- Գլխավոր
- Նորություններ
- Նոր բացահայտումների ճանապարհին․ ԵՊՀ ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը վերապատրաստվում է Գերմանիայում
Փետրվար 17, 2025 | 15:17
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Նոր բացահայտումների ճանապարհին․ ԵՊՀ ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը վերապատրաստվում է Գերմանիայում
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը բավական տարածված խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նոր հակաբիոտիկների համար հուսալի աղբյուր են համարվում բույսերը։ Նպատակ ունենալով հետազոտելու բջջային մակարդակում կայունության դեմ բույսերի պայքարի մեխանիզմները՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը մեկնել է Բոխումի Ռուհրի համալսարան (Գերմանիա)՝ կատարելու հետազոտություններ և ձեռք բերելու նոր հմտություններ։

Սիլվարդի՝ «Հակաբիոտիկների նկատմամբ կայուն E.coil բջիջներում վերօքս փոփոխությունների ուսումնասիրությունը՝ որպես բուսական ծագման մետաբոլիտների հակաբակտերիային ազդեցության մեխանիզմ» գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում 2024/2» մրցույթի արդյունքում:

«Իմ հետազոտությունն ուղղված է Հայաստանում աճող տարբեր բույսերի լուծամզվածքների, եթերայուղերի և դրանց բաղադրիչների հակաբակտերիական, հակաբիոտիկ-մոդուլացնող և հակաօքսիդանտային հատկությունների ուսումնասիրությանը։ Ուսումնասիրության հիմնական օբյեկտներն են աղիքային ցուպիկի (Escherichia coli) շտամները, որոնք ունեն կայունություն տարբեր հակաբիոտիկների նկատմամբ»,- նշում է Սիլվարդը՝ ընդգծելով, որ թեման համադրում է մանրէաբանությունը, կենսաքիմիան և կենսատեխնոլոգիան՝ հնարավորություն տալով գտնելու նորարարական լուծումներ հակաբիոտիկակայունության դեմ պայքարում։
ԵՊՀ ասպիրանտը 2025 թ․ հունվարի 14-ին մեկնել է Գերմանիա՝ երկամսյա վերապատրաստման։ Ասում է՝ թեև երկու ամիսը երկար ժամանակ չէ գիտական աշխատանք կատարելու համար, սակայն ինքը ձգտում է հնարավորինս արդյունավետ օգտագործելու այդ ժամանակահատվածը՝ ձեռք բերելու նոր հմտություններ և հասնելու լավագույն հնարավոր վերջնարդյունքի։
«Այստեղ ամբողջ ուշադրությունս կենտրոնացած է գիտական գործունեության վրա։ Ամեն առավոտ գնում եմ լաբորատորիա, կատարում օրակարգով նախատեսված գիտափորձերը, ապա վերադառնում տուն և վերլուծում ստացված տվյալները։ Հաջորդ օրը դրանք քննարկում եմ գիտական ղեկավարներիս հետ՝ հետագա քայլերս հստակեցնելու համար»,- իր առօրյայից պատմում է Սիլվարդը։

ԵՊՀ ասպիրանտի գիտական հետազոտություններն ընթանում են շատ արդյունավետ․ անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ կազմակերպել փորձերը, այլև մանրամասն արձանագրել տվյալները։ Այդ նպատակով Սիլվարդը մշտապես օգտագործում է նոթատետր, որտեղ գրանցում է բոլոր կարևոր մանրամասները։
Ներկայում նա միաժամանակ աշխատում է մի քանի հետազոտությունների շուրջ՝ կարճ ժամանակահատվածը առավել արդյունավետ օգտագործելու համար։ Որոշ փորձարկումներ արդեն ավարտական փուլում են, մյուսները՝ դեռևս նախապատրաստական։
«Այստեղ կիրառում եմ մեթոդներ, որոնք նախկինում չեմ օգտագործել համալսարանում։ ԵՊՀ-ում ստացած գիտելիքներս մեծապես օգնում են այստեղ հետազոտություններ կատարելիս։ Արդեն ստեղծել եմ բակտերիալ շտամներ, որոնք օգտագործելու եմ հետագա փորձերի ընթացքում։ Չնայած այն հանգամանքին, որ դեռ միայն վերապատրաստման ծրագրի կեսն է անցել, ես արդեն իսկ ստացել եմ ակնկալվածից ավելին։ Ծրագրի ավարտին ոչ միայն նոր մեթոդներ կսովորեմ, այլև ձեռք կբերեմ հետազոտական տվյալներ, որոնք կօգտագործեմ գիտական հոդվածներ և զեկուցումներ պատրաստելու համար»,- մատնանշում է հետազոտողը։
ԵՊՀ գիտաշխատողը կարծում է, որ Բոխումի Ռուհրի համալսարանում (Գերմանիա) կիրառվող մեթոդները և հետազոտական մոտեցումները լրացնում են իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Բակտերիաների ուսումնասիրության նոր տեխնոլոգիաները նա հետագայում կօգտագործի Երևանի պետական համալսարանում՝ դրանք փոխանցելով իր գործընկերներին և ուսանողներին։

Գերմանիայում վերապատրաստվելուն զուգընթաց՝ Սիլվարդը հաստատել է գործընկերային նոր կապեր հյուրընկալող համալսարանի գիտական խմբերի աշխատակիցների հետ։ Նա հուսով է, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում՝ համատեղ հետազոտությունների և փոխանակման ծրագրերի միջոցով։ Նա նշում է, որ արտասահմանցի գործընկերները որոշակի տեղեկություններ ունեին համալսարանի մասին, սակայն մանրամասն տեղեկություններ, հատկապես՝ գիտական գործունեության մասին, նա ևս ներկայացրել է։
Սիլվարդի հետաքրքրությունը կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի նկատմամբ ձևավորվել է դպրոցական տարիներին՝ ուսուցիչների շնորհիվ։ Համալսարանի ընտրության հարցում երբեք չի երկմտել. դեռ մինչև Երևանի պետական համալսարանի ուսանող դառնալը վստահ էր, որ ցանկանում է սովորել հենց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում։
«Ուսումնառության ընթացքում ինձ հատկապես գրավեց մանրէաբանությունն իր պատկերավոր և խորացված բովանդակությամբ, ինչն էլ հետագա մասնագիտական ուղղությունս հստակեցրեց։ Սրանից զատ՝ գիտական ղեկավարիս հետ աշխատելը խթան դարձավ ուսումս շարունակելու մագիստրատուրայում և հետազոտություններ կատարելու կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում»,- ասում է Սիլվարդը։
Ըստ նրա՝ գիտությամբ զբաղվելը մի յուրահատուկ «արկած» է, որն անընդհատ նոր բացահայտումների հնարավորություն է տալիս։ Ամեն օր ստացված արդյունքների վրա հիմնվելով և նոր հետազոտություններ կատարելով՝ նա ոգեշնչվում է գիտելիքի անսահմանությունից։ Գիտությունը հնարավորություն է տալիս ազատորեն արտահայտելու և զարգացնելու գաղափարները՝ դրանք վերածելով իրականության։

«Երևանի պետական համալսարանում գիտական կյանքը և հնարավորությունները գտնվում են շարունակական զարգացման մեջ, ուստի համալսարանը մոտիվացնում է, որ դու էլ՝ որպես գիտնական, չմնաս նույն տեղում և օր օրի առաջ շարժվես՝ դառնալով առավել մրցունակ միջազգային հարթակում։ ԵՊՀ միջազգային համագործակցությունը երիտասարդ գիտնականներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր ունակություններ և հաղթահարելու նոր մարտահրավերներ»,- ասում է նա։
Սիլվարդը ցանկանում է ապագայում շարունակել իր գիտական գործունեությունը ԵՊՀ-ում, լինել համալսարանի նվիրյալ, փոխանցել իր գիտելիքներն ուսանողներին և իր ներդումն ունենալ Հայաստանում գիտության զարգացման գործում։
Ներկայում Սիլվարդ Թադևոսյանը սովորում է ասպիրանտուրայի երկրորդ կուրսում, ներգրավված է համալսարանի և՛ գիտական, և՛ ուսումնական գործընթացներում, և ինչպես ինքն է ասում՝ վայելում է համալսարանի աշխատակից և ուսանող լինելու բարձր ու պատվաբեր կոչումները։