- Գլխավոր
- Նորություններ
- Կրթական ծրագրերի լավարկումից մինչև արտաքին միջավայրին ինտեգրում. ԵՊՀ-ն ունի ռազմավարական նոր ծրագիր
Հունվար 22, 2025 | 14:00
Գիտություն
Կրթություն
Կրթական ծրագրերի լավարկումից մինչև արտաքին միջավայրին ինտեգրում. ԵՊՀ-ն ունի ռազմավարական նոր ծրագիր
Երևանի պետական համալսարանում մշակվել է ռազմավարական նոր ծրագիր (2025-2030 թթ.), որով ընդգծվում է մարդկային ռեսուրսների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, կրթության ու գիտության ոլորտներում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նպատակ ունենալով արդյունավետորեն արձագանքելու ժամանակակից պահանջներին և համաշխարհային մարտահրավերներին` մշակվել են ռազմավարական վեց նոր նպատակներ, որոնց մասին զրուցել ենք համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի հետ։
Երևանի պետական համալսարանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում դարձել է պետության և հասարակության ինստիտուցիոնալ հիշողության պահապան ու փոխանցող, միաժամանակ՝ հայ հասարակության մտավոր ավանդույթների շարունակող և նորարար գաղափարների ստեղծման ու տարածման պատասխանատու։ Այս մասին փաստում է Միքայել Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ԵՊՀ առաքելությունն է Հայաստանի համար մտավոր և մարդկային ռեսուրսների զարգացման գործում մասնագիտական և քաղաքացիական գիտելիքների ապահովումը, հմտությունների և կարողությունների ձևավորումը։
- Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ գործոններով էր պայմանավորված ռազմավարական նոր ծրագրի մշակման անհրաժեշտությունը։
- Երևանի պետական համալսարանի 2025-2030 թթ. ռազմավարության մշակման անհրաժեշտությունը պայմանավորված էր մի շարք արտաքին և ներքին գործոններով։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում աշխատելիս նկատեցինք, որ թեև գործող ռազմավարական ծրագրի շրջանակում շատ քայլեր են կատարվում, սակայն կան գործողություններ և արդյունքներ, որոնք գործող ռազմավարության տեսանկյունից հնարավոր չէ գնահատել։ Կատարվել են այնպիսի քայլեր, որոնք նախորդ ռազմավարության մշակման փուլում դեռևս ձևակերպված չէին, ինչը բնական է. նախորդ ռազմավարությունը մշակվել էր մեկ այլ ժամանակահատվածում և իրավիճակում, իսկ գործունեությունը սկսել էր ծավալվել սկզբունքային այլ իրավիճակում։ Շատ բան փոխվեց և՛ համալսարանում, և՛ համալսարանի շուրջ, և՛ աշխարհում։ Հատկապես անհրաժեշտ էր վերաիմաստավորելով և վերագնահատելով իրավիճակը՝ հայեցակարգային ինչ-որ մոտեցում ձևակերպել, և դա կատարվեց նոր ռազմավարության տեսքով։ Երկրորդ՝ բավական ինտենսիվ աշխատանքի շնորհիվ՝ նախորդ ռազմավարությամբ սահմանված թիրախների տեսանելի մասն արդեն իրագործված էր։ Ուստի առաջացել էր նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն։
- Ի՞նչ հիմնական նպատակներ և սկզբունքներ կան ռազմավարական այս ծրագրում, և դրանք ի՞նչ առնչակցություն ունեն համալսարանի երկարաժամկետ զարգացման հետ։
- Նոր ռազմավարությամբ մենք ձևակերպել ենք համալսարանի 2025-2030 ժամանակահատվածի համար «փոփոխության տեսությունը», գործունեության այն փիլիսոփայությունը, որը ձևավորում է ռազմավարության հիմքը և նկարագրում է, թե ինչպիսի փոփոխությունների ենք ուզում հասնել, ինչպես ենք ցանկանում այդ փոփոխությունները կատարել։ Ռազմավարության մեջ ձևակերպված փոփոխությունը հետևյալն է. եթե ցանկանում ես ունենալ որակյալ կրթություն և գիտահետազոտական գործունեություն, ապա առաջին հերթին անհրաժեշտ է հասցեագրել մարդկային կապիտալի զարգացման և համալրման խնդիրը։ Երկրորդ՝ անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ և ապահովել որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը, և երրորդ՝ արդիականացնել համապատասխան կառուցվածքն ու համակարգերը, որպեսզի որոշումների իրագործումն ավելի արդյունավետ և ինստիտուցիոնալ լինի։ Այս երեք խնդիրները հաջողությամբ լուծելու պարագայում ստեղծվում է որակական նոր իրավիճակ, որն էլ հնարավորություն է տալիս բարելավելու կրթական ծրագրերի բովանդակությունը և գիտահետազոտական արդյունքները։ Սա էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում նոր որակի համագործակցություններ հաստատելու արտաքին աշխարհի հետ, գեներացնելու ռեսուրս՝ հաջորդ շրջափուլ մտնելու համար, որտեղ այդ ռեսուրսը կարելի է կրկին հասցեագրել մարդկային կապիտալի զարգացման խնդրին։ Սա պարույրաձև զարգացող տրամաբանություն է։
Անդրադառնալով վեց նպատակներին՝ հարկ է նախ նշել, որ առաջին երկու նպատակները (կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացում, գիտահետազոտական արդյունքի բարելավում) ուղղված են համալսարանի այն հիմնական գործառույթներին, որոնց համար էլ ստեղծվել է համալսարանը։ Առաջին նպատակն ակնկալում է կրթական ծրագրերի լավարկում՝ շարունակելով համակարգային փոփոխությունները, որոնք կդարձնեն դրանք ավելի համապատասխանեցված այսօրվա և, առհասարակ, ապագայի պահանջներին։ Այս մոտեցման նպատակն է արդյունավետ կերպով արձագանքել աշխատաշուկայի պահանջներին՝ կատարելով անհրաժեշտ փոփոխություններ կրթական ծրագրերում, որպեսզի դրանք դառնան առավել մրցունակ և արդյունավետ։
Կրթական ծրագրերը բարելավվում են նաև այն փոփոխության շնորհիվ, որը կատարվում է կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացի միջոցով՝ համապատասխանեցնելով դրանք առաջադեմ աշխարհում ընդունված չափանիշներին։ Այսպիսով, ուսումնական ծրագրերի որակի բարձրացումը տեղի է ունենում ոչ միայն տեղական պահանջներին արձագանքելու միջոցով, այլև համաշխարհային չափանիշների հիման վրա՝ ապահովելով միջազգային մակարդակի կրթություն։
Շատ կարևոր գործընթացներից են համալսարանի մարդկային ռեսուրսի զարգացումն ու համալրումը, կառավարման համակարգի արդիականացումը։ Սա վերաբերում է դասախոսների՝ աշխատանքի ընդունմանը, նրանց առաջխաղացման ապահովմանը, վերապատրաստումների կազմակերպմանը, վարձատրության սկզբունքների ու չափի որոշմանը, ինչպես նաև դրույքաչափերի բաշխման տրամաբանության հստակեցմանը։ Թվում է, թե սա միայն տեխնիկական գործընթաց է, սակայն այն հսկայական բովանդակային ազդեցություն ունի մատուցվող կրթական ծառայությունների որակի վրա։
Կրթության բովանդակության և մեթոդաբանության արդիականացումը, թերևս, ռազմավարության ամենախոշոր, ամենաբարդ և պատասխանատու հատվածն է, քանի որ ռազմավարական առաջին նպատակի գործողությունները և նպատակները սերտորեն փոխկապակցված են մյուս նպատակների հետ և հաճախ պայմանավորում են դրանց բովանդակությունը։ Սրա հետ մեկտեղ, առանցքային է նաև մարդկային ռեսուրսի զարգացումը, քանի որ այն ոչ միայն անդրադառնում է կրթության որակի վրա, այլև էականորեն ձևավորում է համալսարանի ներքին մշակույթն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ առաջընթացի համար։
Առաջնային նշանակություն ունի կառավարման արդյունավետության բարձրացումը ռազմավարության գործիքավորման և արդյունավետ իրագործման, ինչպես նաև համալսարանի բնականոն աշխատանքի կազմակերպման ու զարգացման խթանման տեսանկյունից։ Եվ ի վերջո, աշխարհի հետ կապին է վերաբերում մեր վեցերորդ նպատակը՝ արտաքին միջավայրին ինտեգրումն ու ներդաշնակեցումը։ Այսպիսով, մեր ռազմավարական նպատակները սերտորեն կապված են միմյանց, ռազմավարական ամբողջ գործընթացը իրարից կախված բաղադրիչների համակարգ է, որտեղ յուրաքանչյուր նպատակ լրացնում է մյուսին։
- Ի՞նչ նորարարություններ և փոփոխություններ են նախատեսվում Երևանի պետական համալսարանի ռազմավարական նոր ծրագրով։
- Ի տարբերություն ռազմավարական նախորդ ծրագրի, որտեղ սահմանել էինք ռազմավարական երեք նպատակներ, այս ծրագրով մենք որոշակի մասնավորեցում ենք կատարել։ Գնահատման արդյունքում պարզել ենք, որ կան երկու շատ կարևոր գործառույթներ, որոնք համալսարանի զարգացման այս փուլում թիրախային զարգացման անհրաժեշտություն ունեն։ Խոսքը մարդկային ռեսուրսի զարգացման համալրման և կառավարման համակարգի բարելավման մասին է։ Այդ իսկ պատճառով սրանք առանձնացրել ենք որպես առանձին նպատակներ՝ յուրաքանչյուրի համար ձևակերպելով առանձին խնդիրներ։ Եթե մենք կարողանանք այս երկու նպատակներն իրականացնել մեր պատկերացրած ձևով, հաջորդ փուլում գուցե վերադառնանք ռազմավարական երեք դասական նպատակներին։ Այստեղ տարբերությունը դրանց շեշտադրման և առանձնացման մեջ է։
Երբ գնահատման և զարգացման արդյունքում պարզվում է, որ այն, ինչը նախկինում դիտարկվում էր որպես միջոց, աստիճանաբար վերածվել է նպատակի, ապա դա պետք է առանձնացվի որպես առանձին նպատակ: Սա կարևոր է, քանի որ կարող է ազդել ինչպես գործընթացների կազմակերպման, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարությունների մշակման վրա։ Այսինքն՝ որակյալ կադրեր ունենալը միջոց է արդյունավետ կրթական և գիտահետազոտական գործընթացներ կազմակերպելու համար, սակայն երբ հաստակ արձանագրվում է կադրերի զարգացման անհրաժեշտությունը, այն ձևակերպվում է որպես առանձին նպատակ։
- Պարո՛ն Հովհաննիսյան, որո՞նք են լինելու առաջին քայլերը, որոնք կատարվելու են ծրագրի մեկնարկից հետո։ Ի՞նչ գործողություններ են ենթադրվում։
- Տարբեր նպատակների պարագայում տարբեր գործողություններ են ենթադրվում՝ կրթությունից մինչև արտաքին աշխարհի հետ կապ։ Ռազմավարության իրագործման առաջին հատվածը կնկարագրեի որպես բավարար հավաքագրված և վերլուծված տեղեկատվության հիման վրա նոր գործիքների ձևակերպման և փորձարկման փուլ։ Անհրաժեշտ է նշել, որ առաջին երեք տարիների ընթացքում մենք ակտիվորեն զբաղվելու ենք հենց այս գործողություններով, որպեսզի երկրորդ փուլում փորձարկումների արդյունքները կարողանանք ներդնել ողջ ծավալով։
- Ո՞րն է ԵՊՀ-ի տեսլականը։ Ինչպիսի՞ն եք տեսնում համալսարանը 5 տարի անց։
- Համալսարանի տեսլականն է կրթական ու հետազոտական մակարդակներում արդյունավետորեն հասցեագրել առկա սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրները՝ ինտեգրված լինելով հայաստանյան, տարածաշրջանային և համաշխարհային միջավայրերին։ Մեր ակնկալիքն այն է, որ ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրագործման արդյունքում ընթացիկ ռութինային աշխատանքներն ավելի համակարգված և ավտոմատացված կլինեն։ Համալսարանը, ըստ այդմ, կլինի այնպիսի կառույց, որտեղ մարդիկ ավելի շատ հնարավորություն կունենան կենտրոնանալու զարգացման, ոչ թե ընթացիկ գործընթացների կազմակերպման վրա։ Մեր ակնկալիքը նաև այն է, որ ծրագրերի իրագործման արդյունքում հասարակության շրջանում կզարգանա և կփոխակերպվի համալսարանի տեղի և դերի ընկալումը։