- Գլխավոր
- Նորություններ
- «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Է». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 04, 2018 | 13:44
Ուսանողական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Է». ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը ներկայացնում է առաջինկուրսեցիներին օգտակար տեղեկատվություն:
Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին 1981 թվականին «Observer» թերթին տված «Աքսորում ծնվածը» վերտառությամբ հարցազրույցում ազատ ժամանակն անցկացնելու հարցին պատասխանել է. «Ազատությունը գրադարան գնալու համար է»:
Դարեր ի վեր գրադարանները եղել են սոցիալական տարածություն ու մշակութային կենտրոն: Գրադարան գնացել են ընկերների հետ, գրադարաններում պարապել են քննություններից առաջ, այնտեղ սիրահարվել են առաջին հայացքից:
Գրադարաններում ամփոփված է մարդկության հիշողությունը, այստեղ են մարդկանց ձեռքբերումներն ու երազանքները, լուսավորությունն ու մոլորությունները: Գրադարանները ձևավորվել են քարի ու մետաղի վրա, կավե վահանակների ու փայտե տախտակների, պապիրուսի, արմավի տերևների, մետաքսի ու թղթի վրա ստեղծված տեղեկատվությունից: Փոխվել է նյութն ու պատրաստման եղանակը, բայց անփոփոխ է նշանակությունը՝ պահպանել և փոխանցել գիտելիքը, փորձը, արժեքները:
Գրադարանը մշակութային ու սոցիալական հնագույն ինստիտուտներից մեկն է: Սկզբում դրանք ընտրյալների համար էին, ապա դարձան տեղեկատվության ամենատարածված աղբյուրը: Այժմ այն հասարակության բոլոր անդամների համար հասանելի է դարձնում գիտելիքն ու մշակույթը:
20-րդ դարասկզբին հիմնադրվեց Երևանի պետական համալսարանի գրադարանը՝ դառնալով թե՛ ուսանողների, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի սիրելի վայրերից մեկը: 1997 թվականին գրադարանն անվանակոչվում է շվեյցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողների՝ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվամբ: ԵՊՀ գիտական գրադարանն ունի մոտ 2 միլիոն միավոր գիրք, որի կեսից ավելին ուսումնագիտական են:
Գրադարանը Գալուստ Գյուլբեկյանի, Հ. Թաքեսյանի և Անդրեյ Սախարովի անվան ֆոնդերի շնորհիվ ձեռք է բերել բազմաթիվ արժեքավոր օտարալեզու գրքեր ու պարբերականներ («Հայերենիք», «Դրօշակ», «Բազմավեպ», «Հայ եկեղեցի», «Վէմ», «Հայաստանի Կոչնակ» և այլն):
ԵՊՀ գրադարանում գործում են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նյութերի պահոցները, ինչպես նաև Հայաստանում Հունաստանի դեսպանատան կենտրոն-գրադարանը:
Մեծ ուշադրություն է դարձվում համալսարանի գրադարանի արդիականացմանը, գրականության համալրմանը, միջազգային փորձի լավագույն տարրերի փոխառմանը:
ԵՊՀ գրադարանի մուտքը՝ Կենտրոնական մասնաշենքից
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրենը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Եզնիկ Միրզոյանն է: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց առաջինկուրսեցիներին օգտակար տեղեկատվություն:
Ահա մի քանի կետ, որ պետք է հիշեն առաջինկուրսեցիները.
• Գործում է միասնական տոմս, որը միևնույն ժամանակ և՛ ուսանողական տոմսն է, և՛ գրադարանի տոմսը,
• Առանց ուսանողական տոմսի հնարավոր չէ օգտվել գրադարանից,
• Ուսանողական տոմս տրամադրում է ֆակուլտետը,
• Գրադարանում անձնագրով չեն սպասարկում:
Ըստ գրադարանի տնօրենի՝ առաջինկուրսեցիներն առաջնահերթ օգտվում են հետևյալ բաժիններից.
1. Առձեռն դասագրքային ֆոնդ
Գտնվում է գրադարանի 2-րդ հարկում (201 սենյակ): Այստեղ ցուցանակներով տարբերակված են ոլորտները, գրքերը դասավորված են այբբենական կարգով: Ուսանողներն ինքնուրույն են ընտրում գրքերը, ապա աշխատակիցների միջոցով գրանցում են դրանք: Այս ֆոնդում են ամենապահանջարկված միավորները, դրանք հիմնականում դասագրքեր են:
2. Աբոնեմենտի բաժին
Այն գրադարանի 3-րդ հարկում է՝ 301 սենյակում: Ուսանողները պատվիրում են ոչ հաճախ օգտագործվող գրականությունը: Այս բաժնում է նաև գեղարվեստական գրականությունը:
3. Ընթերցասրահներ
ԵՊՀ գրադարանն ունի 4 ընթերցասրահ, որոնք տարբերակված են ըստ ոլորտների: Հասարակական գիտությունների գրականության ընթերցասրահը 4-րդ հարկում է (403 սենյակ), բանասիրական գիտությունների գրականությանը՝ 5-րդում (501): 5-րդ հարկում՝ 503 սենյակում է նաև ճշգրիտ գիտությունների գրականության ընթերցասրահը: Իսկ բնական գիտություններով հետաքրքրվողները գրականությունից կարող են օգտվել 6-րդ հարկում՝ 601 սենյակում:
«Գրադարանի ողջ սպասարկումը կատարվում է նաև էլեկտրոնային համակարգով: «Koha» գրադարանային համակարգը թույլ է տալիս կատարելու էլեկտրոնային պատվերներ անգամ տանից, ինչպես նաև հնարավոր է տեսնել, թե ինչ գրքեր կան ուսանողի մոտ, երբ է լրանում ժամկետը, նույն գրքից քանի օրինակ կա և այլն»,- ասաց գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը:
Նա պատմեց նաև էլեկտրոնային գրականության մասին. «Համալսարանի տարածքում էլեկտրոնային տարբերակով հասանելի են գրականության 5000-ից ավելի միավոր: Պահպանելով հեղինակային իրավունքը՝ մենք դրանք հասանելի ենք պահում միայն ԵՊՀ տարածքում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում»,-նշեց տնօրենը:
Գրադարանի բոլոր հարկերում տեղադրված են սեղաններ, գործում է անվճար անլար կապ՝ wi-fi: Բոլոր բաժինների աշխատակիցները պատրաստ են պատասխանել ծագող հարցերին:
ԵՊՀ ընթերցողական տոմսը հնարավորություն է տալիս վերցնելու գրքեր ու պարբերականներ, պատվիրելու հոդվածներ, կարդալու թվային գրքեր, օգտվելու գրադարանների համակարգիչներից ու ինտերնետից:
Համակարգչային սրահ, 303 սենյակ
Ընթերցողական տոմսից օգտվելու կանոններ կան, ահա մի քանի կարևորագույն կետեր, որոնք պետք է իմանան ուսանողները:
• Ընթերցողական տոմսն անվճար է: Այն տրվում է 4 տարի ժամկետով բակալավրի ուսանողների համար և 2 տարի՝ մագիստրատուրայի ուսանողների համար:
• Ընթերցողական տոմսն ուժի մեջ է մեկ ուսումնական տարի, ապա այն վերաթողարկվում է գրադարանի համակարգչային բաժնում:
• Ժամկետանց ընթերցողական տոմսով հնարավոր չէ նյութ պատվիրել և ստանալ:
21-րդ դարի փոփոխություններն արտացոլվում են նաև գրադարանների վրա: Այդ փոփոխությունները հնարավորություններ են ստեղծում վերաիմաստավորելու թե՛ գրականությունը պահելու մեթոդները, թե՛ սպասարկումը: Տեխնոգեն հեղափոխությունն ու հասարակական գործունեության ոլորտների գլոբալացումը վերափոխել են ժամանակակից գրադարանը՝ դարձնելով այն ոչ միայն տեղեկատվության հավաքագրող, այլ նաև մարդկային մտածողությունը խթանող կառույց: Այլ կերպ ասած՝ գրադարանները դառնում են անձի սոցիալականացման ինստիտուտներ, միջանձնային և միջմշակութային հաղորդակցությունների տարածություն:
Այսօր փոխվել են ընթերցողներն ու նրանց պահանջները: Արդիական է սպառողների թիրախային խմբերի որոշումն ու նրանց տեղեկատվական և սոցիալական պահանջներին հետամուտ լինելը: Դա հնարավոր է տեղեկատվական ծառայությունների ընդլայնման և դրանց մոդերնիզացման միջոցով: Ժամանակակից հասարակությունում շատ են և դեռ կլինեն փոփոխություններ գրադարանի սոցիալ-մշակութային գործառույթներում:
Տեղեկատվական հասարակության զարգացումը չի ենթադրում, որ գրադարանների ավանդական գործունեությունը դադար է ունենալու: Էլեկտրոնային գրադարանների շնորհիվ գրադարանը փաստաթղթերի պահոցից դառնալու է գիտելիքի շտեմարան, և դա զարգացման նոր աստիճան է և նոր որակ, որը կամրապնդի գրադարանի դերը:
Մարի Ռաֆյան