- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական ներուժի, ինտելեկտուալ սեփականության քարտեզագրում և գիտելիքի առևտրայնացում․ ԵՊՀ-ն շարունակում է բարելավել գիտահետազոտական արդյունքները
Հունվար 23, 2025 | 16:57
Գիտություն
Հասարակություն
Գիտական ներուժի, ինտելեկտուալ սեփականության քարտեզագրում և գիտելիքի առևտրայնացում․ ԵՊՀ-ն շարունակում է բարելավել գիտահետազոտական արդյունքները
Միջազգային հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված ամսագրերում ԵՊՀ հետազոտողների գիտական աշխատանքների թիվը հատել է 600-ի սահմանը: Մասնավոր ընկերությունների կողմից համալսարանին տրվող գիտական պատվերների թիվն ու ֆինանսավորման ծավալը ևս զգալի ավելացել են: ԵՊՀ-ն, միջազգային գիտական ասպարեզում գրանցելով հաջողություններ, հաստատուն քայլերով շարժվում է առաջ։ Համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից է նաև ինտելեկտուալ սեփականության առևտրայնացումը:
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է Երևանի պետական համալսարանի գիտական առաջընթացն ապահովող գլխավոր գործոններին:
- Պարո՛ն Բարխուդարյան, վերջին երկու տարում «Scopus» և «Web of Science» գիտական հեղինակավոր շտեմարաններում ընդգրկված ամսագրերում նկատելի ավելացել է ԵՊՀ հետազոտողների գիտական հոդվածների թիվը: Ո՞ր քայլերն են նպաստել միջազգային հեղինակավոր ամսագրերում գիտական հոդվածների թվի աճին:
- 2024 թ. «Scopus» միջազգային հեղինակավոր շտեմարանում ընդգրկված ամսագրերում ԵՊՀ հետազոտողների գիտական աշխատանքների թիվը մեծապես աճել է: Աշխատանքների թվի աճին նպաստող հիմնական գործոններից կարելի է առանձնացնել հետևյալ 3-ը․
Գիտության ֆինանսավորման ավելացումը՝ զուգորդված գիտության կառավարման զարգացմամբ: Երևանի պետական համալսարանի գիտության ֆինանսավորումը հատել է 4 մլրդ ՀՀ դրամի սահմանը: Սակայն միայն ֆինանսավորման ավելացմամբ գիտության զարգացման հասնել հնարավոր չէ, և ֆինանսավորման ավելացմանը զուգահեռ՝ համալսարանը քայլեր ձեռնարկեց գիտության կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Մեծ դերակատարում ունեն նաև համալսարանի ներքին գիտակրթական դրամաշնորհները, որոնցով ևս հետազոտողներին խրախուսում ենք զբաղվել գիտությամբ: Օրինակ՝ հետազոտողները հնարավորություն ունեն ձևավորելու գիտական խմբեր, դիմելու հայտարարված բաց մրցույթին, հաղթելու և ստանալու ֆինանսավորում։ Ներքին դրամաշնորհի մեկ այլ տարբերակ է գործուղման դրամաշնորհը, որը հնարավորություն է տալիս համալսարանի գիտաշխատողներին, դասախոսներին, պրոֆեսորներին արտերկրում մասնակցելու գիտական միջոցառումների, միջազգային գիտական հանրույթին ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը, ծանոթանալու այլ հետազոտողների աշխատանքներին: Արդյունքում ունենում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գիտական հոդվածներ:
Բացի դրանից՝ ԵՊՀ-ում հետազոտությունների խթանման և արդյունավետ դասավանդման համար դասախոսին հնարավորություն է տրվում տարեկան 700 ժամ բեռնվածության 50 ժամը նախատեսել հետազոտական աշխատանքի համար։ Որպես արդյունք յուրաքանչյուր դասախոս տարվա ավարտին պետք է ներկայացնի առնվազն մեկ գիտական հոդված։
ԵՊՀ-ն իր առջև խնդիր է դրել ոչ միայն պահելու այս ցուցանիշը, այլև նպաստելու դրա որակական և քանակական ավելացմանը:
- Միջազգային հեղինակավոր հանդեսներում տեղ գտած գիտական հոդվածներն առնչվում են տարբեր ոլորտների, այդ թվում՝ քիմիայի, ֆիզիկայի, ֆարմացիայի, հասարակական գիտությունների, մաթեմատիկայի բնագավառներին: Այս ոլորտներում ԵՊՀ-ն ունի՞ գիտական արտադրանք, որը վաճառում է գործընկերներին:
- Գիտելիքի առևտրայնացման տեսանկյունից վերջին տարիներին նկատելի առաջընթաց ունենք, քանի որ մասնավոր ընկերությունների գիտական պատվերների թիվը, ֆինանսական ծավալը զգալի ավելացել են: Համալսարանի գիտաշխատողները մասնավոր ընկերություններում առաջացած խնդիրների լուծման համար նոր ուղիներ են առաջարկում: Համագործակցությունը հիմնականում մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, հոգեբանության բնագավառներում է և մեծ մասամբ՝ միջազգային գործընկերների հետ, որոնք իրենց ոլորտում առաջատար են:
Ներկայում քայլեր ենք ձեռնարկում նաև ինտելեկտուալ սեփականության առևտրայնացման ուղղությամբ: Կատարում ենք գիտական ներուժի, ինտելեկտուալ սեփականության քարտեզագրում՝ առավել հստակ ունենալու այն պատկերը, թե ԵՊՀ-ն ինչ կարող է առևտրայնացնել, որ ուղղությամբ պետք է կենտրոնացնի իր ռեսուրսները՝ միաժամանակ ապահովելով ԵՊՀ հեղինակային և ինտելեկտուալ սեփականության իրավունքի պաշտպանությունը:
- Վերջին տարիներին նկատելի է ժամանակակից սարք-սարքավորումներով լաբորատորիաների համալրումը, որոնց մի մասը ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, մի մասը՝ ԵՊՀ-ի կողմից: Ժամանակակից սարքավորումներով լաբորատորիաների հագեցմանը զուգահեռ՝ ապահովվո՞ւմ է հետազոտողների վերապատրաստումը:
- Նոր սերնդի սարք-սարքավորումների ձեռքբերման տեսանկյունից ևս մեծ առաջընթաց ունենք, մասնավորապես համալրվում են Ֆիզիկայի, Ֆարմացիայի ինստիտուտների, Քիմիայի, Կենսաբանության ֆակուլտետների լաբորատորիաները՝ խթանելով միջազգային պահանջներին համապատասխան գիտական արտադրանքի ստեղծումը: ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից վերջին երկու տարիներին տրամադրվել է տարեկան 1 մլրդ ՀՀ դրամից ավելի գումար՝ ժամանակակից գիտական սարք-սարքավորումներ ձեռք բերելու համար։ Նշեմ, որ ձեռք բերված սարք-սարքավորումները եզակի են, որոնցից գրեթե չկան Հայաստանում։
Գիտական սարք-սարքավորումների ձեռքբերմանը զուգահեռ՝ ԵՊՀ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ուսումնական լաբորատորիաները։ Վերջին շրջանում համալսարանի ռեսուրսներով դրանց մեծ մասը վերանորոգվել, կահավորվել և համալրվել է ժամանակակից նոր սարքավորումներով: