- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի դերը, խնդիրներն ու հնարավոր լուծումները
Մարտ 28, 2025 | 15:20
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի դերը, խնդիրներն ու հնարավոր լուծումները
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» խորագրով միջֆակուլտետային սեմինար-քննարկում, որին մասնակցեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու փորձը։

Հանքարդյունաբերությունը համարվում է տնտեսության այնպիսի ոլորտներից, որի զարգացումը ուղիղ ազդեցություն ունի տվյալ երկրի զարգացման վրա։ Հաշվի առնելով ոլորտի կարևորությունը՝ անցկացված սեմինարի շրջանակում մասնակիցները քննարկեցին Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրները, ինչպես նաև տնտեսության կարևորությանն առնչվող տարաբնույթ այլ հարցեր։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը ընդգծեց, որ քննարկումը հետաքրքիր և օգտակար է, ինչը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ստանալու թեմայի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, այլև լսելու մասնագետների տեսակետներն ու փորձի պատմությունը։

«Սա շատ լավ հարթակ էր մի շարք խնդիրներ վերհանելու և քննարկելու համար։ Սեմինարի ընթացքում մասնագետներն անդրադարձան հանքարդյունաբերությանը վերաբերող կարևորագույն և նեղ մասնագիտական հարցերի, տրվեցին համապարփակ պատասխաններ՝ ուսանողներին օգնելով է՛լ ավելի լավ հասկանալու ոլորտի առանձնահատկությունները։ Բացի դրանից՝ ոլորտ մուտք գործող ուսանողները պետք է ունենան հնարավորություն՝ բաց հարցեր ուղղելու փորձառու մասնագետներին՝ շփվելով ապագա գործատուների հետ»,- նշեց դեկանը՝ հավելելով, որ դեռ նախորդ տարի Երևանի պետական համալսարանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եռակողմ հուշագիր էին կնքել։ Համագործակցության հուշագրի շրջանակում էլ նախաձեռնվեց այս սեմինար-քննարկումը։
Սարգիս Քելյանը հիշեցրեց, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները, կնքված հուշագրի համաձայն, հնարավորություն ունեն ԶՊՄԿ-ում մասնակցելու արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմելու ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձևաչափերով միջոցառումներում ընդգրկմանը։
Սեմինար-քննարկման շրջանակում համալսարան այցելեցին և բանախոսությամբ հանդես եկան ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջահանյանը, տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը, կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը և նրա տեղակալ Աննա Սաղաբալյանը։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀՀ հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջահանյանը, իր ելույթում կարևորելով այսօրինակ նախաձեռնության անցկացումը, շնորհակալություն հայտնեց համալսարանի գործընկերներին՝ ոլորտը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար։

«Տեղյակ եմ ոլորտի առկա մարտահրավերներից և համոզված եմ, որ նման հանդիպումները, հատկապես բուհերի դասախոսական կազմի հետ, պետք է կազմակերպվեն ավելի հաճախ։ Մեր ոլորտը Հայաստանի ռազմավարական նշանակության այն ոլորտներից է, որն անմիջականորեն ազդեցություն է ունենում երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման վրա։ Հենց այդ պատճառով մեր ոլորտի մասին պետք է շարունակաբար խոսել, ուշադրություն դարձնել և բարձրացնել հանրային տեղեկացվածության մակարդակը»,- նշեց նա։
Հանդես գալով բանախոսությամբ՝ Վ. Ջահանյանը սահիկաշարով ներկայացրեց հանքարդյունաբերության կարևորությունը տնտեսության զարգացման մեջ և նրա դերը ապագայում։ Բանախոսն անդրադարձավ հանքարդյունաբերության զարգացման հիմնական միտումներին, այն մետաղներին, որոնք արտադրվում են Հայաստանում, պղնձի և մոլիբդենի պահանջարկին և ոլորտում առկա ներուժին։
Յուրաքանչյուր բանախոսությունից հետո կազմակերպվեց հարց-պատասխան, և քննարկմանը ներկա մասնակիցները հնարավորություն ունեցան հուզող հարցերն ուղղելու բանախոսներին՝ ստանալով հետաքրքրող թեմաներին վերաբերող պարզաբանումներ։
Սեմինարը մեծապես նպաստեց ոլորտում առկա հիմնական մարտահրավերների քննարկմանը՝ անդրադառնալով մասնավորապես այնպիսի հարցերի, ինչպիսիք են բնապահպանական խնդիրները, արտադրության արդյունավետությունը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և աշխատանքային պայմանների բարելավումը։ Այն կառաջադրի նաև մի շարք լուծումներ այս խնդիրներին։
Նշենք, որ սեմինար-քննարկմանը մասնակցեցին Աշխարհագրության և երկրաբանության, Իրավագիտության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։ ԵՊՀ ուսանողները ստացան հնարավորություն՝ անմիջապես ոլորտի մասնագետներից ստանալու գիտելիքներ, տեղեկանալու նրանց փորձառությունից, ինչը թույլ տվեց խորապես ծանոթանալու ոլորտի առանձնահատկություններին և զարգացման հեռանկարներին։