- Գլխավոր
- Նորություններ
- «ՏԱՏՍ ԳՈԳՆՈՑԻ ԳՐՊԱՆՈՒՄ ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ ՉԻՐ ԷՐ ՊԱՀՈՒՄ ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿ ԲԱՐՁՐԱՆԱԼԻՍ ՏԱԼԻՍ ԷՐ ՄԵԶ». ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Հուլիս 11, 2018 | 13:58
Ուսանողական
«ՏԱՏՍ ԳՈԳՆՈՑԻ ԳՐՊԱՆՈՒՄ ԿՈՆՖԵՏՆԵՐ ՈՒ ՉԻՐ ԷՐ ՊԱՀՈՒՄ ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿ ԲԱՐՁՐԱՆԱԼԻՍ ՏԱԼԻՍ ԷՐ ՄԵԶ». ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը ծնվել է Դիլիջան քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում.
«Հայրս մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրս՝ ռուսաց լեզվի: Հայրս ճանաչված էր իբրև լավ մասնագետ և վաստակավոր ուսուցիչ»,- պատմում է դեկանը և նկատում. «Մինչև հիմա անծանոթ որևէ մեկին ներկայանալիս ասում եմ, որ Սահակյան Արտուշի որդին եմ. այդպես ավելի հեշտ են ինձ ճանաչում»:
Սահակյանը նշում է, որ ի սկզբանե պարզ է եղել մասնագիտության ընտրությունը. «Դեռ մանկուց ինձ հեշտ էր տրվում թվաբանությունը: Երբ հարևանները որևէ բան էին գնում կամ վաճառում, օգնականը ես էի»,- ժպիտով հիշում է նա:
Դեկանի հայրական պապը եղել է հյուսն, տատը՝ տնային տնտեսուհի, իսկ մայրական պապն ու տատը Երևանից տեղափոխվել են Դիլիջան ու մշտական բնակություն հաստատել: «Պապս թոքերի խնդիր է ունեցել, իսկ Դիլիջանը համարվում է լավագույն առողջարաններից մեկը` թոքերի հիվանդությամբ տառապողների համար»,- հավելում է Սահակյանը:
Վերջինս կարոտով նկարագրում է այն երկհարկանի հայրական տունը, որի առաջին հարկում ապրում էին տատն ու պապը, երկրորդում՝ ծնողները՝ իրենց երեք որդիների հետ. «Տատս գոգնոցի գրպանում միշտ կոնֆետներ ու չիր էր պահում և ամեն անգամ երկրորդ հարկ բարձրանալիս տալիս էր մեզ»,- հիշում է նա:
Դեկանի վերհուշում կերպավորվում է լավաշ թխելու հանդիսավոր արարողությունը. «Տատս շարում էր հացի գնդերը, և քանի որ մենք թոնիր չունեինք, հացը թխում էր հարևանի տանը: Ամբողջ փողոցով տարածվում էր տաք հացի անուշ բույրը, իսկ մենք վերցնում էինք տաք լավաշը, կարագը հալեցնում, ավելացնում պանիրն ու համտեսում. կարծում եմ՝ դրանից ավելի համեղ բան չկա», - պատմում է Ա. Սահակյանը:
Պրոֆեսորը հիշում է մանկությունը զարդարող խաղերը. «Փողոցը մեր ձայնով, աղմուկ-աղաղակով էր լցվում»,- հուզմունքով նկատում է նա ու ափսոսում, որ այժմ փողոցի ձայները լռել են. «Երբ գնում եմ հայրենի եզերք, բակերն այնպես դատարկ են թվում, երեխաները չեն խաղում, աղմուկ-աղաղակով չեն լցնում փողոցը. հարևաններից շատերը հեռացել են»:
Մանկության անբաժանելի մասը սիրահարվածությունն է, որի մասին Արթուր Սահակյանը պատմում է անթաքույց ժպիտով. «Սեր չէի անվանի, բայց սիրահարվածություն, իհարկե, եղել է. մի՞թե հնարավոր է մեկով չհիանալ, մեկին չնայել կամ թաքուն չհետևել. դրանք իհարկե անպատասխան, բայց քաղցր հուշեր են»,- ամփոփում է դեկանը:
Անգին Խաչատրյան