- Գլխավոր
- Նորություններ
- «ԼՅՈՒԴՎԻԳ ԱՆՈՒՆՈՎ ՈԶՆԻՆ» ՖԻԼՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Նոյեմբեր 08, 2018 | 18:19
Մշակույթ
«ԼՅՈՒԴՎԻԳ ԱՆՈՒՆՈՎ ՈԶՆԻՆ» ՖԻԼՄԸ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի կինոակումբի գործունեության շրջանակում այսօր ֆիլմասեր համալսարանակաների համար ցուցադրվեց Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը, որից հետո ստեղծագործական անձնակազմի հետ տեղի ունեցավ քննարկում:
Կինոնկարի սցենարի հիմքում ընկած է Հովհ․Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Ֆիլմում խառնված են մի քանի ժանրեր՝ և՛ կատակերգություն, և՛ դրամա: Այն ներկայացնում է մարդկային տարբեր խառնվածքների ու հարաբերությունների շղթա:
«Չկա մի ֆիլմ, որի հերոսն ընդհանրություն և նմանություն չունենա սցենարի հեղինակի կամ իրեն հարազատ ու շատ հաճախ ծանոթ մարդու հետ»,- նկատեց Մհեր Մկրտչյանը:
Կինոդիտումից հետո ԵՊՀ ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին ԵՊՀ մշակույթի կենտրոն ֆիլմի հյուրընկալված ռեժիսոր Մհեր Մկրտչյանին և դերասանական կազմին՝ Անի Ղազարյան, Սամվել Թոփալյան, Արծրուն Չոբանյան, Գեորգի Հովակիմյան:
Նրանք ուսանողներին պատմեցին ֆիլմի նկարահանման ընթացքի, դժվարությունների և դերասանական կազմի մասին:
Նկարահանման դժվարություններից մեկը գլխավոր հերոսուհի Անի Ղազարյանի խոսքով՝ համբույրի տեսարանն էր: «Ամուսինը կողքին էր, իսկ նա համբուրում էր ուրիշ տղամարդու»,- կատակեց ռեժիսորը:
Ֆիլմը պատմում է մարդու անցած ճանապարհի մասին. «Ես հնարեցի մի պատմություն, որի ընթացքում մարդն էապես փոխվում է: Նրա վատ հատկանիշները հետզհետե անհետանում են, երբ նա սիրում ու նվիրվում է»,- պարզաբանեց ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:
Քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի վերնագիրը հատուկ խորհուրդ չունի:
Անգին Խաչատրյան