- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Հունիս 25, 2018 | 13:12
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Այսօր մեկնարկել է բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլը, որը կտևի մինչև հուլիսի 2-ը ներառյալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
Նա նշեց, որ այս փուլին կմասնակցեն արհեստագործական ուսումնարանների ու քոլեջների շրջանավարտները, օտարերկրյա քաղաքացիները, ամռանը ՀՀ ԶՈՒ-ից զորացրված քաղաքացիները, ինչպես նաև արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիները։
Նրա խոսքով, բակալավրիատի դիմում-հայտերի ընդունման առաջին փուլում ԵՊՀ է դիմել 1519 դիմորդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2632 դիմորդ:
Բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը մեկնարկել էր մայիսի 5-ին, ավարտվեց հունիսի 1-ին: Այս փուլում բուհեր են դիմել դպրոցների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները։
Նրա խոսքով, ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ պահանջված են հետևյալ մասնագիտությունները՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Սերվիս», «Հանրային կառավարում», «Լրագրություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունները: Իսկ ըստ դիմորդների անվճար առաջին հայտերի՝ մտահոգիչ վիճակում են «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկրաբանություն», «Կենսաբանություն», «Կենսաքիմիա», «Աստվածաբանություն», «Եկեղեցաբանություն» մասնագիտությունները: Նրա խոսքով, այս տարի ԵՊՀ-ում չկա այնպիսի ֆակուլտետ, որը ընդհանրապես դիմորդ չի ունեցել:
Վ. Գալստյանը հայտնեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի դիմորդը կարող է հայտագրել երկու անվճար և ութ վճարովի տարբեր մասնագիտություններ: Նրա խոսքով, ընդունելությունը կիրականացվի 52 կրթական ծրագրերի ուղղությամբ:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը տեղեկացրեց, որ այս տարի հատկացվել են 2870 վճարովի և 339 անվճար տեղեր, որոնցից 38-ը նախատեսված են ամռանը ՀՀ ԶՈՒ-ից զորացրված դիմորդների համար:
«Անցած տարի հանրապետությունում ունեինք մոտ 20 հազար շրջանավարտ, իսկ այս տարի այդ թիվը կրկնակի նվազել է. ունենք շուրջ 9600 շրջանավարտ: Այս տարի դիմորդների նվազման պատճառը 12-ամյա կրթական համակարգի անցումային տարին է, որի պատճառով էլ նախորդ տարվա համեմատ այս տարի նվազել է շրջանավարտների թիվը»,- ասաց բանախոսը:
Վ. Գալստյանը հայտնեց, որ դրական գնահատականներ ստացած բոլոր դիմորդները կընդունվեն, սակայն անվճար ընդունված դիմորդներին առաջիկա ուստարում տարկետման իրավունք չի տրամադրվի:
Նադեժդա Տեր-Աբրահամյան