- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Փետրվար 03, 2023 | 16:16
Կրթություն
Հասարակություն
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
Դեսպան Բ. Իմանբաևը, անդրադառնալով հայ-ղազախական բարեկամության ամրապնդման գործում ԵՊՀ-ի ունեցած կարևոր դերին, ընդգծեց. «Այս գրքերն ընթերցողին հնարավորություն կտան համապարփակ պատկերացում կազմելու Ղազախստանի պատմության, ներկայիս քաղաքական ու տնտեսական միտումների և զարգացումների մասին»:
Մատնանշելով ԵՊՀ ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի և մասնավորապես թյուրքագիտության ամբիոնի աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցությունը՝ դեսպանը երախտագիտության խոսք հայտնեց նրանց արդեն իսկ իրագործված և ակնկալվող համատեղ ծրագրերի համար:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց Ղազախստանի քաղաքական ղեկավարությանը և դեսպանությանը՝ ամբիոնի աշխատանքների հանդեպ մշտական ուշադրության, արդյունավետ համագործակցության և ԵՊՀ դասախոսներին Ղազախստանի պետական բարձր պարգևների արժանացնելու համար:
«Հայ թյուրքագետներն ու բանաստեղծ-թարգմանիչները կշարունակեն ակտիվորեն համագործակցել ղազախ գործընկերների և գրչեղբայրների հետ՝ ղազախական բանահյուսության նմուշների՝ հայերեն թարգմանության և ակադեմիական հրատարակության, ինչպես նաև հայատառ ղփչաղերեն ձեռագրերի պատմաբանասիրական ուսումնասիրության բնագավառներում»,- վստահեցրեց Ա. Սաֆարյանը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ֆակուլտետի ամբիոնի վարիչներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ֆակուլտետի ասպիրանտներն ու ուսանողները:
Դեսպանին ուղեկցում էին Ղազախստանի դեսպանատան առաջին քարտուղար Զ. Շախմանովան և Ղազախստանի դեսպանատան հյուպատոս, երրորդ քարտուղար Ռ. Ալինխանը: