- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ԵՐԲԵՎԷ ԱՅՆՊԻՍԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ԻՆՉՊԵՍ ԱՅՍՕՐ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Փետրվար 28, 2019 | 18:29
Քաղաքականություն
«ԵՊՀ-Ն ԵՐԲԵՎԷ ԱՅՆՊԻՍԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ԻՆՉՊԵՍ ԱՅՍՕՐ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց լրագրողների հետ և պատասխանեց նրանց հարցերին:
Արամ Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե շարունակում է կարծել, որ Հոգաբարձուների խորհրդի որոշ անդամների՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին ցանկությունը քաղաքական ճնշումների հետևանք է, նշեց, որ այդ ցանկությունը նախևառաջ ի հայտ է եկել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և նրա խորհրդականի՝ Սամվել Կարաբեկյանի մոտ:
«Նրանք համալսարանականներ են, և հավանաբար ժամանակին նրանց դուր չի եկել իմ աշխատաոճը, թեև քաղաքավարությունից դուրս որևէ խոսակցություն մենք չենք ունեցել: Ինչ վերաբերում է Հոգաբարձուների խորհրդի անդամների տեսակետներին ու նրանց ելույթներին, ես դրանք չեմ մեկնաբանի, քանի որ իմ իրավասությունների մեջ դա չի մտնում: Հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ-ի կառավարման բարձրագույն մարմինն է, համալսարանների խնդիրները լուծող գերագույն մարմինը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Նա նշեց, որ համաձայն է այն տեսակետի հետ, որ իրավական դաշտի տեսանկյունից՝ օրակարգում առաջ քաշված հարցը միանգամայն կամայականություն է. «Չկա ոչ մի լուրջ հիմնավորում: Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ: Դրա լեգիտիմությունը կասկածի տակ ոչ ոք չի կարող դնել, ինչքան էլ նշվի, որ նախկին Հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր: Ես ձեզ վստահորեն ասում եմ. Հոգաբարձուների բոլոր խորհուրդների ժամանակ միշտ էլ բարձրացվել են հարցեր, միշտ էլ հնչել են ելույթներ, այդ թվում՝ քննադատական, ինչպես համալսարանի ղեկավարության, այնպես էլ Հոգաբարձուների խորհրդի գործունեության վերաբերյալ: Ո՛չ իմ և ո՛չ էլ Հոգաբարձուների խորհրդի կողմից ճնշում չի եղել»:
ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ այսօր էլ այդ մարմնի կողմից որևէ ճնշում չկա. «Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իրեն շատ քաղաքավարի և շատ բանիմաց է դրսևորում: Որևէ անդամի կողմից ես ոչ մի թթու խոսք չեմ լսել»:
Արամ Սիմոնյանը լրագրողների հետ ունեցած զրույցում ասաց, որ իր կարծիքով, առկա է քաղաքական խնդիր. «Չեմ թաքցրել և հիմա էլ չեմ թաքցնում, որ ՀՀԿ անդամ եմ դեռևս 1997 թվականի սկզբից: Ես այդ կուսակցության շարքերն ընդունվել եմ, քանի որ ունեմ գաղափարական հստակ մոտեցումներ: Ես Նժդեհի ազգային-պահպանողականության գաղափարաբանության կողմնակիցը և ջատագովն եմ: Բայց ես երբեք համալսարանականի իմ դերակատարությունը չեմ խառնել իմ կուսակցական լինելու հետ: Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել այդ հարցում: Ես միշտ եղել եմ, կամ և կլինեմ այն համոզման, որ ԵՊՀ-ն և որևէ այլ կրթական հաստատություն կուսակցական քարոզչության և կուսակցական գործունեության տեղ չէ: Նույնիսկ իմ այդ համոզման համար ես ենթարկվել եմ պարսավանքի 90-ականների վերջին»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արայիկ Հարությունյանի մոտ Սերժ Սարգսյանից բողոքել է, Արամ Սիմոնյանը հերքեց՝ ասելով, որ ուրիշ բանի մասին է խոսել, բայց իր խոսքը կտրել են համատեքստից և այլ կերպ ներկայացրել. «Ես ինձ թույլ չեմ տա այն մարդու հասցեին, որի հետ երկար ժամանակ աշխատել եմ, որևէ վատ բան ասել կամ բամբասել: Մեր խոսակցությունը որևէ կապ չուներ Սերժ Սարգսյան մարդու և իմ հարաբերությունների հետ: Զուտ եղել է խոսակցություն՝ կապված ռեկտորի և Հոգաբարձուների խորհրդի նախագահի հարաբերության հետ: Ընդ որում, ես ընդունել եմ, որ մի անգամ ես եմ սխալվել, և միևնույն ժամանակ մատնանշել, որ նման սխալ գործել է նաև Հոգաբարձուների խորհուրդը»:
«Այս հարցը, իհարկե, պետք է հանգուցալուծվի, բայց ես կրկնում եմ՝ չի կարելի բռնությամբ հանգուցալուծել այն: Շուրջ 13 տարի է՝ ես ռեկտոր եմ: Հավաստիացնում եմ՝ սա շատ հոգսատանջ, ծանր, բայց միևնույն ժամանակ շատ պատվաբեր աշխատանք է: Ես իմ ուժերի ներածին չափով արել եմ այն, ինչ օգուտ է համալսարանին: Այսօր հնչեցին արտահայտություններ, թե սա ճահիճ է: Մարդ, եթե համալսարանի մասին նման բան է ասում, նշանակում է, որ նա ոչինչ չգիտի ԵՊՀ-ի մասին»,- մեկնաբանեց ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանը հավաստիացրեց, որ ԵՊՀ-ն երբևէ այնպիսի ֆինանսական կայունություն չի ունեցել, ինչպես այսօր. «Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային, այն կազմել է ավելի քան 750 մլն դրամ, այսօր դրանից մնացել է ընդամենը 80 մլն դրամ. սա՞ է վատ կառավարման արդյունք: ԵՊՀ-ն երբևէ չի ունեցել այսչափ միջազգային գործընկեր, որքան հիմա՝ ավելի քան 200»:
ԵՊՀ ռեկտորը լրագրողների հետ զրույցի ժամանակ համոզմունք հայտնեց նաև, որ հարուցված քրեական գործերից և ոչ մեկը չի ապացուցվի. «Ստուգումների արդյունքների հիման վրա, որոնք մեզ ակտի ձևով չեն էլ տրվել, այլ միայն տեղեկանքի, կազմել ենք 48 էջանոց պատասխան: Դրա վրա լուրջ իրավաբաններ են աշխատել: Իմանալով, որ առանց մեզ ակտին ծանոթացնելու՝ այն օրենքի խախտմամբ ուղարկվել է Դատախազություն, մենք մեր պատասխանները նույնպես ուղարկել ենք այնտեղ»:
ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությանը՝պարզաբանելով իրավիճակը և բացատրելով, թե ինչու են մեղադրանքներն անհիմն:
Հնչած բոլոր հարցերին և պատասխաններին կարող եք ծանոթանալ տեսանյութում:
Քնար Միսակյան