- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Փետրվար 28, 2020 | 16:28
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը:
Միջոցառմանը, որին ներկա էին երկու կառույցների ներկայացուցիչներ, Գագիկ Ղազինյանը նշեց, որ իրադարձությունը սպասված է և պատմական: Նրա փաստմամբ, Արդարադատության ակադեմիայի սկզբնավորման օրվանից եղել է սերտ համագործակցություն, ինչն էլ այսօր ամրագրվում է իրավաբանորեն:
Իրավագիտության ֆակուլտետի դեկանը պատմեց, որ Արդարադատության ակադեմիա ստեղծելու պահանջարկը հանրապետությունում եղել է դեռևս 1990-ական թթ. կեսից. «Ակնկալվում էր ձևավորել այնպիսի կառույց, որտեղ բուհերի շրջանավարտները կկարողանան ձեռք բերել հմտություններ՝ հետագայում պրակտիկ գործունեությամբ զբաղվելու համար: Սակայն, երբ բուհերում ներդրվեց կրթական եռաստիճան համակարգը, հարցը, կարծեք թե, օրակարգից դուրս եկավ՝ հիմք ունենալով գաղափարը, որ մագիստրատուրայում կարելի է փոխանցել այն հմտությունները, որը պետք է տար այդ կառույցը»:
Գագիկ Ղազինյանի փոխանցմամբ, հետագայում պարզ է դարձել, որ կարճ ուսումնառության ընթացքում տեսական գիտելիքների հետ մասնագիտական հմտություններ փոխանցելով՝ միևնույն է, բացն ամբողջությամբ լրացնել չի լինում. «Եվ արդեն 2010-12 թթ. նման կառույց ստեղծելու պահանջարկ առաջացավ»:
«Իհարկե, այն ժամանակ և հիմա էլ կան ոլորտի ներկայացուցիչներ, որոնց կարծիքով, բուհն ի վիճակի է այդ բացը լրացնելու, բայց ես և ողջախոհ իմ բոլոր գործընկերները համոզված ենք, որ ակադեմիայի դերն ապագա պրակտիկ աշխատողների պատրաստման, վերապատրաստման գործում երբեք չի կարող փոխարինվել որևէ մագիստրոսական կրթությամբ, ինչը վկայում են Արդարադատության ակադեմիայի այսօրվա բարձր հեղինակությունը, պահանջարկը և արդյունավետ գործունեությունը»,- նշեց Գագիկ Ղազինյանը:
Նրա տեղեկացմամբ, վերջերս ձևավորվել է նաև ակադեմիայի գիտական խորհուրդը, որը գործունեության գոյություն ունեցող գիտական ուղղվածությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրել. «Արդեն ամբողջովին ձևավորված գործընկեր ունենք, որի հետ արժե իրավական հարթության վրա դնել ի սկզբանե մեր ունեցած հարաբերությունները»:
ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն արժևորեց ակադեմիայի ստեղծման գործում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ունեցած դերը և պրոֆեսորադասախոսական կազմի ներդրած ներուժը:
Նա հայտնեց, որ պատահական չէ շատերի զարմանքը, երբ իմանում են, որ մինչ այս երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր կնքված չի եղել. «Մենք այս ողջ ժամանակահատվածում այնքան սերտորեն ենք համագործակցել, որ բոլորը կարծել են՝ կա հուշագիր, կամ չկա դրա անհրաժեշտությունը»:
Սերգեյ Առաքելյանը պարզաբանեց, որ ակադեմիան և ֆակուլտետն իրենց գործընկերների հետ տարբեր ծրագրեր են իրականացնում և այսուհետ ունենալով իրավաբանորեն ամրագրված համագործակցություն՝ կարող են համատեղ ներգրավվածություն ունենալ այդ ծրագրերում ու որոշակի գործունեություն ծավալել:
Երկու կառույցների միջև հաստատված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կողմերը մշակելու են ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր, համատեղ մշակված ուսումնական և մեթոդական նյութերով կազմակերպելու են դասընթացներ, փոխանակելու են գիտական նյութեր, գրականություն, ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն:
Բացի դրանից՝ կողմերը համատեղ իրականացնելու են գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպելու են գիտական միջոցառումներ, ինչպես նաև իրականացնելու են հրատարակչական գործունեություն և փոխադարձ աջակցություն են ցուցաբերելու պարբերականների հրատարակման գործում:
Քնար Միսակյան