- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԿԻՐ Է. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈՑԵՆՏ ՀԱՍՄԻԿ ՇԱՓԱՂԱԹՅԱՆԸ
Սեպտեմբեր 11, 2018 | 15:54
Հասարակություն
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԿԻՐ Է. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԻ ԴՈՑԵՆՏ ՀԱՍՄԻԿ ՇԱՓԱՂԱԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 11-ն ահաբեկչության զոհերի հիշատակին օրն է:
2001 թվականի սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ում կոորդինացված մահապարտ ահաբեկիչների կողմից հարձակումների շարան իրականացվեց, որը կազմակերպել էին «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները:
Մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով ավերվեց ԱՀԿ երեք շինություն ու զոհ դարձավ 2977 մարդ, որոնցից դիաճանաչել հաջողվեց միայն 1600-ին: Տեղի ունեցող իրադարձություններն ԱՄՆ ողջ տարածքում առաջացրին լայնամասշտաբ տեղեկատվական քաոս: Բոլոր կոմերցիոն ավիաչվերթները չեղարկվեցին, ԱՄՆ տարածքում ինքնաթիռների վայրէջքն արգելվեց: ԱՄՆ խոշորագույն քաղաքների վրա ամերիկյան ռազմաօդային ուժերի և Ազգային գվարդիայի կործանիչներով կազմակերպվեց պարեկում:
Այս դեպքից հետո, առաջին հերթին, ողջ աշխարհում ահաբեկությունը դադարեց լինել պատահականություն: Այն վերածվեց աշխարհաքաղաքականության լիարժեք փաստարկի: Հետո աշխարհը խոստովանեց, որ ահաբեկչությունները լուրջագույն վտանգ են ներկայացնում: Զարգացած և զարգացող երկրները սկսեցին միջոցներ ձեռնարկել նման դեպքերը կանխարգելելու համար:
Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունները, կարելի է ասել, բացակայում են, իսկ ո՞րն է մեր երկրի ապահով լինելու գրավականը: Այս թեմայի շուրջ ysu.am-ը զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանի հետ:
- Ահաբեկչական գործողությունների զգալի մասը, թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության մեջ, կապված է շահերի բախման հետ: Այս առումով Հայաստանում կոնֆլիկտային իրավիճակ չկա: Ահաբեկչական գործողությունների համար էական դեր չունեն ոչ երկրի դիրքը, ոչ դրա մակերեսը, ոչ էլ անգամ զարգացվածության աստիճանը: Սա քաղաքական վրեժխնդրության դրսևորում է: Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց շահերը չեն բավարարվում ու դրանք բավարարելու ուղղությամբ հիմքեր չկան, սկսում են գործել անթույլատրելի մեթոդներով: Իհարկե, բազմազգ երկրներում շահերի բախումը, ինչպես նաև դժգոհության աստիճանը ավելի բարձր են: Այս ամենով է պայմանավորված նաև ԱՄՆ ելքի ու մուտքի խստացումները: Հայաստանը չունի նմանօրինակ խնդիր, բայց համապատասխան ուժային կառույցները չեն նվազեցնում վերահսկողությունը: Իհարկե, եթե մենք ունենանք վտանգի մասին տեղեկություն, ապա այդ կառույցների գործողություններն ավելի լայնամասշտաբ կդառնան: Իհարկե, այս ամենը կիրագործվի աստիճանաբար, որպեսզի հասարակության շրջանում խուճապ չառաջանա:
Մարինե Առաքելյան