- Գլխավոր
- Նորություններ
- «ՇԻՐՎԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Ապրիլ 12, 2019 | 13:46
Գիտություն
«ՇԻՐՎԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ «Շիրվան. պատմություն, մշակույթ և լեզվական իրավիճակ» խորագիրը կրող աշխատաժողով:
Աշխատաժողովին ներկա էին Իրանագիտության ամբիոնի դասախոսներ, ասպիրանտներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից:
Բացման խոսքով հանդես եկավ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ ողջունելով ներկաներին և կարևորելով Շիրվան պատմական երկրամասի վերաբերյալ ուսումնասիրությունները:
«Այս աշխատաժողովը նվիրված է Արևելյան Այսրկովկասի ամենահետաքրքիր տարածաշրջաններից մեկին: Տարածք, որտեղ էթնիկական, մշակութային, լեզվական ու պատմական բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել: Ըստ էության, այստեղ են ձևավորվել այսօր մեզ համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող և կիրառական նշանակություն ունեցող ժամանակակից ադրբեջանցիները»,- ներկայացրեց Վարդան Ոսկանյանը:
Նա նշեց, որ աշխատաժողովի ընթացքում բանախոսներն անդրադառնալու են բազմաթիվ խնդիրների, որոնք առնչվում են Շիրվանի՝ որպես առանձին տարածաշրջանի էթնիկական, մշակութային, լեզվական և պատմական խնդիրներին:
«Ուսումնասիրում են այսօրվա Ադրբեջանի Հանրապետության սիրտը թե՛ պատմամշակութային ու լեզվական, թե՛ ինչ-որ առումով ինքնության տեսանկյունից»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ շեշտելով, որ մենք գործ ունենք մի տարածաշրջանի հետ, որտեղ սկզբնապես ներկա կովկասյան տարրը փոխարինվել է պարսկախոս հանրույթով:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ տարածքն ուշագրավ է նաև այն փաստով, որ այս տարածքում, Շիրվանի թյուրքական բարբառի հիման վրա է ձևավորվել ժամանակակից ադրբեջաներենը և, փաստորեն, հագեցած է տեղի պարսկական խոսվածքների բառաֆոնդով:
«Շիրվանի տարածքի հայ թագավորության մասին տեղեկությունները» զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Տորք Դալալյանը: Նշելով տարածքի ուսումնասիրության կարևորությունը Հայաստանի համար՝ նա խոսեց Շիրվանի հայկական թագավորության մասին մեզ տեղեկություններ հաղորդող աղբյուրների մասին:
Դրանք հիմնականում երկու տիպի են՝ մատենագրական և վիմագրական:
Մատենագրական աղբյուր են 12-րդ դարի ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցու աշխատությունները: Որոշ տեղեկություններ կան նաև Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում:
Երկրորդ խմբի աղբյուրները՝ վիմագիր արձանագրությունները, պահպանվել են Խաչմասի գերեզմանատանը: Խաչմասն Ադրբեջանի հյուսիսում գտնվող, նախկինում հայաբնակ գյուղ է: Գյուղի մի մասը գտնվում է Դաղստանի Հանրապետության տարածքում:
Ըստ բանախոսի՝ արժեքավոր են նաև Սյունիքում գտնվող Վահանավանքի վիմագրերը: Վահանավանքը սյունյաց արքայական գերեզմանատունն է:
Այնուհետև հայատառ պարսկերեն ձեռագրերի մասին զեկուցում ներկայացրեց Իրանագիտության ամբիոնի դոցենտ Հասմիկ Կիրակոսյանը:
Զեկուցմամբ հանդես եկավ նաև նույն ամբիոնի ասիստենտ Արտյոմ Տոնոյանը՝ խոսելով Այսրկովկասյան թյուրքերենում կովկասյան պարսկերենի բառային ենթաշերտի մասին:
Ասիստենտ Հասմիկ Բիանջյանը ելույթ ունեցավ Խաղանի Շիրվանիի հասարակական-քաղաքական, փիլիսոփայական հայացքների մասին:
Շիրվանում պարսկախոսության տարածման շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Վարդան Ոսկանյանը:
Զեկուցումներ ներկայացրին նաև Ս. Վարդանյանը, Մ. Քարիմին, Գ. Միսակյանը:
Աշխատաժողովն ամփոփվեց քննարկմամբ:
Մարի Ռաֆյան