- Գլխավոր
- Նորություններ
- ԳԽ-Ն ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Հունվար 14, 2022 | 16:40
Հասարակություն
ԳԽ-Ն ԵՊՀ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ՝ օրակարգային 5 և ընթացիկ հարցերով:
Նախքան նիստի առաջարկված օրակարգի հաստատումը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց այս ընթացքում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
ԵՊՀ ռեկտորը մասնավորապես տեղեկացրեց, որ ձեռք են բերվել տասը նոր «Clevertouch» ինտերակտիվ էկրաններ, որոնք նպաստելու են ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը, բացի դրանից՝ նա փաստեց, որ համալսարանի բոլոր մասնաշենքերը և հարակից տարածքները չափագրվել են՝ հետագայում տարածքն ավելի շահավետ օգտագործելու նպատակով:
Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց նաև վերանորոգման նախատեսված ծրագրերը, ինչպես նաև համալսարանի հենքի վրա բացվելիք դպրոցին ուղղված աշխատանքները:
Այնուհետև նիստի առաջարկված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ գիտխորհրդի մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ-ի հաստատմանը ներկայացրեց պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու 1 հայց՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել ու քննել է ներկայացված փաստաթղթերը, և նշեց, որ դրանք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին:
Գիտական խորհրդին ներկայացված գիտական կոչում շնորհելու հայցը հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ԳԽ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը՝ փաստելով, որ նախատեսվում է անցկացնել 5 նիստ:
Ժամանակացույցի հաստատումից հետո ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին ներկայացրեց ԵՊՀ կառուցվածքում փոփոխությունների փաթեթը, որը հաստատման դեպքում ներկայացվելու է Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:
Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ առաջարկվում է Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչությունը բաժանման եղանակով վերակազմակերպել Անձնակազմի կառավարման բաժնի և Իրավաբանական ծառայության, Մինչհամալսարանական կրթության վարչությունը՝ Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժինը՝ Դոկտորական կրթության կենտրոնի, Հանրային կապերի ծառայությունը՝ Հանրային կապերի և մարքեթինգի վարչության, Հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունը՝ Շարունակական կրթության կենտրոնի:
Բացի դրանից՝ առաջարկվում է ստեղծել Ռազմավարական պլանավորման կենտրոն ու լուծարել Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբը, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» հետազոտական կենտրոնը:
Փոփոխությունների ներկայացված առաջարկությունների վերաբերյալ քննարկումներից, ելույթներից ու պարզաբանումներից հետո գիտխորհուրդը քվեարկությամբ հաստատեց ներկայացված փոփոխությունների նախագիծը Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնելու հարցը:
Այնուհետև օրակարգային հաջորդ հարցերի շրջանակում ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը ԳԽ-ին զեկուցեց 2021 թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականը (հունվար-նոյեմբեր) ու 2022 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջե):
Օրակարգային հարցերի սպառումից հետո գիտխորհուրդը որպես բուհական դասագրքեր հրատարակության երաշխավորեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն. մաս առաջին» (հեղ.՝ Վ. Հովհաննիսյան, Ս. Մեղրյան, Ա. Ղարսլյան, Տ. Մարկոսյան, Վ. Եսայան, Պ. Թադևոսյան, Վ. Գրիգորյան, Ա. Միքայելյան) և «Թալիշերենի դասագիրք» (հեղ.՝ Վ. Ոսկանյան, Հ. Ավչյան) աշխատանքները:
Նիստի ավարտին ձևավորված հաշվիչ հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ քվեարկությանը մասնակցել է 66 անդամ և երաշխավորել գիտական կոչում շնորհելու հայցը: