- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԱՊՐԵԼ ԵՆՔ ԽԱՂԱՂ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՃԻՇՏ Է, ԵՂԵԼ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ԴՐԱՆՔ ՈՉԻՆՉ ԵՆ ՄԻԱՍԻՆ ԱՊՐԱԾ ՄԵՐ ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԱԼՎԻՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Փետրվար 01, 2019 | 09:53
Հասարակություն
«ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ԱՊՐԵԼ ԵՆՔ ԽԱՂԱՂ ՀԱՐԿԻ ՏԱԿ, ՃԻՇՏ Է, ԵՂԵԼ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՅՑ ԴՐԱՆՔ ՈՉԻՆՉ ԵՆ ՄԻԱՍԻՆ ԱՊՐԱԾ ՄԵՐ ԵՐՋԱՆԻԿ ՕՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԱԼՎԻՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Համալսարանական պատմությունների հերոսներն այս անգամ Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանը և Արևելագիտության ֆակուլտետի դեկանատի օպերատոր Ալվինա Կոստանյանն են:
Ալվինան իմ առաջին ու վերջին սերն է
Այս զույգը տարբերվում է մեր հիշատակած բոլոր զույգերից նրանով, որ նրանք ճանաչում էին միմյանց դեռ մանկության տարիներից: «Մենք նույն մանկապարտեզում և դպրոցում ենք սովորել, բայց միմյանց հետ չէինք շփվում ու մտերմանում»,- հիշում է Իսրայելյանը:
Սակայն տարիներ անց նրանց ճանապարհները նորից պետք է խաչվեին: «Դպրոցն ավարտելուց վեց տարի հետո մենք պատահական հանդիպեցինք, և իմ տված մի համարձակ բարևով էլ սկիզբ առավ մեր սիրո պատմությունը»,- պատմում է Կոստանյանը:
«Ես Ալվինային միշտ որոնել եմ ու պատահական հանդիպումից հետո վերջնական որոշեցի, որ պետք է խոսեմ: Ծանոթներիցս մեկից վերցրի հեռախոսահամարն ու զանգեցի՝ հանդիպելու նպատակով»,- նշում է Իսրայելյանը:
Առաջին հանդիպումից հետո սկսվում է գեղեցիկ սիրո պատմությունը ու ստանում սուր զարգացում: Ամիսներ անց զույգը նշանվում է, հետո՝ տարվա ավարտին՝ ամուսնանում:
Զույգը հիշում է, որ իրենց հանդիպումների վայրը «Առագաստ» սրճարանն էր, որտեղ խոսում էին, անկեղծանում, կիսվում իրենց զգացմունքներով:
«Մինչև հիմա հարազատ է այդ վայրը, ես այնքա՜ն եմ կարոտում այդ օրերը»,- ասում է Ալվինան:
Ալվինան ոչ միայն առանձնահատուկ է իր գեղեցկությամբ, այլև համեստությամբ և դաստիարակությամբ
Սահմանելով գեղեցկության իր չափանիշները՝ Իսրայելյանը գեղեցիկ է համարում կնոջ փոքրամարմին լինելն ու նրբությունը. «Ալվինան ոչ միայն համապատասխանում էր այդ չափանիշներին, այլև գրավում էր իր համեստությամբ»:
Իսկ Ալվինա Կոստանյանի խոսքով, Արթուրը տարբերվում է անասելի կամքի ուժով. «Նա ձգտում է հասնել այն նպատակներին, որոնք դրված են իր առջև, և ամենակարևորն այն է՝ ոչինչ նրան չի կանգնեցնում»:
Միաժամանակ, կինը հավելում է, որ ամուսինը խստապահանջ է, բայց շատ բարի:
Սիրելի կինը դառնում է Իսրայելյանի ուսանողը
«Երկու երեխաներս ծնվել էին, երբ կինս ցանկացավ արաբերեն սովորել և դարձավ իմ ուսանողը»,- տեղեկացնում է Իսրայելյանը:
Զույգը հաղորդակցվում էր դասախոս-ուսանող կարգավիճակով: Ալվինայի համակուրսեցիները չգիտեին այդ մասին, ինչն էլ պատճառ է դառնում մի զավեշտալի պատմության:
«Մի անգամ Արթուրն ինձ խիստ ձայնով ասաց՝ գրեմ տառերը, և քանի որ ես սկսնակ էի, իսկ խումբն արդեն տիրապետում էր արաբերենին, ինձ հուսադրում էին ու ասում՝ Իսրայելյանը խիստ է, բայց բարի և հաստատ քննությունը կնշանակի, իսկ ես պատասխանեցի՝ գիտեմ, Իսրայելյանն իմ ամուսինն է: Համակուրսեցիներս սառած և զարմացած հայացքով նայում էին ինձ»,- ծիծաղով հիշում է Ալվինա Կոստանյանը:
Այդուհանդերձ, Իսրայելյանը նշում է, որ իրեն դուր է գալիս կնոջ՝ անընդհատ նոր բան սովորելու ձգտումը: «Անկախ ընտանեկան հոգսերից և ժամանակի ծանրաբեռնվածությունից՝ մենք ձգտում ենք անընդհատ ու անընդմեջ սովորել»,- նկատում է Իսրայելյանը:
Ալվինայի պատրաստած բորշչն անկրկնելի է
Ալվինան ժպիտով հիշում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Արթուրն իրեն հարցրել է՝ բորշչ պատրաստել գիտե՞ս. «Ես պատասխանեցի՝ գիտեմ, իսկ համտեսելուց հետո ասաց, որ ամենահամեղ բորշչը ես եմ պատրաստում»:
«Ընդ որում՝ բորշչը պետք է լինի մեկօրյա»,- ժպիտով հավելում է Իսրայելյանն ու կնոջ պատրաստած լավագույն ուտեստների շարքին ավելացնում կորեական աղցանը:
Մեր ընտանեկան խաղաղ կյանքի բանաձևը փոխադարձ հարգանքի ու վստահության մեջ է
«Մենք մշտապես ապրել ենք խաղաղ հարկի տակ, ճիշտ է, եղել են դժվարություններ, բայց դրանք ոչինչ են միասին ապրած մեր երջանիկ օրերի համեմատությամբ,- նշում է Իսրայելյանն ու հավելում,- երջանիկ էի ի սկզբանե, երբ մտնում էի տուն ու տեսնում, որ մայրս և կինս ապրում են հաշտ ու համերաշխ:
Զույգն անկեղծանում է, որ բախվել են սոցիալական դժվարությունների և խանդի պոռթկումների. «Ժամանակի հետ խանդն անցել է, ու արմատավորվել է վստահությունը»:
Համալսարանը մեր երկրորդ տունն է
«Մեր օրվա մեծ մասն անցնում է համալսարանում: Մենք առավոտյան ենք տեսնում միմյանց և հետո՝ երեկոյան, գնում տուն՝ կիսելու ընտանեկան մեր երջանիկ հոգսերի ծանրությունը»,- պատմում է դոցենտը:
«Համալսարանը մեր երկրորդ տունն է, և ես հպարտ եմ, որ աշխատում ենք այստեղ»,- ասում է Ալվինան:
«Ա5» անուն ստացած ընտանիքը
Զույգն ի սկզբանե երազել է ունենալ չորս երեխա, այժմ ունի երեքը, որոնց անունները սկսվում են Ա-երով՝ Անի, Ամելի, Արեն:
«Բոլորիս անվան սկզբնատառը Ա-ն է, և կարծում եմ՝ եթե ծնվի մեր չորրորդ երեխան, նորից կկրի Ա-ով սկսվող անուն»,- նշում է Իսրայելյանը:
Իսկ զրույցը զույգն ամփոփում է դեռևս չլսված խոսքերով:
«Ալվինան պետք է վստահ լինի, որ ես միշտ իր կողքին եմ լինելու. ես անդավաճան եմ մնալու իմ սիրուն»,- հավաստեց Ա. Իսրայելյանը:
Իսկ Ալվինա Կոստանյանը փաստեց. «Նրա շնորհիվ հասել եմ երազանքներիս, ունեմ հրաշք ընտանիք ու անընդհատ հնչող սիրո խոստովանություններին ես ավելացնում եմ ևս մեկը՝ ես քեզ շատ եմ սիրում, Արթուր»:
Անգին Խաչատրյան