- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Դեկտեմբեր 30, 2024 | 16:00
Կրթություն
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
Սիրելի՜ համալսարանականներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։
Նոր տարին նոր հնարավորությունների մեկնարկ է՝ կրկին երազելու, նպատակներ սահմանելու և դրանք իրագործելու համար։ Անցած տարին մեզ համար լի էր համատեղ ձեռքբերումներով ու արձանագրած բազմաթիվ հաջողություններով, որոնք դարձան մեր համալսարանի պատմության անբաժանելի մասը։
2024-ը մեզ համար նշանավորվեց գիտական նոր նվաճումներով, միջազգային կարևոր գործընկերություններով, կրթության որակի բարձրացմանն ու միջավայրի լավարկմանն ուղղված կարևոր ծրագրերի իրագործմամբ։ Անցնող տարվա համատեղ աշխատանքը ցույց տվեց, որ միասնաբար կարող ենք իրագործել ցանկացած նախաձեռնություն ու նախագիծ, հաղթահարել յուրաքանչյուր մարտահրավեր ու դժվարություն։
Ես ցանկանում եմ, որ 2025-ը դիմավորենք հավատով, որ յուրաքանչյուր ստեղծագործ միտք ու համարձակ քայլ կարող է փոխակերպել մեր ապագան, դիմավորենք երազանքով՝ ունենալու հզոր համալսարան, դիմավորենք մեր միասնությամբ, որով կհաղթահարենք բոլոր դժվարությունները։
Սիրելի՛ համալսարանականներ, տոնական օրերին ցանկանում եմ, որ ձեր սրտերը լցվեն ջերմությամբ ու լուսավորությամբ։ Թող ձեր նոր տարին հագեցած լինի հաջողություններով, իսկ մեր համալսարանը թող շարունակի լինել ձեր հպարտության ու ներշնչանքի աղբյուրը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։