիրների լուծման գործում: Այսօրինակ միջոցառումները նաև կարևոր հարթակ են ուսանողների և մասնագետների միջև փորձի փոխանակման համար՝ խթանելով ոլորտի գիտական առաջընթացը և կիրառական գիտելիքների ձևավորումը։
Հոբելյանական միջոցառման շրջանակում գիտահետազոտական նվաճումների, ակադեմիական հաջողությունների և ֆակուլտետի զարգացմանն ուղղված աշխատանքների համար ուսանողներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ֆակուլտետի աջակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և մրցանակներ։
Միջոցառումն ամփոփվեց մշակութային ծրագրով, որի շրջանակում հնչեցին ազգային երգեր և ներկայացվեցին պարային համարներ՝ ԵՊՀ ուսանողների կատարմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։