- Գլխավոր
- Նորություններ
- Նոր մեթոդների կիրառումը՝ մշակաբույսերի դիմադրողականության բարձրացման նախապայման
Դեկտեմբեր 27, 2024 | 10:35
Գիտություն
Հետազոտություն
Նոր մեթոդների կիրառումը՝ մշակաբույսերի դիմադրողականության բարձրացման նախապայման
ՀՀ հողերի աղակալումը, երաշտը բացասաբար են անդրադառնում մշակաբույսերի, մասնավորապես ցորենի, գարու, ձիթենու աճի վրա, մինչդեռ գյուղատնտեսական ավանդական մեթոդներն անարդյունավետ են բնապահպանական այս մարտահրավերներին դիմակայելու համար: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանի ուսումնասիրության տիրույթում մշակաբույսերի դիմացկունությունը բարձրացնելու այլընտրանքային ուղիներն են:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանի հեղինակած «Ցորենի, գարու և ձիթենու «GreenTech» մշակում. դրանց դիմադրողականությունը աղիության և երաշտի նկատմամբ՝ կենսածին նանոմասնիկների և կենսաածուխի համակցված կիրառման պայմաններում» վերտառությամբ գիտական նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռանկարային ուղղություններով հետազոտական նախագծեր-2024» մրցույթում ֆինանսավորման է արժանացել:
Նախագծի հիմնական նպատակն է բարձրացնել ցորենի, գարու և ձիթենու դիմացկունությունն աղիության և երաշտի նկատմամբ, ինչպես նաև կարգավորել գյուղատնտեսական թափոնների կառավարումը:
Կարեն Ղազարյանը ներկայացրել է մշակաբույսերի աճը բարելավելու իր մոտեցումն ու կանաչ տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
Կենսածին նանոմասնիկների և կենսաածուխի օգտագործումը՝ մշակաբույսերի դիմացկունությունը բարձրացնելու այլընտրանքային միջոց
Արարատյան դաշտում ցորենի և գարու մշակությունը բախվում է մի շարք մարտահրավերների, ինչպիսիք են աղակալումն ու երաշտը: Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ավանդական մեթոդներն անարդյունավետ են շրջակա միջավայրի այս սթրեսային գործոններին դիմակայելու համար: Այնուամենայնիվ, կենսածին նանոմասնիկների և կենսաածուխի օգտագործումը, որոնք սինթեզվելու են էկոլոգիապես մաքուր մեթոդներով, կարող են խոստումնալից լուծում լինել այս մշակաբույսերի դիմացկունությունը բարձրացնելու տեսանկյունից:
Մեղրու տարածաշրջանում ձիթենու ծառերն աճում են երաշտային, չոր մերձարևադարձային կլիմայական պայմաններում: Կենսածին նանոմասնիկների և կենսաածուխի կիրառումը նորարարական մոտեցում է այս հիմնախնդրի լուծման համար: Հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու ձիթենու հարմարվողական մեխանիզմները երաշտի սթրեսի նկատմամբ և ուսումնասիրելու կենսածին նանոմասնիկների և կենսաածուխի ներուժը ձիթենու մշակության ընթացքում ջրի սակավության ազդեցությունը մեղմելու համար:
Այս հետազոտության նպատակն է Արարատյան դաշտում և Մեղրու տարածաշրջանում բարելավել գյուղատնտեսական աշխատանքների վարման մեթոդները` ներդնելով կանաչ տեխնոլոգիաներ: Որպես «GreenTech» մոտեցում Հայաստանում առաջին անգամ առաջարկվելու է կենսածին նանոմասնիկների և կենսաածուխի կիրառումը։
Գյուղատնտեսական թափոնների վերամշակում
Այս հետազոտության կարևորությունը ոչ միայն կենսաածուխի և կենսածին նանոմասնիկների դրական ազդեցության բացահայտումն է, այլև դրանց սինթեզման համար ջերմատնային թափոնների և այլ գյուղատնտեսական ենթամթերքների արդյունավետ օգտագործումը: Մենք փորձելու ենք գյուղատնտեսական թափոններից երկու ապրանք ստանալ, որոնք կբարելավեն մշակաբույսերի արտադրությունը: Այս ինտեգրված մոտեցումը կնպաստի հողի վիճակի բարելավմանը, իոնային հավասարակշռությանը և օսմոտիկ կարգավորմանը:
Հետազոտությունը կխթանի նաև «կանաչ» գյուղատնտեսությանը միտված կրթության զարգացումը
Խթանելով կայուն գյուղատնտեսությունը՝ այս ուսումնասիրությունը նպատակ ունի Հայաստանի տարբեր լանդշաֆտային գոտիներում ապահովելու ցորենի, գարու և ձիթապտղի մշակման տարածքների երկարաժամկետ կայուն օգտագործումը: Հիմնախնդրի վերաբերյալ գիտական հիմք ստեղծելուց զատ՝ ծրագրով փորձ կարվի ներգրավելու տեղական համայնքները, խթանելու «կանաչ» գյուղատնտեսությանը միտված կրթությունը և ազդելու կայուն գյուղատնտեսական պրակտիկաների ընդլայնմանն ուղղված քաղաքական առաջարկների վրա: Ի վերջո՝ այս հետազոտությունը կնպաստի «NanoGreen» գյուղատնտեսության ձևավորմանը՝ աճող բնապահպանական մարտահրավերների պայմաններում խթանելով մշակաբույսերի դիմացկունությունը և ապահովելով պարենային անվտանգությունը:
Հողի բարելավումը, մշակաբույսերի դիմացկունությունը, թափոնների կայուն կառավարումը՝ որպես հետազոտության ակնկալվող արդյունք
Գիտական նախագծի վերջնարդյունքներ են թիրախային շրջաններում հողի աղիության նվազեցում, երաշտի նկատմամբ կայունության բարձրացում, մշակաբույսերի այնպիսի գենոտիպերի առանձնացում, որոնք կունենան աղիության և երաշտի հանդեպ մեծ դիմացկունություն: Մշակաբույսերի վրա կկիրառվեն կենսածին նանոմասնիկներ և կենսաածուխ՝ աղիության և երաշտի ազդեցությունը մեղմելու համար: Ակնկալվում է ունենալ նաև թափոնների կայուն կառավարման եղանակ, այն է՝ ջերմատնային թափոնների և գյուղատնտեսական ենթամթերքների նպատակային կիրառություն՝ կենսածին անոմասնիկների և կենսաածուխի արտադրության համար: Գյուղացիական տնտեսվարողների համար կկազմվի ուղեցույց, որը կներառի գործնական առաջարկներ՝ դիմացկուն մշակաբույսերի ընտրության, կայուն փորձի և թափոնների կառավարման ռազմավարությունների վերաբերյալ: Առաջարկներ կնախապատրաստվեն նաև ոլորտի քաղաքականությունը մշակողների համար: Դրանք խթանելու և զարգացնելու են էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության վարման մեթոդները, այդ թվում՝ ջերմատնային թափոնների կառավարումը: Կցուցաբերվի համապատասխան աջակցություն գյուղատնտեսական կայուն պրակտիկաների տարածման և գյուղատնտեսական թափոնների նվազեցման, ճիշտ կառավարման գործում:
Հետազոտական խմբում ընդգրկված են նաև Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներ Աբհիշեկ Սինխը, Սյուզաննա Եսոյանը, Կենսաբանության ֆակուլտետի դասախոս Գոհար Մարգարյանը, ինչպես նաև Հնդկաստանից հրավիրյալ հետազոտող Սակշի Սինխը:
Նախատեսվում է ծրագրի արդյունքները լուսաբանող առնվազն 10 գիտական հոդվածների լույսընծայում, որոնք կտպագրվեն միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում: