- Գլխավոր
- Նորություններ
- Նախագծեր, նորարարություններ ու նշանակալի ձեռքբերումներ. ԵՊՀ մարքեթինգի բաժինն ամփոփում է տարին
Դեկտեմբեր 30, 2024 | 12:02
Ենթակառուցվածքներ
Նախագծեր, նորարարություններ ու նշանակալի ձեռքբերումներ. ԵՊՀ մարքեթինգի բաժինն ամփոփում է տարին
2024 թվականը ԵՊՀ մարքեթինգի բաժնի համար նշանակալից տարի էր՝ բազում նորություններով, ձեռքբերումներով և մարտահրավերներով: Տարին առանձնացել է մի շարք կարևոր նախագծերով ու միջոցառումներով, որոնք նպաստել են համալսարանի ճանաչելիության աճին, ուսանողների իրազեկվածության բարձրացմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը տարբեր միջոցառումներում: Մեզ հետ զրույցում ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը խոսել է իրականացված ծրագրերի, ձեռքբերումների ու նորարարությունների մասին:
ԵՊՀ բրենդի զարգացում ու առաջխաղացում, սոցիալական ցանցերում ԵՊՀ տեսանելիություն, հանրային դիրքի շարունակական բարելավում, հաղորդակցության ապահովում, համահամալսարանական միջոցառումների կազմակերպում. այս ուղղություններով է ԵՊՀ մարքեթինգի բաժինը ծավալել իր գործունեությունը։
- Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ եք արձանագրել այս տարվա ընթացքում, և որո՞նք էին ամենակարևոր միջոցառումները, որոնց կազմակերպման գործում բաժինն ունեցել է իր ներդրումը։
- Մարքեթինգի բաժինը համալսարանի ճանաչելիության բարձրացման, մասնագիտական ոլորտները, մատուցվող կրթական ծառայությունները, գիտական հետազոտությունները, ուսանողական հաջողությունները, համալսարանի ընձեռած հնարավորությունները ներկայացնելու, դիմորդներին ներգրավելու, համալսարանի գործակցային կապերն ընդլայնելու նպատակով նախաձեռնել և իրականացրել է մի շարք մեծամասշտաբ միջոցառումներ: Ուզում եմ առանձնացնել արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ» էքսպոն, որը սկսել է կազմակերպվել երկու տարի առաջ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ։ Տարածքի քարտեզագրումից մինչև տաղավարների տեղորոշում, ցուցանակների, քարտեզների տեղադրում, բենդերի ընտրություն, մրցույթների տեխնկարագրերի կազմում, տեղեկատվական հարթակում տարված բազմաթիվ աշխատանքներ կատարել է մեր բաժինը։ Միջոցառումն աննախադեպ է եղել նաև այցելության տեսանկյունից։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի այցելուների թիվն ավելի շատ է եղել․ 2023 թվականին՝ շուրջ 10․000 մարդ, 2024 թվականին՝ շուրջ 15.000 մարդ (ժամը 15.00-ի դրությամբ), սակայն, եթե եղանակային պայմանները թույլ տային (ուժեղ անձրև էր տեղում), հնարավոր է ավելի մեծ ցուցանիշ ունենայինք։
Հաջորդ կարևորագույն ծրագիրը ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումն էր, որը ևս ավանդույթ է դարձել։ Եվ, իհարկե, ուզում եմ շեշտել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվող նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված միջոցառումը, որի ձևաչափը տարիների ընթացքում փոխվել է։ Տոնական այդ օրվա ընթացքում ԵՊՀ տարբեր ստորաբաժանումները ներկայացնում են իրենց գործունեությունը, առաջարկվող հնարավորությունները, պատասխանում ուսանողներին հետաքրքրող հարցերին: Միջոցառումը նաև բացառիկ հնարավորություն է առաջինկուրսեցիների համար՝ հանդիպելու և շփվելու համակուրսեցիների ու բարձր կուրսերի ուսանողների, դասախոսների և համալսարանական անձնակազմի հետ։
- Ինչպիսի՞ նորարարություններ ներդրվեցին այս տարի:
- Այս տարի ԵՊՀ մարքեթինգի բաժինը մի շարք նորարարություններ է ներդրել, որոնք նպատակաուղղված էին համալսարանի ներքին հաղորդակցությունն առավել արդյունավետ դարձնելուն։ Համալսարանի ֆակուլտետների հաղորդակցական պատասխանատուների հետ տարվել են մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, այլ միջոցառումներ։ Սա թույլ է տվել ավելի արդյունավետ կազմակերպել տեղեկատվության փոխանակումն ու ներքին հաղորդակցության գործընթացները։ Համագործակցելով Ընդհանուր բաժնի և ԵՊՀ ուսումնական ստորաբաժանումների հետ՝ ստեղծել ենք ԵՊՀ տեղեկատվական կենտրոն, որը նպաստել է ներհամալսարանական տեղեկատվության տարածմանը:
Ներքին հաղորդակցության ապահովմանն ուղղված աշխատանքներից կարևորում եմ նաև տարվա ընթացքում Մարքեթինգի բաժնի marketing@ysu.am էլհասցեից համալսարանական համայնքին (ուսանողներ, աշխատակիցներ) ուղարկված մարքեթինգային նամակները՝ «Email-մարքեթինգը», որոնց միջոցով բաժինը համալսարանական համայնքին իրազեկել է կրթական նոր ծրագրերի, համագործակցությունների և այլ նախագծերի, համալսարանի կողմից ուսանողներին, դասախոսներին ընձեռվող հնարավորությունների և այլ անհրաժեշտ տեղեկությունների մասին։
- Համալսարանի արտաքին հաղորդակցության ապահովման և բարելավման համար ի՞նչ քայլեր են իրականացվել, ինչպիսի՞ արդյունքներ է տվել սոցիալական մեդիայի ռազմավարությունը:
- Համալսարանի արտաքին հաղորդակցության ապահովման և բարելավման համար մի քանի կարևոր քայլեր են իրականացվել, որոնք նպաստել են հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը: Օրինակ՝ ԵՊՀ պաշտոնական կայքէջը, որը դարձել է համալսարանի արտաքին հաղորդակցման հիմնական հարթակը, ապահովում է տեղեկատվության արագ փոխանցումը, ինչպես նաև կապը տարբեր համայնքների՝ ուսանողների, դիմորդների, շրջանավարտների ու տարբեր շահառուների համար։
Ստեղծվել ու հրապարակվել են լուրեր, հարցազրույցներ և բազմաբնույթ այլ նյութեր, այդ թվում՝ ուղիղ եթերներ, վիդեոռեպորտաժներ, պարբերաբար կատարվել են պաշտոնական կայքէջի ստատիկ (և դինամիկ) բովանդակության թարմացումներ, լրացումներ, ապահովել ենք նյութերի ռուսերեն և անգլերեն թարգմանությունները, ինչպես նաև այլ ստորաբաժանումների կողմից ԵՊՀ կայքէջում տեղադրված նյութերի խմբագրումը, դրանց ռուսերեն և անգլերեն թարգմանությունները և հրապարակումները. դրանց քանակն այս տարի 7300 էր։
Աշխատանքներ են կատարվել ինչպես համալսարանի կայքէջի, այնպես էլ սոցիալական մեդիայի (Facebook, Instagram, Linkedin, Youtube) հրապարակումները բովանդակային առումով բազմազան և թիրախային դարձնելու ուղղությամբ: Մոնետիզացվել է Youtube-ի էջը։ Սա ևս մեծ ձեռքբերում է և հետագայում ճիշտ կիրառելու դեպքում եկամուտ կապահովի բաժնի համար։ Այս աշխատանքների արդյունքում արձանագրվել է կայքէջի, սոցիալական մեդիայում ԵՊՀ էջերի հրապարակումների, հետևաբար նաև այցելուների, հետևորդների և դիտումների աճ, ինչը փաստում է համալսարանի հանդեպ հանրային հետաքրքրության և հաղորդակցության մակարդակի բարձրացումը։ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը ֆեյսբուքյան դիտումների թիվը գերազանցել է 1,3 միլիոնը։ Եվ այսպես աշխատելով՝ շարունակաբար արձանագրել ենք բազմաթիվ հաջողություններ, որոնց մասին անվերջ կարելի է պատմել։
- ԵՊՀ բրենդի զարգացման և առաջխաղացման ուղղությամբ կատարված աշխատանքներից ո՞րը կառանձնացնեիք։
- Մարքեթինգի բաժինը շարունակել է ստեղծել բրենդային ապրանքներ, այդ ուղղությամբ կատարել մի շարք կարևոր աշխատանքներ, որոնք նպաստել են համալսարանի հեղինակության բարձրացմանը։ Նվեր-փաթեթներ են ստեղծվել ուսանողների, դասախոսների, հյուրերի համար։ Այդ նպատակով դիզայներական հեղինակային աշխատանքներ են կատարվել և ձեռք են բերվել մի շարք ապրանքատեսակներ, որոնք ոչ միայն նպաստել են համալսարանի բրենդի տեսանելիությանը, այլ նաև դարձել են դրական արձագանքների ձևավորման հիմք։
Նշեմ, որ Մարքեթինգի բաժինը բազմաբնույթ ցուցահանդես-միջոցառումների ժամանակ մշտապես ներկայացրել է համալսարանի բրենդային ապրանքները, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանացել։
2024 թվականը ԵՊՀ մարքեթինգի բաժնի համար դարձավ կարևոր առաջընթացի, ստեղծագործական լուծումների և նորարարությունների տարի: Մասնավորապես՝ տարբեր նախագծերի, սոցցանցերում ԵՊՀ տեսանելիության բարձրացման, ներհամալսարանական հաղորդակցության արդյունավետ կազմակերպման շնորհիվ բաժինը կարևոր դեր ունեցավ:
- Այս տարի Մարքեթինգի բաժնի համար որո՞նք էին հիմնական դժվարությունները: Ինչպե՞ս հաղթահարվեցին դրանք։
- Մեր աշխատանքում, իհարկե, երբեմն տարբեր դժվարություններ առաջացել են՝ պայմանավորված 12/7 աշխատաժամանակով, գերծանրաբեռնվածությամբ, մարդ-աշխատանք հարաբերակցության անհամաչափությամբ։ Միջոցառումներին նախորդող օրերին համալսարանից գիշերվա ժամը երկուսին կամ երեքին գնալու, բանվորից մինչև կազմակերպիչ աշխատելու շնորհիվ ունեցանք աննախադեպ, սակայն բարդագույն իրականացված միջոցառումներ, որոնցից յուրաքանչյուրը հաջողված և տեսակով տարբերվող, համալսարանի պատմության մեջ երբևէ չիրականացված միջոցառում է (հիշում է ժպիտով)։ Դժվարությունները հաղթահարել ենք՝ ակտիվորեն համագործակցելով ԵՊՀ այլ ստորաբաժանումների հետ, ինչը թույլ է տվել ապահովել կազմակերպված միջոցառումների բարձր մակարդակ:
Երբեմն մարտահրավերներ է առաջացնում նաև սոցիալական մեդիայի ռազմավարության փոփոխականությունը, քանի որ յուրաքանչյուր հրապարակում անհատական մոտեցում է պահանջում՝ բովանդակություն, լսարան և ժամանակի նոր պահանջներ: Սրանք հաղթահարելու համար մենք ներդրեցինք նոր մեթոդներ, ճկուն մոտեցումներ՝ կատարելագործելով թիմի անդամների հմտությունները։
Անհրաժեշտ է ընդգծել, որ թիմով շարունակաբար աշխատել ենք նոր գաղափարների և լուծումների վրա, որպեսզի բարելավենք ներքին ու արտաքին հաղորդակցությունը։ Չնայած մարտահրավերներին՝ մեր թիմն արագ արձագանքել է և արդյունավետ լուծումներ գտել, ինչը շատ կարևոր էր աշխատանքների հաջողության համար։ Ներկայում համալսարանը ունի հաղորդակցության մշակված, նորարար համակարգ, կազմակերպված, ինչպես նաև ժամանակակից պահանջներով աշխատող հաղորդակցական թիմ: Կարծում եմ, որ մեր թիմային աշխատանքը, պատասխանատվության բարձր զգացումը և ընդհանուր նվիրվածությունը մեծապես նպաստեցին մեր համատեղ ձեռքբերումներին։
Տեղեկատվական տարբեր ժանրեր, ԵՊՀ ժամանակակից կայքէջ, սահուն ընթացող ներքին հաղորդակցություն, սոցիալական ցանցերում առաջխաղացում. սրանք հաղորդակցական թիմի ձեռքբերումներն են, որոնց համար շնորհակալ եմ թիմի յուրաքանչյուր անդամի։