- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՈՒՍԱՆՈՂ ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻՑ Է
Սեպտեմբեր 13, 2018 | 10:20
Հասարակություն
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՈՒՍԱՆՈՂ ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻՑ Է
Ես ԵՊՀ ուսանող Ալբերտ Մակարյանն եմ:
Ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում: Մինչև 8-րդ դասարան հաճախել եմ գյուղի դպրոցը, հետո Երևանում՝ Մխիթարյան միաբանության կրթահամալիր: Ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ: Առաջին կուրսում զորակոչվել եմ բանակ, ծառայությունից հետո շարունակել եմ ուսումս:
Մինչ կրթահամալիրում ուսանելը, երբեք չեմ մտածել այս ֆակուլտետ ընդունվելու մասին: Դեռ մանկուց երազել եմ ֆուտբոլիստ դառնալ: Բայց մեր գյուղում չկային համապատասխան պայմաններ, իսկ կրթահամալիրում սովորելու տարիներին, երբ դիմում էի տարբեր տեղեր, ինձ ասում էին, որ արդեն ուշ է:
Երբ ժամանակը հասունացավ որոշում կայացնելու համար, թե որտեղ եմ ուզում ստանալ բարձրագույն կրթություն, հստակ գիտեի, որ ԵՊՀ-ում, բայց որ ֆակուլտետում՝ տատանվում էի: Իրականում ինձ այս ֆակուլտետ ընդունվել խորհուրդ է տվել աշխարհագրության ուսուցիչս: Երկար մտածեցի ու հասկացա, որ հիմա այս մասնագիտությունն արդիական է, իսկ լավ սովորելու դեպքում իմ մասնագիտացմամբ լավ աշխատանք, միանշանակ, կգտնեմ:
Ճիշտ է, տանից հեռու եմ, կարոտում եմ, բայց դե ինչ արած: Գյուղ գնում եմ արձակուրդներին, որովհետև թե՛ ֆիզիկապես ու թե՛ ֆինանսապես դժվար է նույնիսկ շաբաթը մեկ անգամ 5 ժամ ճանապարհ գնալը: Դե գոնե լավ է, որ հենց մեր գյուղից ընկեր ունեմ:
ԵՊՀ-ում սովորելը բարդ չէ: Ընդհանրապես, եթե սիրում ես գործդ, այն անելը բարդ չէ: Բացի դա, համալսարանն աջակցում է իր ուսանողներին: Անցած տարի օգտվել եմ մարտական հերթապահություն իրականացրած տղաներին տրվող ուսման վարձի զեղչից, այս տարի էլ կօգտվեմ սահմանամերձ գյուղերում ապրող ուսանողների համար նախատեսված զեղչից:
Դեռ չգիտեմ, թե համալսարանն ավարտելուց հետո կմնամ մայրաքաղաքում կամ կգնամ Չինարի: Դժվարանում եմ, որովհետև ընտրությունս կապված է աշխատանքի հետ: Բայց ավելի շատ տուն գնալ եմ ուզում: Հուսանք, որ կստացվի:
Ուսմանս զուգահեռ հասցնում եմ նաև «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբում պարել: Պարել եմ դեռևս Մխիթարյան միաբանության կրթահամալիրում ուսանելու տարիներին, սակայն խմբում պարել սկսել եմ վերջերս: Մի խոսքով՝ հագեցած ուսանողական կյանք ունեմ ու դեռ ունենալու եմ: Գոհ եմ ԵՊՀ-ի տված կրթության որակից, բայց ավելի գոհ եմ այստեղ ձեռք բերած կյանքի դասերից:
Պատրաստեց
Մարինե Առաքելյանը