- Գլխավոր
- Նորություններ
- ԳՐԵԼՈՒ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբեր 10, 2018 | 15:22
Հասարակություն
ԳՐԵԼՈՒ ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կուրսային կամ դիպլոմային աշխատանքի հերթական գլուխն ավարտելուց, նոր բանաստեղծություն կամ հոդված գրելուց հետո մարդկանց մեծ մասն իրեն խաղաղված է զգում: Այդպիսի զգացողություններ ունենալու համար մի շարք պատճառներ կան:
Հիշու՞մ եք՝ դեռահասության տարիներին հաճախ էինք ստեղծագործում: Գեղեցիկ նոթատետրերը լցվում էին մեր բանաստեղծություններով, պատմվածքներով, իսկ ավելի հաճախ՝ ուղղակի օրագրային գրառումներով: Օրագիր ունենալը յուրահատուկ թերապիա էր, որը զգացմունքային առումով օգնում էր լիցքաթափվել: Հոգեբանները պարզել են, որ տեքստեր գրելը, մանավանդ՝ ձեռագիր, նպաստում է ուղեղի աշխատանքին, բարելավում է հիշողությունն ու օգնում է գտնել նոր մտքեր, գաղափարներ:
Կուրսային կամ դիպլոմային աշխատանքի հերթական գլուխն ավարտելուց, նոր բանաստեղծություն կամ հոդված գրելուց հետո մարդկանց մեծ մասն իրեն խաղաղված է զգում: Այդպիսի զգացողությունների համար մի շարք պատճառներ կան: Դրանց մասին է գրում lifehacker.ru կայքը:
Գրելը լավացնում է հիշողությունը
Համալսարանական դասախոսությունների ընթացքում նշումներ անելը սրա վառ ապացույցն է: Լսարանում գրի առնված հատվածները շատ լավ տպավորվում են հիշողության մեջ: Այս երևույթը պարզ կենսաբանական բացատրություն ունի. որևէ բան գրի առնելիս աշխատում է ռետիկուլյար ակտիվացնող համակարգը, որի արդյունքում ուղեղը կենտրոնանում է գրի առնվող տեղեկատվության վրա:
Օրագիր ունենալը բարելավում է առողջությունը
Ըստ Տեխասի համալսարանի գիտնականների հետազոտությունների՝ օրագիր ունենալը նպաստում է Т-լիմֆոցիտների արտադրությանը: Т-լիմֆոցիտներն իմունային բջիջներն են, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ: Օրագրային գրառումների շնորհիվ մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում տհաճ իրադարձություններն ու հիասթափությունները: Բացի այդ՝ օրագրում գրելու ընթացքում միաժամանակ աշխատում են ուղեղի երկու կիսագնդերը:
Գրելն ազդում է ինտելեկտի վրա
Որևէ թեմայի մասին գրելու համար պետք է հստակ պատկերացնել թեման, կանոնակարգել այն, ապա նոր դարձնել տեքստ, որն անհնար է խոսքային շփման ժամանակ: Գրելիս մարդիկ փորձում են նոր բառեր ու արտահայտություններ կիրառել, քանի որ միատիպ ու կրկնվող պարբերություններն անհետաքրքիր են թվում: Գրող մարդկանց բառապաշարն ավելի հարուստ է. օրինակ՝ նրանք իմանում են կապույտ ու քամի բառերի բոլոր հոմանիշները և, ինչն ամենակարևորն է, կիրառում են դրանք:
Ստեղնաշա՞ր, թե՞ գրիչ
Եկեք խոստովանենք, որ գրենական պիտույքների բաժնի կողքով անհնար է անտարբեր անցնել: Ցանկություն է առաջանում այդ մեծ ու փոքր, վառ, գունավոր ու դասական նոթատետրերի մեջ գրել ու գրել: Եվ գրելու ֆիզիկական գործընթացը միայն դրական ազդեցություն ունի: Ուղեղն աշխատում է երեք ուղղությամբ. զարգանում է մանր մոտորիկան, երբ վերցնում ենք մատիտը կամ գրիչը, ուղեղը ճանաչում է գծերն ու ձևերը, իսկ ձեռքը ստեղծում է ուղեղում առկա պատկերը:
Գրելն առաջացնում է նոր մտքեր, իսկ նոր մտքերը ստիպում են գրել:
Գրելու ընթացքում անընդհատ նոր մտքեր են ծնվում: Օրագրում մեր անհաջող օրը նկարագրելու ժամանակ հիշում ենք անգամ անցորդի վերարկուն, որից տեսել ենք խանութում: Մտքերի նմանատիպ անցումներն ու թռիչքներն ամեն անգամ գրելու նոր առիթ են ստեղծում: Եվ միայն ավելի շատ գրելու շնորհիվ է հնարավոր կատարելագործվել:
Խնդրի լուծումը՝ գրելով
Խնդիրը լուծելու համար պետք է այն հասկանալ, ուսումնասիրել մանրուքները: Խնդրի գրավոր նկարագրությունը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել երևույթի մասին: Խորանալով խնդրիր մանրամասների ու բուն էության մեջ՝ մենք գտնում են լուծումը, հաճախ՝ լուծման մի քանի տարբերակներ:
Եվ միակ բանը, որից պետք է հնարավորինս խուսափել, կլիշեներն են: Դրանք ստանդարտացված արտահայտություններն են, որոնք ոչ միայն աչքին հաճելի չեն, այլև չեն նպաստում ուղեղի աշխատանքին:
Այսպիսին են ձեռքով գրելու առավելությունները: Եվ դրանք ստուգելու լավագույն տարբերակը փորձելն է. գուցե մեր վաղուց չլուծվող խնդիրը սպասում է թղթի վրա տեսք ստանալո՞ւն:
Մարի Ռաֆյան