- Գլխավոր
- Նորություններ
- Գիտական համագործակցություն բնապահպանության ոլորտում. բնապահպան, անվանի գիտնական Լորենցո Վիլիզիի փորձառությունը
Մարտ 26, 2025 | 16:29
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Գիտական համագործակցություն բնապահպանության ոլորտում. բնապահպան, անվանի գիտնական Լորենցո Վիլիզիի փորձառությունը
Օտարածին կենդանիները և բույսերը երբեմն աննկատ, սակայն վտանգավոր փոփոխությունների են ենթարկում շրջակա միջավայրը, ուստի դրանց հետազոտությունը կարևոր է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական խնդիրների կանխարգելման տեսանկյունից։ Անվանի գիտնական և բնապահպան, Լոդզի համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Լորենցո Վիլիզին, որը երկար տարիներ ուսումնասիրում է օտարածին տեսակների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, «Օտարածին ինվազիվ տեսակների ռիսկերի գնահատումը Հայաստանում» խորագրով աշխատաժողովի շրջանակում հյուրընկալվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում՝ իր գիտելիքներով ու փորձով կիսվելու ֆակուլտետի մասնագետների հետ։

Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը և գյուղատնտեսության զարգացումը ներկայում գտնվում են ինվազիվ տեսակների բարձր ազդեցության տակ՝ գլոբալ առևտրի աճի և կլիմայի շարունակական փոփոխության պատճառով: ԵՊՀ-ում անցկացված «Օտարածին ինվազիվ տեսակների ռիսկերի գնահատումը Հայաստանում» խորագրով աշխատաժողովը նպատակ ուներ ներկայացնելու ինվազիվ տեսակների ներթափանցման, էկոհամակարգերում հաստատման և տարածման կանխատեսման ու վերլուծության առանձնահատկությունները՝ էկոլոգիական վտանգները կանխարգելելու նպատակով, ինչը կնպաստի Հայաստանի բնության և տնտեսական ռեսուրսների պահպանմանը։

Լեհաստանից ժամանած հրավիրյալ պրոֆեսոր Լորենցո Վիլիզին աշխատաժողովի շրջանակում ներկայացրեց օտարածին տեսակների առաջացրած ռիսկերի բացահայտման և գնահատման համար կիրառվող գործիքակազմի առանձնահատկությունները։
Անդրադառնալով իր ուսումնասիրության ոլորտի ընտրությանը՝ Լորենցո Վիլիզին պատմեց, թե ինչու է որոշել ուսումնասիրել հենց ոչ բնիկ տեսակները։
«Միշտ սիրել եմ բնությունը, և այս թեման ինձ առանձնապես հետաքրքրեց այն ժամանակ, երբ սկսեցի ուսումնասիրել շատ երկրներում վտանգավոր համարվող ձկնատեսակներից մեկը։ Երբ հասկացա, որ օտարածին տեսակները կարող են լուրջ վնաս հասցնել բնությանը, որոշեցի խորանալ այս ուղղությամբ և ուսումնասիրել թե՛ ջրային, թե՛ ցամաքային տեսակները»,- ասաց նա։
Համալսարանում անցկացված աշխատաժողովի շրջանակում հրավիրյալ պրոֆեսորը ներկայացրեց իր մշակած գործիքակազմը, որը գիտնականներին հնարավորություն է տալիս գնահատելու, թե օտարածին որ տեսակներն են առավել վտանգավոր, ինչպես նաև՝ կանխարգելելու դրանց տարածումը։

«Այս գործիքակազմը կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում և հասանելի է շուրջ 31 լեզուներով։ Ուրախ եմ, որ այն շուտով հասանելի կլինի նաև հայերենով։ Սա կարևոր է, քանի որ հետազոտողները սովորաբար ուսումնասիրություն կատարելուց հետո զեկույցներ են կազմում և ներկայացնում համապատասխան պետական մարմիններ, ուստի անհրաժեշտ է գործիքակազմի՝ տվյալ երկրի պաշտոնական լեզվով հասանելիությունը»,- ընդգծեց Լորենցո Վիլիզին։
Գիտնականը շեշտեց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ և գիտական համայնքի աջակցությամբ այժմ աշխատում են մի նախագծի շուրջ, որի շրջանակում ուսումնասիրում են անհետացող և ինվազիվ տեսակները, փորձում բացահայտել, թե որ տեսակները կարող են վնաս հասցնել տնտեսությանը և էկոհամակարգերին:
«Արդեն ստեղծել ենք պոտենցիալ ինվազիվ տեսակների ցանկ և այժմ անցնում ենք երկրորդ փուլին՝ բացահայտելու, թե որոնք են ամենավտանգավոր տեսակները: Այս քայլերը կարևոր են նաև Հայաստանի համար, ուստի մենք նպատակ ունենք միջազգային փորձն ու լուծումներն առաջարկելու հայ գիտնականներին՝ Հայաստանում ոլորտի խնդիրներն արդյունավետ լուծելու համար»,- մատնանշեց նա։

Պրոֆեսորն ընդգծեց, որ գիտական համատեղ աշխատանքներն ու համագործակցությունները կարևոր դերակատարում ունեն բնապահպանական խնդիրների լուծման գործում՝ ապահովելով գիտելիքների և նորարարական մոտեցումների փոխանակում ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մակարդակով։
Այս համատեղ աշխատանքի շնորհիվ գիտնականները ոչ միայն պատկերացում են կազմում նշյալ խնդիրների մասին, այլև քայլեր ձեռնարկում՝ կանխելու բնության հավասարակշռության խախտումները, ինչը կարևոր է Հայաստանի, ինչպես նաև ողջ աշխարհի համար։