- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ «ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլ 12, 2019 | 14:28
Հասարակություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ «ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովը, մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման կարգի համաձայն, հայտարարում է 2018-2019 ուստարվա «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթի անցկացման մասին, որը նվիրված է լինելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Մրցույթի նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, որոնք առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանող»-ին բնութագրող ձեռքբերումները:
Մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ կայքում:
Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):
Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Հայտերը պետք է լրացվեն առցանց՝ beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեում:
Մրցույթի հաղթողների համար սահմանված է նաև անվանական կրթաթոշակ՝ 50.000 դրամի չափով:
Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2019 թ. ապրիլի 23-ը՝ ժամը 17:00-ն, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, 207 սենյակ):