- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
Հուլիս 12, 2018 | 14:37
Հասարակություն
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
Դասընթացները վարում է Արի Շեքերյանը, ով իր ուսումնառությունը սկսել է Ստամբուլի համալսարանի Թուրքագիտության ֆակուլտետից, իսկ հետո գիտական ճանապարհը շարունակել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ ցեղասպանությունից հետո Օսմանյան կայսրությունում ապրող հայերի քաղաքական հայացքների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել:
«Ես նախկինում էլ առիթ ունեցել էի ուսումնասիրել Օսմանյան կայսրությունում ապրող հայերի մասին վկայող պատմական փաստերը,- ասում է Արին,- բայց այս անգամ շատ ավելի հետաքրքրական էր անդրադառնալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայում ապրող հայերի քաղաքական դիրքորոշմանը, ուսումնասիրել այն պատմական փաստերը, որոնցում հայտնի է, թե ինչպես են հայերը ցեղասպանությունից հետո էլ շարունակել ապրել Թուրքիայում՝ մի կերպ պահելով սեփական գոյությունը: Սա շատ կարևոր թեմա է հասկանալու համար նաև, թե ինչպես են հայերը, վախենալով երկրորդ անգամ ցեղասպանվելուց, բռնի տեղահանություններից ու սպանություններից, աջակցում թուրքերին»:
Արի Շեքերյանը ծնվել է Ստամբուլում, նրա հայրը Ստամբուլում, իսկ մայրը Սեբաստիայում ծնված հայեր են: Արին իր ուսումը ստացել է հայկական դպրոցներում ու հետագայում որոշել է, որ ցանկանում է Թուրքիայի պատմությանը և լեզվին առավել լավ տիրապետել ու Ստամբուլի համալսարանում թուրքագիտություն է ուսումնասիրել: «Իհարկե, թուրքագիտությունը Հայաստանում և Թուրքիայում տարբեր կերպ է մատուցվում,- պատմում է Արին,- Թուրքիայում այն ուսումնասիրում են լեզվակիրները, ուստի կարիք չկա լեզուն սովորելու համար դասաժամ ծախսել, փոխարենն ուսանողներն օսմաներեն և լեզվաբանություն են սովորում, իսկ Հայաստանում մի փոքր այլ է: Այստեղ ուսանողները մի քանի տարի նախևառաջ լեզուն են սովորում, որի կարիքը թուրք ուսանողները պարզապես չունեն»:
Մյուս կողմից, երբ Արին խոսում է հայ և թուրք ուսանողների նմանության և տարբերության մասին, առանձնահատուկ շեշտում է, որ հայ ուսանողներն աշխատասեր են, պատասխանատու. «Եթե ես իմ հայ ուսանողներին ինչ-որ բան եմ հանձնարարում, ապա հաջորդ դասաժամին երևում է, որ տանը կարդացել, ուսումնասիրել են: Ֆակուլտետում նույնպես բացառիկ լավ մասնագետներ են հավաքվել, ինչը հնարավոր է դարձնում նմանատիպ դասընթացների կազմակերպումը »,- ասում է Արին: Այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ- թուրքական հարաբերությունների ներկայիս փուլը, Արին պատասխանում է. «Աբդուլահ Գյուլի ժամանակ մենք հայ-թուրքական հարաբերությունները զարգացնում էինք այսպես կոչված «Ֆուտբոլային քաղաքականությամբ», և այդ եզրույթը Հայաստանում էլ նույն անունն ուներ:
Բայց հիմա թուրքերը մի տեսակ ձեռնապահ են դարձել: Առայժմ թուրքական հասարակությունը համր է հայկական թեմաներին վերաբերող հարցերում: Այդ թեմաներին թուրքերը հիմա ոչ դրական, ոչ էլ բացասական են վերաբերվում, տեսնենք, թե մինչև երբ է այն շարունակվելու, բայց այստեղ հետաքրքրականն այն է, որ երբ այս թեմաների մասին խոսում եմ հայ ուսանողների հետ, նրանք առավել մանրամասն են կարողանում Թուրքիայում տիրող իրավիճակը վերլուծել, քան թուրքերը: Հավանաբար դրսից հայացք նետելու հնարավորություն ունենալն ամեն ինչ առավել տեսանելի է դարձնում»,- պարզաբանում է Ա. Շեքերյանը:
Անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք հանդուրժող են թուրքերն ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի նկատմամբ, Արին ասում է, որ Ստամբուլը կոսմպոլիտ քաղաք է, այնտեղ մարդիկ սովոր են այլազգիներին և գիտեն, որ կլինեն հայ, թե հույն, նրանք այնտեղ են գալիս գումար ստեղծելու նպատակով, հենց այդ միտքն էլ Ստամբուլում ապրողներին ստիպում է ժպիտով ընդունել բոլոր նորեկներին, չնայած որ Թուրքիայում էլ տարաձայնություններ կային սիրիացի փախստականների շուրջ, բայց երբեք չի եղել, որ նրանք գոռան, թե բոլոր հայերը պետք է վերադառնան Հայաստան, թեպետ հայերն այնտեղ մոտ յոթանասուն հոգանոց հայկական համայնք ունեն:
Խոսելով ապագայի պլանների մասին՝ Արին նշում է, որ մտադիր է Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրած թեման գրքի վերածել. «Հիմա շատ կցանկանայի այն մեծ աշխատանքը, որ կատարել եմ այս ընթացքում, գրքի վերածել, բացի դրանից՝ աշխատում եմ նաև մի քանի հոդվածների վրա, որոնք պետք է գիտական ամսագրերում լույս տեսնեն: Կարծում եմ՝ հետագայում էլ շարունակելու եմ Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի մասին ուսումնասիրություններով զբաղվել»:
Անի Պողոսյան