- Գլխավոր
- Նորություններ
- 5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
Հունիս 29, 2018 | 17:10
Կրթություն
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ
«Եթե հնարավորություն ունենայի՝ չէի վարանի կյանքիս առաջիկա մի քանի տարին դարձյալ նվիրելու գիտության այս ճյուղին »
«Քաղաքագիտություն»
«Այն իմ մասնագիտությունն է. գիտությունների թեկնածու եմ, դոցենտ: Հումանիտար գիտության այս ճյուղն իր գիտական դիսցիպլինար համակարգով՝ Վերածննդի դարաշրջանում է հիմնականում ձևավորվել, արմատները հասնում են մինչև Հին Չինաստան, Հնդկաստան, Հունաստան, Հռոմ: Այն ուսումնասիրում է հասարակություն-պետություն հարաբերությունները, մարդու և պետական ինստիտուտների առնչությունները, իշխանությունների ու պետական քաղաքականության ազդեցությունը մարդկանց լայն զանգվածների վրա, թե ինչպես պետք է մարդը մասնակցի հասարակության կառավարման գործերին»:
«Տարածաշրջանային քաղաքականություն»
«Այն իմ մասնագիտացումն է: Հումանիտար ուղղությամբ, ինչպես նաև քաղաքական՝ մեգա, մեզո և լոկալ գործընթացներով հետաքրքրվողների համար ծրագիրն անփոխարինելի է: Ընդ որում՝ թե՛ բովանդակային, թե՛ դասավանդման մեթոդական, թե՛ դասախոսական կազմի առումով: Մեծ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս, քաղաքական վարչակարգեր, միջազգային ու տարածաշրջանային ռազմական ու տնտեսական, սոցիոմշակութային հարաբերություններ, էթնոբանություն, զինված ուժեր. երկամյա ուսումնառության ահռելի մեծ կաթսա, որի մեջ ուսանողը կամավոր կմտնի «տանջվելու», դուրս կգա՝ արհեստավարժ մասնագետ»:
«Արևելագիտություն»
«Համարում եմ, որ այս մասնագիտությունը հումանիտար գիտությունների «ամենաինտելեկտուալն» է: Ինձ կիսով չափ արևելագետ եմ համարում: Եթե հնարավորություն ունենայի՝ չէի վարանի կյանքիս առաջիկա մի քանի տարին դարձյալ նվիրելու գիտության այս ճյուղին: Մենք Մեծ Մերձավոր Արևելքի հյուսիսային դարպասն ենք: Միջերկրականում թիթեռնիկի շարժը կարող է անդրադառնալ Հորադիզի մեր դիրքերի վրա: Աշխարհի պատմությունն է սկսվում Արևելքից: Ինձ համար թոփ մասնագիտությունների առաջին երկյակում է»:
«Կրոնագիտություն»
«Քաղաքական գործընթացները, սուբյեկտների վարքը, մարդկության պատմությունն ու զարգացման հեռանկարները ճիշտ ընկալելու և խորությամբ հասկանալու համար այս մասնագիտությունն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Աստվածաբանության ֆակուլտետ չեմ ավարտել, բայց իմ մասնագիտության մեջ կայանալու հարցում մեծապես օգնել են փիլիսոփայությունն ու կրոնների պատմությունը, որոնք մինչև օրս էլ, ավելի քան 20 տարի, ուսումնասիրում եմ»:
«Փիլիսոփայություն»
«Ուսանողների մեծ մասի համար այս առարկան «ավելորդ» է թվում, «ձանձրալի ու անպիտան»: Նրանք մոլորության մեջ են: Լիարժեք: Ինձ համար փիլիսոփայությունը գիտությունների մայրն է, մտքի ու հոգու ներդաշնակ աշխատանքի մեխանիզմը: Այն իմացություն է, կեցության սկզբունքների ու օրինաչափությունների՝ անվերջ հակասական գիտություն, մարդկային գիտելիքի բոլոր շերտերն ու ոլորտները շոշափող համակարգ: Եթե ունեք «իմաստության» հանդեպ «սեր», սովորե՛ք փիլիսոփայել»:
Անի Պողոսյան