- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՁ ՊԱՀԵԼ ՈՒ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՄԱՐԳԱՐԻՏ ՏԱՏՍ՝ ՀՈՒՇԵՐԻՍ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ԲԱՐԻ ՏԱՏԸ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նոյեմբեր 22, 2018 | 14:29
Հասարակություն
«ԻՆՁ ՊԱՀԵԼ ՈՒ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՄԱՐԳԱՐԻՏ ՏԱՏՍ՝ ՀՈՒՇԵՐԻՍ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ԲԱՐԻ ՏԱՏԸ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի արմատները Սյունիքի մարզից են:
Դեկանի ծննդավայրը Սիսիանի տարածաշրջանի Գորայք (նախկին Բազարչայ, հետո Ակունք, Գոռհայկ) գյուղն է:
«Ծնվել եմ Որոտան գետի ափին, որն այժմ հայտնվել է լճի տակ»,- պատմում է դեկանը:
Դեկանի հայրը՝ Սերգեյ Հակոբյանը, եղել է պատմաբան, Հայրենական պատերազմի մասնակից, իսկ մայրը՝ Արուսյակ Հովսեփյանը, զբաղվել է տնային տնտեսությամբ:
Զրույցի ընթացքում կերպավորվում են դեկանի մանկության հուշերը: Այդ հուշերի լուսավոր ու անբաժան «ընկերը» մորական տատն է: «Ինձ պահել ու մեծացրել է Մարգարիտ տատս՝ հուշերիս լուսավոր ու բարի տատը,- նշում է դեկանն ու թվարկում տատի եփած այն ճաշատեսակները, որոնց համն ուրիշ տեղ այդպես էլ չի գտել,- տատիս եփած ձավարով ու մսով ապուրի բույրն անմահական էր, իսկ ապուրի համից ես երբեք չէի կշտանում»:
Տատի հանդեպ սերն ու երախտագիտությունն այնքան մեծ էին, որ դեկանն իր կրտսեր աղջկան անվանակոչել է Մարգարիտ:
Ռաֆիկ Հակոբյանի մանկության հուշերում ուրույն տեղ ունի հայրենի գյուղի ձորը, որը իր և ընկերների «օթևանն» էր. «Իմ մանկությունն անցել է այդ ձորում. մի շքեղ օազիս էր. այնտեղ քայլողը հարբում էր ձորի գեղեցկությամբ ու հավերժանում ժամանակի մեջ»:
Եվ այդ ձորում՝ քարերի կողքին աճող անթառամ ծաղիկներն են մինչև հիմա մնացել դեկանի հուշերում. «Գողտրիկ անկյուններում են աճում. դրանց գեղեցկությունն ու գունային նրբերանգներն ուրիշ են»:
Պրոֆեսորը չի մոռանում հիշատակել նաև առաջին սիրո անունը՝ Գայանե:
Սիրո օբյեկտը, դաշնամուր նվագելով, գրավել էր նրան. «Նրա բարակ մատները գեղեցիկ մեղեդիներ էին ստեղծում»:
Հետաքրքիր և ինքնատիպ է Ռաֆիկ Հակոբյանի ամուսնության պատմությունը:
Դեկանը կազմել էր մի ցուցակ, որտեղ զետեղված էին 25 աղջիկների անուններ. «Կարդում էի ու ջնջում և ընթացքում էլ մտածում, որ իմ փնտրածն ուրիշ է»:
Այդուհանդերձ, իր ապագա կնոջ հետ հանդիպել է ապագա զոքանչի թույլտվությամբ ու աջակցությամբ: «Ես զոքանչիս շատ եմ սիրում»,- անկեղծությամբ և անթաքույց ժպիտով ասում է նա:
Պրոֆեսորն ունի գեղեցիկ ընտանիք, ընտանեկան հարկը խաղաղ ու ներդաշնակ է:
Իր չորս թոռների համար պահում է օրագիր. «Օրագրում գրել եմ նրանց առաջին ճիչը, առաջին բառը, պատմել եմ առաջին քայլերի մասին»:
Անգին Խաչատրյան