- Գլխավոր
- Նորություններ
- «ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՆՁ». ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հուլիս 13, 2018 | 13:55
Ուսանողական
«ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՆՁ». ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից է:
Մկրտիչյանի հայրական պապը եղել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից:
Պրոֆեսորը երախտագիտությամբ պատմում է ծնողների մասին, ովքեր այժմ էլ Ստեփանակերտում են ապրում ու գործում. «Նրանք միշտ ուշադրությամբ հետևել են իմ կրթությանը, քաջալերել ու ոգևորել են ինձ: Ես իմ ձեռքբերումների համար պարտական եմ նրանց»:
Մկրտիչյանը կարծում է, որ մարդիկ միշտ էլ կարոտում են մանկությունը: «Անհոգ տարիների նկատմամբ բոլորն էլ առանձնահատուկ վերաբերմունք ունեն»,- նկատում է նա:
Դեկանը նշում է, որ իր մանկությունը հարուստ է եղել հետաքրքիր պատմություններով ու հիշում դրանից մեկը. «Մեր տունը շատ մոտ է այժմյան Արցախի պետական համալսարանին: Եվ մի անգամ (հազիվ լինեի չորս տարեկան) տեսա, որ գառներ են անցնում մեր տան մոտով, վազեցի, բռնեցի մեկին ու տարա դեպի համալսարան: Հայրս, բարեբախտաբար, տեսավ, մոտեցավ ինձ ու հարցրեց՝ ուր եմ տանում գառներին, իսկ ես պատասխանեցի՝ տանում եմ, որ ինստիտուտ ընդունվեն»:
Զվարճալի պատմությունից զատ՝ Ա. Մկրտիչյանը հիշում է այն կռիվների ու տարաձայնությունների մասին, որոնք տեղի էին ունենում հայերի ու ադրբեջանցիների միջև. «Երբ մասնակցում էինք որևէ մրցումի, ադրբեջանցիները փորձում էին մեզ ճնշել ու վնասել, մենք մշտապես կռվում էինք»,- պատմում է դեկանն ու հավելում. «Այժմ, երբ հիշում եմ, զարմանում եմ՝ ինչպես ենք ողջ-առողջ դուրս պրծել այդ թոհուբոհից»:
Ա. Մկրտիչյանի բնորոշմամբ, ղարաբաղցիներին հատուկ համառությունը փոխանցվել է իրեն: «Այն, ինչ ունեմ, փոխանցվել է գեներով,- ասում է նա ու հավելում,- մարդն առանց արմատների կամ գեների գոյություն ունենալ չի կարող»:
Խոսելով իր անվան մասին՝ դեկանը պատմում է, որ այն Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանված «Բոռը» ֆիլմից է. «Այդ ժամանակ ճանաչված ու տարածված էր այդ ֆիլմը: Գլխավոր հերոսը Արթուրն էր, կարծում եմ` հենց հերոսի պատվին էլ անվանակոչել են ինձ»,- ամփոփում է նա:
Անգին Խաչատրյան