- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿԸՆԹԱՆԱ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Օգոստոս 30, 2018 | 16:28
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿԸՆԹԱՆԱ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որը վարում էր ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Օրակարգում հիմնականում նոր ուսումնական տարվա կազմակերպչական ընթացիկ խնդիրներն էին, քննարկվեցին մի շարք այլ հարցեր:
Ռեկտորը նախ անդրադարձավ համալսարանում ընթացող շինարարական և բարեկարգման գործընթացներին, ուսումնական ծանրաբեռնվածությանը, ֆինանսական հոսքերին և խնայողություններին, գիտական գործունեությանը, բուհի հանրակացարանի կառուցման աշխատանքներին, հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների համակարգմանը և այլն:
Արամ Սիմոնյանը պատասխանեց նաև գործընկերների հարցերին, որից հետո ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց ուսումնական գործընթացին վերաբերող որոշ տվյալներ:
Մասնավորապես պրոռեկտորը նշեց, որ կառավարությունից կրթության ոլորտին վերաբերող նոր ծրագրեր, նախագծեր ու առաջարկներ չեն ներկայացվել:
«Որոշ մասնագիտություններ չեն բացվում, սակայն դրա փոխարեն նոր ծրագրերն են գործելու և՛բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում: Իհարկե, տարին փոքր-ինչ դժվար է լինելու, սակայն ուսումնական ամբողջ գործընթացը վերահսկվում է և ընթանալու է բնականոն հունով»- ասաց պրոռեկտորը:
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը էլ հակիրճ տեղեկություններ տվեց պրոֆեսորադասախոսական կազմի գիտական գործունեության արդյունքների և դրանց՝ լրավճարների վրա ազդեցության մասին՝ կոչ անելով գործընկերներին գիտական աշխատանքները ժամանակին մուտքագրել «Ինտրանետ» համակարգ:
Այնուհետև ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը խոսեց կառավարման համակարգային փոփոխությունների մասին, որոնք անդրադարձել են աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացների վրա:
Ա. Թադևոսյանն անդրադարձավ նաև աշխատողի ծանուցման ներքին գործընթացներին, որոնք պատշաճ մակարդակով չեն իրականացվում՝ նշելով, որ նախատեսվում է անցում կատարել ծանուցման էլեկտրոնային տարբերակին:
Բանախոսները պատասխանեցին նաև գործընկերների հարցերին: