- Գլխավոր
- Նորություններ
- Սուրճի թափոններից դեպի «կանաչ» ապագա․ ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի թափոնների արդյունավետ վերամշակման ուղիները
Հունվար 03, 2025 | 12:00
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Սուրճի թափոններից դեպի «կանաչ» ապագա․ ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի թափոնների արդյունավետ վերամշակման ուղիները
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարվող նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սուրճի թափոնները կարող են դառնալ կենսավառելիքի ստացման հիմք՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը և «կանաչ» տնտեսության զարգացմանը: Հետազոտության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռանկարայի ուղղություններով հետազոտական նախագծեր-2024» մրցույթի շրջանակում ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանի ներկայացրած նախագիծը հաղթող է ճանաչվել՝ երաշխավորվելով ֆինանսավորման։ «Սուրճի թափոններից երկրորդ սերնդի կենսավառելիքի ստացումը կիրառելով բնական և արհեստական մանրէաբանական համակեցություններ՝ ավելի կանաչ ապագայի համար» խորագրով գիտական նախագիծը, որն ուղղված է շրջակա միջավայրի պահպանությանը և «կանաչ» տնտեսության զարգացմանը, մեծ նշանակություն ունի թե՛ գիտության, թե՛ բնապահպանության համար:
Գաղափարի իրագործում
Սուրճի թափոններից կենսավառելիք ստանալու գաղափարը ծնվել է 2018 թ. ստարտափ գաղափարների մրցույթի շրջանակում:
«Այդ ժամանակ մտածեցինք, թե ինչպես կարելի է օգտագործել սուրճի թափոնները, և առաջարկեցինք դրանք կիրառել որպես պարարտանյութ կամ կենսազանգվածի աղբյուր։ Հետագայում թիմը հետազոտության շրջանակում սկսեց դիտարկել սուրճի թափոնների օգտագործումը մանրէներով կենսաջրածին արտադրելու համար»,- պատմեց Կարեն Թռչունյանը:
Նախնական հետազոտությունների ընթացքում թիմը հրապարակեց մի քանի գիտական հոդվածներ, որոնք ամրապնդեցին գաղափարի գիտական հիմնավորումը:
«Մեր նպատակն էր հասկանալ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն վերամշակել սուրճի թափոնները՝ ստեղծելով արժեքավոր արտադրանք»,- նշեց նա:
Բնապահպանական մարտահրավերները
Սուրճի արտադրությունը և սպառումը ամբողջ աշխարհում հանգեցնում են մեծ քանակությամբ թափոնների կուտակման: «Եթե սուրճի արտադրանքը դիտարկենք 100 տոկոսի կտրվածքով, ապա դրա մոտ 95 տոկոսը դառնում է թափոն։ Այս մեծ ծավալը լուրջ մարտահրավեր է, քանի որ թափոնների ոչ պատշաճ կառավարումը վնասում է շրջակա միջավայրին և նպաստում է ածխաթթու գազի արտանետումներին»,- բացատրեց Կ. Թռչունյանը:
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները նպատակ ունեն առաջարկելու շրջանաձև կենսատնտեսության նորարարական մոդել, ըստ որի՝ սուրճի թափոնները ոչ միայն չեն դառնում բնապահպանական խնդիր, այլև վերածվում են այլընտրանքային էներգիա ստանալու արժեքավոր աղբյուրի:
Կենսավառելիքի դերը «կանաչ» տնտեսության մեջ
Կենսավառելիքը՝ որպես մաքուր էներգիայի աղբյուր, նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը և ածխաթթու գազի արտանետումների նվազեցմանը:
Անդրադառնալով նախագծի շրջանակում կատարվող հետազոտության մանրամասներին՝ Կ. Թռչունյանը մատնանշեց. ««Կանաչ» տնտեսության հիմնական սկզբունքներից մեկը անթափոն և շրջանաձև գործընթացների ապահովումն է: Մեր նախագիծը հնարավորություն է տալիս նվազեցնելու սուրճի թափոնների վնասակար ազդեցությունը և միաժամանակ ստեղծելու մաքուր վառելիք՝ ի շահ բնության և մարդկանց»:
Սուրճի թափոնների վերամշակման գործընթացը
Սուրճի թափոնները կենսավառելիքի վերածելու համար ենթարկվում են կենսաքիմիական փոխակերպման: Խոսելով այս գործընթացի մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Մենք օգտագործում ենք միկրոօրգանիզմներ, որոնք սուրճի թափոնները օգտագործում են որպես սննդանյութ։ Այս գործընթացի արդյունքում միկրոօրգանիզմները արտազատում են ջրածին, որը մաքուր էներգիայի աղբյուր է»։
Ջրածնի օգտագործումը, ի տարբերություն նավթի կամ գազի, չի նպաստում ածխաթթու գազի արտանետումներին: Ըստ Կ. Թռչունյանի՝ ջրածնի այրման արդյունքում արտանետվում է միայն ջուր, ինչը այն դարձնում է էկոլոգիապես մաքուր լուծում։
Ապագայի ծրագրերը և հեռանկարները
Նախագծի շրջանակում թիմը նպատակ ունի շարունակելու գիտական հետազոտությունները և դրանց արդյունքները ներկայացնելու միջազգային գիտական հանրությանը:
«Մեր հիմնական նպատակն է հոդվածներ տպագրել, հանրահռչակել հետազոտության արդյունքները և փորձել ընդլայնել հետազոտության մասշտաբները», - ասաց Կ. Թռչունյանը:
Նա հավելեց, որ թիմը նախատեսում է նաև ուսումնասիրել սուրճի թափոնների համատեղումը այլ թափոնների հետ՝ հետագա փորձարկումների և արդյունքների բարելավման համար: Կարեն Թռչունյանը շեշտեց՝ իրենց երկարաժամկետ նպատակն է ստեղծել կիրառական լուծումներ, որոնք կներդրվեն արդյունաբերական տարբեր ոլորտներում և կնպաստեն անցմանը ջրածնային տնտեսության։
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի այս նախագիծը նոր լուծումներ կարող է առաջարկել «կանաչ» տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության համար: