- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ՆԱՎԻ, ԴՈՏՐԱԿԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒ ԼԱԱԴԱՆԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 07, 2018 | 14:38
Հասարակություն
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ՆԱՎԻ, ԴՈՏՐԱԿԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒ ԼԱԱԴԱՆԻ ՄԱՍԻՆ
Արհեստական լեզուների մասին բոլորս ենք լսել։ Դեռ հազարամյակներ առաջ մարդիկ լեզուներ են հորինել ստեղծագործական մոտեցմամբ։ Ամենահայտնի արհեստական լեզուն էսպերանտոն է։ Իսկ ի՞նչ գիտենք մյուս արհեստական լեզուների մասին։
Ռուս արձակագիր, լրագրող Դմիտրի Կազակովն իր «Արհեստական բնականություն» հոդվածում, խոսելով արհեստական լեզուների մասին, հետաքրքիր մոտեցում է ցուցաբերում դրանք դասակարգելու համար։ Նա առանձնացնում է արհեստական լեզուները՝ ըստ նպատակի ստեղծված։
Հրեշտակների և դևերի համար
Մեր նախնիները հավատում էին, որ աշխարհում ոչ միայն մարդիկ են ապրում, այլ հրեշտակներ ու դևեր, ուստի ստեղծել էին նրանց հետ հաղորդակցվելու հատուկ լեզու՝ «Lingua ignota», ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է անհայտ լեզու։ Այս լեզուն ստեղծել է գերմանացի վանականուհի, գրող, փիլիսոփա Հիլդեգարդ Բինգենցին 12-րդ դարում։ Անհայտ լեզուն ունեցել է նաև այբուբեն։ Մեզ հասած բառարանում պահպանված են հազարից ավելի բառեր, որոնք հստակ հիերարխիկ դասակարգում ունեն՝ Աստված, հրեշտակներ, սրբեր, այնուհետև՝ մարդիկ, կենցաղային իրեր։
Գերբնական ուժերի հետ շփման համար ստեղծված լեզուներ են նաև բալեյբելենը, որը 16-րդ դարում ստեղծվել է Օսմանյան կայսրությունում, և էնոքյան լեզուն, որն, ըստ ավանդության, մարդիկ հենց հրեշտակներից են ժառանգել։
Իմաստունների և փիլիսոփաների համար
Վերածննդի դարաշրջանում, երբ գիտությունն ամենակարևոր դիրքում էր, մտքի հսկաները նոր լեզվի պահանջ զգացին։ Լեզուն պետք է լիներ գործիք՝ տրամաբանական, հստակ, զուրկ բազմիմաստություններից։ Այն հնարավորություն կտար տարբեր երկրների գիտնականներին ազատ շփվելու։
Փիլիսոփայական լեզուներ առաջ եկան 17-րդ դարում։ Գոթֆրիդ Լայբնիցը, Ջոն Ուիլկինսը, Էդվարդ Ֆոսթերը և այլ փիլիսոփաներ ու գիտնականներ առաջարկում էին այդպիսի լեզուների իրենց օրինակները։
20-րդ դարում սոցիոլոգ Ջեյմս Բրաունը հորինեց «Logical language»-ը՝ լոգլանը, որն ուներ խոսքի երեք մաս՝ անուններ, անփոփոխ ստորագրյալներ և տրամաբանական-քերականական կապի համար պատասխանատու բառեր։
Ճամփորդների ու գործարարների համար
19-րդ դարում աշխարհը միավորվեց առևտրի շուրջ։ Մի ծայրից մյուսն էին գնում ոչ միայն առևտրականները, այլև արկածախնդիր զբոսաշրջիկները։ Այս իրավիճակում կարիք կար պարզ, բոլորին մատչելի լեզվի, որը կհեշտացներ առօրյա շփումը։ Այսպիսի լեզուներ ստեղծվեցին 150 տարի առաջ՝ Բրեդշոուի պարզեցված անգլերենը, երաժշտական սոլռեսոլը Ֆրանսիայում և Շիփֆերի «հաղորդակցական լեզուն» Գերմանիայում։
Առաջինը գերմանացի հոգևորական Յոհան Շլեյերը, ինչպես ինքն է վկայում, 1879 թվականին Աստծո միջամտությամբ ստեղծեց վոլափյուքը։ Այն քերականությամբ շատ նման էր գերմաներենին։
Վոլափյուքի «ժառանգն» էր էսպերանտոն։ Այն ստեղծեց Լյուդվիկ Զամենհոֆը 1887 թվականին։ Նա առաջարկեց վերցնել եվրոպական գլխավոր լեզուների բառերը և շատ պարզ քերականությունը։ Էսպերանտոն շատ արագ տարածվեց, այն միակ արհեստական լեզուն է, որով մարդիկ են խոսում։
Էսպերանտոյի նմանությամբ ստեղծվեցին մի շարք լեզուներ ևս՝ նովիալ, էսպերանտիդո, ունիտարիո և այլն։
Հետագայում նաև տարբերակներ էին առաջարկվում ստեղծել մեկ ընդհանուր լեզու՝ նույն լեզվաընտանիքին պատկանող լեզուների համար։ Այդպիսին էր «Ruski jezik»-ը՝ հին սլավոներենի, խորվաթերենի, լեհերենի ու ռուսերենի հիման վրա «հավաքված»։
Լեզվաբան-փորձարարների համար
Արհեստական լեզուները հարմար մոդելներ էին՝ ուսումնասիրելու լեզվաբանական գործընթացները։ Դրանք կարող էին զարգանալ մեկ շաբաթում այնպես, ինչպես մյուս լեզուները՝ դարերի ընթացքում։ Այդպիսի զարգացումները հնարավոր էր ղեկավարել։
Մաթեմատիկոս Հանս Ֆրոյդենտալը ստեղծեց լինկոսը՝ «Lingua cosmica»-ն, որի շնորհիվ պատրաստվում էր շփվել այլմոլորակայինների հետ՝ համարելով, որ մաթեմատիկական օրենքները հավասար են բոլորի համար։ Նա կոդավորված հասկացությունները համարում էր պարզ ու միանշանակ։
Հետաքրքիր տարբերակ էր առաջարկում Սիլվիա Սոտոմայորը՝ էլֆական լեզու կելենը, որը չունի բայ։
Ընթերցողի, դիտողի, խաղացողի համար
Համաշխարհային մակարդակի լեզվաբան Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինն առաջինն էր, ով սկզբում հորինեց տասնյակ բարբառներ, ապա նաև մի ամբողջական լեզու, որը կիրառություն գտավ նրա «Մատանիների տիրակալը» սագայում։
Թոլքինի քուենյա ու սինդարին լեզուները ինչ-որ չափով կարելի է կենդանի համարել, քանի որ դրանք ունեն քերականություն, բառարան, պատմություն։ Այս լեզուներով բանաստեղծություններ ու դասագրքեր են գրվում, ատենախոսություններ պաշտպանվում։
Ջորջ Օրուելու «1984» գրքում կա «Նորալեզվի սկզբունքները», հավելվածը, որտեղ հեղինակը մանրամասն նկարագրում է ձևափոխված, նոր համակարգին հարմարեցված անգլերենը։
Սյուզետտ Էլջինն ֆենթեզի ժանրի իր գրքերում օգտագործեց իր իսկ հորինած ֆեմինիստական լաադան լեզուն։ Այս լեզվով նա փորձում էր արտահայտել կնոջ մտքերը, օրինակ՝ áayáa՝ գաղտնի սեր, որը դեռ պարզ չէ՝ կընդունվի արդյոք, ramine՝ խուսափել հարցերից լավ վերաբերմունքի կամ քաղաքավարության պատճառով, thehena՝ ուրախություն՝ չնայած բացասական հանգամանքներին։
1967 թվականին արհեստական լեզուների աշխարհում հեղաշրջում եղավ. «Սթար թրեք» ֆիլմում հնչեցին կլինինգների բարբառով բառեր, և դա այնքան դուր եկավ դիտողներին, որ «Պարամաունթ» ընկերությունը վարձեց լեզվաբանների, ովքեր այս լեզվով թարգմանեցին Շեքսպիրի և Կաֆկայի ստեղծագործությունները։
Պանդորա մոլորակի ավատարները համանուն ֆիլմում խոսում են նավի լեզվով, որը հատուկ հորինվել է Քամերունի ֆիլմի համար։ Նավի լեզուն, ինչպես և կրողները, շատ էկզոտիկ է՝ կա եզակի, երկակի և եռակի թիվ։
«Գահերի խաղը» ֆիլմում գոյություն ունեցող դոտրակիական լեզուն (գրքում այն միայն հիշատակվում է) ֆիլմի ստեղծողներն օգտագործեցին մրցույթի համար, որտեղ մասնակիցները պետք է դոտրակիական լեզուն ներկայացնեին քերականական համակարգով։ Հաղթող Դեյվիդ Պետերսոնն օգտագործեց անգլալեզուներին անսովոր շնչավոր և անշունչ գոյականները։
«Myst» խաղի մասնակիցները պետք է վերծանեին այլմոլորակայինների թողած գրությունները՝ այդպիսով նմանվելով լեզվաբանների, ովքեր ուսումնասիրում են մեռած լեզուները։
Ինչպես տեսանք, մարդկության պատմության շրջափուլերին համապատասխան փոխվել են նաև արհեստական լեզուների ստեղծման պահանջներն ու նպատակները։
Արհեստական լեզուների ստեղծումը շարունակական գործընթաց է, չէ՞ որ լեզուն ինքնին կապված է գիտակցության ու մտքի հետ։ Նավի, դոտրակիական լեզուների ու լաադանի ստեղծողներն ու ուսումնասիրողները սուզվում են մարդկային մտածողության հետաքրքիր ու բարդ աշխարհում։
Մարի Ռաֆյան