- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2022»-Ը
Մարտ 28, 2022 | 16:00
Կրթություն
Գիտություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2022»-Ը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման շրջանակում մարզերի և Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ ներկայացրին անհատական ու թիմային 37 հետազոտական նախագիծ։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտներ։
«Այս ծրագիրը մեկ նպատակ ունի՝ աշակերտներին ավելի մոտեցնել գիտությանը»,- ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որն իր խոսքում նշեց նաև, որ 3 տարի առաջ ծնված գաղափարը տալիս է իր արդյունքը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` հաղթողը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային գիտական փառատոնին, որը տեղի է ունենալու ԱՄՆ-ում․ «Նախորդ տարի մեր մասնակիցը միջազգային մրցույթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Հույս ունենք, որ տարեցտարի մասնակիցների թիվը կավելանա»։
Ըստ ԵՊՀ գիտաշխատող, փառատոնի ժյուրիի անդամ-ղեկավար Հայկ Զաքարյանի՝ աշակերտները կարողանում են ընտրել արդիական թեմաներ, բայց հաղթող մասնակից կճանաչվի նա, ով կկարողանա աշխատել գիտական մեթոդով․ «Փառատոնն իրականացվում է երկրորդ անգամ։ Ակնհայտ է, որ երեխաները մոտենում են գիտական մեթոդին ու դրա ճանաչմանը»։
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Արտյոմ Համբարձումյանը 6 ամսից ավելի աշխատել ու կարողացել է պլաստիկ թափոնների վերամշակումից ստանալ վառելիք․ «Կարծում եմ՝ ես կարող եմ հաղթել, որովհետև մեր երկրի համար տեղական արտադրության մատչելի վառելիք ունենալը շատ կարևոր է և անհրաժեշտ»։
Ժյուրիի անդամ Լիլիթ Գաբրիելյանը խոստովանում է, որ ընտրություն կատարելն իսկապես բարդ է․ «Հավաքված են ոգևորված ու խելացի աշակերտներ, որոնք փորձում են լավագույնս ներկայացնել իրենց աշխատանքը։ Այս առումով որևէ մեկին ընտրելը շատ դժվար է»։
3D իմպլանտներից մինչև COVID-19-ի սեքվենավորում, սուրճի թափոնից պարարտանյութերի ստացում և տասնյակ նման հետազոտական աշխատանքներ, որոնցից կընտրվի և միջազգային մրցույթին մասնակցելու կմեկնի միայն մեկը։