- Գլխավոր
- Նորություններ
- «Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից». ԵՊՀ ուսանող Նազելի Եսայան
Հունվար 08, 2025 | 11:30
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
«Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից». ԵՊՀ ուսանող Նազելի Եսայան
Մշակույթը, լեզվի հնչյունական գեղեցկությունը, հանճարեղ ստեղծագործությունները մշտապես գրավել են ԵՊՀ ուսանող Նազելի Եսայանին, իսկ դասախոսներն ամրապնդել են սերը նրա ընտրած մասնագիտության հանդեպ: Նրա գլխավոր նպատակն է դասավանդել Երևանի պետական համալսարանում՝ շարունակելով նպաստել գիտության և կրթության զարգացմանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Նազելի Եսայանը ԿԳՄՍՆ-ի հայտարարած ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ. մրցույթի արդյունքներով հումանիտար գիտությունների ոլորտում զբաղեցրել է երրորդ տեղը:
Նա պատմել է, թե ինչու է ընտրել ռուսաց լեզուն և գրականությունը, ինչ քայլերով է հասել «Լավագույն ուսանող» կոչմանն ու ինչ նպատակներ ունի մասնագիտական կյանքում:
Դասախոսների դերը` ընտրած մասնագիտությունը սիրելու հարցում
Մասնագիտության ընտրությունը երբեք հեշտ չի լինում, սակայն իմ դեպքում այն դեռ մանկուց էր հստակ: Ես համոզված էի, որ իմ հետագա գործունեությունը պիտի կապվի ռուսաց լեզվի հետ, քանի որ ինձ միշտ գրավել են մշակույթը, լեզվի հնչյունական գեղեցկությունը և, իհարկե, ռուս գրականության հանճարեղ ստեղծագործությունները:
Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր դասախոսներին, որոնք դեռ առաջին կուրսից կողքիս էին, աջակցում և ուղղորդում էին ինձ մասնագիտական կայացման ճանապարհին: Առանձնահատուկ շնորհակալությունս ուղղում եմ իմ գիտական ղեկավարին՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Սվետլանա Միխայելովնա Մինասյանին: Նա իմ կողքին էր, երբ, ինչպես շատ ուսանողներ ուսման սկզբում, սկսեցի կասկածել իմ ընտրության ճշմարտացիության հարցում: Նրա աջակցությունն ու խրախուսանքը օգնեցին ինձ վերագտնել ուժերս և խորացնել սերս մասնագիտության նկատմամբ: Ցանկանում եմ դառնալ իմ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը և ունենալ հնարավորություն դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝ շարունակելով նպաստել գիտության և կրթության զարգացմանը:
Մրցանակային տեղ զբաղեցնելուն նպաստող գործառույթները
Բարձր առաջադիմությունս, հետազոտական աշխատանքներս, գիտական հոդվածներս, ակտիվ մասնակցությունս գիտաժողովներին և կամավորական գործունեությունս, վստահ եմ, իրենց ներդրումն են ունեցել մրցանակային տեղ զբաղեցնելու հարցում:
Իմ հրապարակումների թիվը արդեն գերազանցում է տասնհինգը: Վերջին ժողովածուն ես ստացել եմ երեկ: Հոդվածս տպագրվել է «Cross-Cultural Studies: Education and Science» ամսագրում: Այս ամսագրի հիմնադիրները ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ասիայի և Աֆրիկայի գիտական հանրության ներկայացուցիչներն են:
Ներկայում նաև սպասում եմ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի հոդվածների ժողովածուի տպագրությանը: Բոլոր հոդվածները հասանելի են «РИНЦ» (Российский индекс научного цитирования) համակարգում: Հոդվածներս հիմնականում նվիրված են մանկավարժությանը, մանկավարժական էթիկային և ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը:
Մասնակցել եմ տարբեր գիտաժողովների՝ ինչպես որպես պլենար զեկուցող, այնպես էլ որպես ունկնդիր: Բացի դրանից՝ ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանում «Ռուսական տան» կողմից կազմակերպվող ֆորումներին և վարպետության դասերին: Ապագայում ցանկանում եմ մասնակցել արտերկրում անցկացվող կրթական ծրագրերի:
ԵՊՀ-ն նման է մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունի
«Լավագույն ուսանող» կոչումը անսահման հպարտություն է պարգևում: Ես շատ ուրախ եմ, որ իմ ջանքերն ու աշխատանքը իզուր չեն անցել: Ուսանողներին խորհուրդ կտայի լինել ավելի համարձակ, չվախենալ իրենց մասին բարձրաձայնելուց և միշտ հիշել, որ լավագույն բուհի մասնագետները պատրաստ են աջակցելու լավագույն ուսանողներին։ Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից:
Անգնահատելի է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դերը իմ հաջողություններում և ձեռքբերումներում։ ԵՊՀ-ն նման է մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուր անդամ իր ներդրումն ունի՝ օգնելով մեզ դառնալ ավելի լավը և միշտ լինել առաջատար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԵՊՀ ընդհանուր բաժնի ներկայացուցիչներին, որոնք ընդունում էին մրցույթի մասնակցության հայտերը։ Նրանք աջակցեցին ինձ բոլոր այն հարցերում, որոնցով ես դիմեցի։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրիս աշխատանքը գնահատելու և այդ գնահատանքից ուրախանալու առիթներ դեռ շատ-շատ կլինեն։