- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՉՈ՞Ւ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԲԱՑԱԿԱՅԻ ԿՅԱՆՔԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Սեպտեմբեր 10, 2018 | 19:00
Հասարակություն
«ԻՆՉՈ՞Ւ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԲԱՑԱԿԱՅԻ ԿՅԱՆՔԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: 2003 թվականից սկսած՝ այն նշվում է սեպտեմբերի 10-ին։ Նպատակն ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների համակարգումն է:
Համաձայն Առողջաբանության միջազգային կազմակերպության վիճակագրության՝ երրորդ հազարամյակում ինքնասպանությունից ավելի շատ մարդ կմահանա, քան բոլոր պատերազմների զոհերը և բռնի մահերը միասին վերցրած։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ինքնասպանությունների թիվը Հայստանում 2017 թվականի համեմատությամբ աճել է: Ըստ վիճակագրական տվյալների՝ ամենահաճախ ինքնասպանության փորձեր կատարողները 40-60 տարեկան մարդիկ են, սակայն երիտասարդների շրջանում նույնպես նման դեպքերը քիչ չեն:
ysu.-am-ը զրուցել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանի հետ և փորձել է պարզել, թե ինչու են երիտասարդները մտածում ինքնասպանության մասին, և որն է նրանց դրանից հետ պահելու լավագույն միջոցը:
-Ինչի՞ հետ է կապված ինքնասպանությունների թվի աճը:
-Ինչպես գիտենք՝ ամեն տարի, նախորդ տարիների հետ համեմատած, տենդենցիան շատանում է: Վերլուծաբանները դա կապում են առաջին հերթին սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Մի կողմ թողնելով սոցիալական խնդիրները, անպատասխան սերը և նման այլ բաներ՝ պետք է նշել, որ ինքնասպանության փորձերի զգալի մասը կրում է ցուցադրական բնույթ: Բայց ցուցադրական և սոցիալ-տնետեսական դրդապատճառները բավարար համարել չի կարելի: Օրինակ՝ այսօր սերիալները, արտասահմանյան հոսանքները, ինչ-որ օտարամարմին շարժումները ընդհանրապես բավականին ծավալուն տեղ ունեն հասարակության կյանքում: Հենց մեդիա ոլորտը լեցուն է ինքնասպանության դեմ պայքարի մասին ինֆորմացիայով, սակայն կա հավանականություն, որ այդ ինֆորմացիան տրամադրելը հենց նպաստում է ինքնասպանության փորձերի աճին:
-Ուրեմն ստացում է, որ ինքնասպան չլինելու մասին խոսելով՝ մենք որոշակի գիտակացական մակարդակում դրդում ենք մարդուն կատարե՞լ այդ փորձը:
-Հնարավոր է: Չենք բացառում: Սակայն այս մասին նյութը չի էլ կարելի թաքցնել կամ չներկայացնել: Եթե կան տվյալներ, դրանք հրապարակել է պետք: Այստեղ խնդիրը ոչ թե ասել-չասելն է, այլ ասելու ձևը: Կարելի է ունենալ մի հանձնաժողով, խումբ, որը կզտի ինքնասպանության կամ դրանց փորձերի մասին ինֆորմացիան: Այս պետք է մատուցել հնարավորինս գրագետ, փսիխոհիգիենայի առումով լավ մշակված վիճակում: Նման հարցերի պարագայում՝ կլինի դա ինֆորմացիա ինքնասպանության, մահացու ելքով վթարի կամ թմրամոլության դեմ պայքարի մասին, պետք է մատուցվի որոշակի ցենզով, որը տեսնելով մարդիկ վարքի կանոն պետք է սովորեն, ոչ թե հույզ ապրեն, որը հետագայում ենթագիտակցորեն անկախ իրենցից կվերածվի վարքի:
-Ինքնասպանության փորձերի թիվը երիտասարդության շրջանում ինչո՞վ է պայմանավորված:
-Երիտասարդությունը ավելի խոցելի խավ է հիմա, քան ասենք 40-60 տարեկանների խումբը: Հիմա գերտարածված է խաղամոլությունը, որը բերում է պարտքերի, հետո հասարակությունից անջատման, հետո գուցե թմրամոլության և այլն: Կա նաև սոցիալական կայքերում ապրելու հարց: Այսինքն երիտասարդը սոցիալական կայքերից դուրս բախվում է իրական կայնքին ու չի հասկանում, թե ինչպես ադապտացվել:
-Իսկ ի՞նչ կասեք այն տարածված կարծիքի մասին, որ երիտասարդները ինքնասպանություն են գործում կյանքի իմաստի կորստի պատճառով:
- Այստեղ ոչ թե կյանքի իմաստի կորստի, կյանքի՝ կենսականության պակասի հարցն է, երբ մարդու մեջ սկսում են սպառվել կենսական ուժերը: Այստեղից էլ ինքնասպանության որոշում ընդունելը կամքի հարց չէ, քանի որ պարզապես չկա կյանք, և հետևաբար չի էլ կարող կամք լինել: Բայց ինչո՞ւ երիտասարդի մեջ պիտի բացակայի կյանքը, կենսականը: Գուցե կյանքի պակասը կապ ունի իրական աշխարհից անջատ, մեկուսացված ապրելու, գուցե արդեն չափահաս տարիքում աշխատանք չգտնելու կամ ընտանիք կազմելու համար կողակցից մերժվելու հետ: Հնարավոր է:
- Զարգացած և զարգացող երկրներում աշակերտները, ուսանողները ենթարկվում են ծաղրի կամ ճնշումների, որոնք դրդում են ինքասպանության փորձի: Նույն տենդենցը կա՞ Հայստանում:
-Չեմ կարծում: Չկա, կամ եթե կա էլ՝ շատ չնչին քանակով դեպքեր կլինեն: Քանի որ, իմ կարծիքով, մեզ մոտ ավանդույթների հարց է, դաստիարակության:
-Ի՞նչ եք մտածում ինքնասպանության փորձերը կանխարգելող միջոցների մասին:
- Առաջին հերթին պետք է զբաղվել ինքնասպանության փորձ կատարելու մոտիվային վերլուծությամբ: Կան ստարդարտ մոտիվներ, դրանց դասակարգում, սակայն դրանց շրջանակներում ոչ մի վերլուծություն չի կատարվում: Օրինակ՝ սնանկությունը, սիրելիի կողմից մերժված լինելը, հասարակության մեջ անտեսված լինելը..., բայց ամեն դեպքի համար պետք է հասկանալ՝ ինչու է առաջացել այդ դրությունը և ինչու են շատանում ինքնասպանությունները որևէ պատճառով: Ինքնասպանության մոտիվները կարիք ունեն վերլուծության, ոչ թե դասակարգման: Առաջնայինը պատճառը հասկանալը չէ, այլ այն հարցը, թե ինչու են այդ պատճառներն ավելանում: Իմ կարծիքով՝ կանխարգելման համար առաջնահերթը դա է:
Մարինե Առաքելյան