- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՔԱՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Հոկտեմբեր 25, 2021 | 14:00
Հասարակություն
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՔԱՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնած և հոկտեմբերի 19-ին մեկնարկած «Հետպատերազմյան Հայաստանը հարևան պետությունների աչքերով» դասընթացն ավարտվել է հոկտեմբերի 22-ին:
4 օր շարունակ հյուրընկալվել են ոլորտի լավագույն մասնագետները՝ ելույթներ ունենալով ընտրված թեմայի շուրջ:
Դասընթացի երկրորդ օրը բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկնածու Վարուժան Գեղամյանը. «Այսօր առավել քան արդիական է խոսել Մերձավոր Արևելքի մասին, քանզի դա նաև հնարավորությունների դաշտ է. այստեղ հայերը մշտապես ներկայացված են եղել»:
Իրանագետ, մագիստրանտ Տաթև Դունամալյանը, ելույթ ունենալով դասընթացի երրորդ օրը, խոսել է պատերազմի շրջանում Իրանի վարած արտաքին քաղաքականության, այդ ժամանակահատվածում ԻԻՀ պաշտոնատար անձանց կատարած պաշտոնական հայտարարությունների մասին։
Բանախոսը ներկայացրել է իր կատարած մեդիամոնիտորինգի արդյունքները. «Պատերազմի արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ հայտարարություն չի արել, ուստի կարելի է փաստել, որ հավասարակշռված քաղաքականություն է վարել, այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել նաև Իրանի հոգևոր իշխանությունը»:
Դասընթացի վերջին՝ չորրորդ օրը բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի շրջանավարտ, վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ խոսելով պատերազմի շրջանում համացանցում տեղ գտած մի շարք տեղեկությունների մասին։
Վրացագետը մանրամասներ է ներկայացրել «3+3» և «3+4» ծրագրերի ու դրանց իրականացման հնարավորությունների մասին, ինչպես նաև անդրադարձել Վրաստանում ներկա քաղաքական իրավիճակին:
Տեղի ունեցած քննարկումից ու հարցուպատասխանից հետո հանդիպումն ամփոփել է ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը: