- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Դեկտեմբեր 02, 2021 | 14:57
Հասարակություն
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպել էին Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտն ու ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնը:
Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սուն Չժուանզին, Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Մա Յուանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն համագործակցում է Չինաստանի մի շարք բուհերի և ինստիտուտների հետ, գործնական քայլեր է ձեռնարկում՝ ստեղծելու գործընկերային նոր կապեր, որոնք նպաստելու են ինչպես հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկու երկրների ակադեմիական և գիտական հաղորդակցությանը:
Հ. Հովհաննիսյանն այս հեռանկարի իրականացման ճանապարհին բարձր գնահատեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության դերը:
ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ներկայացնելով ԵՊՀ-ում Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի գործունեությունը, նույնպես կարևորեց հայ-չինական համագործակցության ակտիվացումն ու այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերը:
Երկու կողմերն էլ ընդգծեցին նմանատիպ գիտաժողովների անցկացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ նմանատիպ նախաձեռնությունները կողմերին հնարավորություն են տալիս արդեն հաստատված գիտական և ակադեմիական հարաբերությունները որակապես բոլորովին նոր հարթություն տեղափոխելու: