- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ». ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Հունվար 31, 2019 | 16:25
Քաղաքականություն
«ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵՐ ԱՅՑԵՔԱՐՏԸ». ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը և Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանն այսօր այցելեցին Երևանի թիվ 198 ավագ դպրոց:
Գագիկ Ղազինյանը դպրոցի հումանիտար հոսքի 12-րդ դասարանի աշակերտներին նախ ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատմությունը, խոսեց ԵՊՀ կառուցվածքի և ներկայիս գործունեության մասին. « Իմ խոսքը չհամարեք բուհի կամ ֆակուլտետի գովազդ: ԵՊՀ-ն գովազդի կարիք չունի. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»։
Խոսելով իրավագիտության մասնագիտության և բովանդակալից այլ հարցերի մասին՝ Ղազինյանը նշեց, որ իրավագիտությունը համարվում է էլիտար մասնագիտություն. «Էլիտարությունը որոշվում է հասարակության պահանջով: Իրավագետի մասնագիտությունը պահանջված է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. էլիտար մասնագիտություններ են նաև տնտեսագիտությունը և բժշկագիտությունը»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը,կարևորելով ու արժևորելով բարձրագույն կրթության դերը, մանրամասնեց, թե ինչպես է ԵՊՀ-ում կազմակերպվում բարձրագույն կրթությունը, անդրադարձավ բուհի կրթական ակադեմիական միջավայրին, խոսեց նաև բուհում գործող ուսանողական կառույցների գործունեության մասին` ինչպես նաև հիշատակեց օրեր առաջ ԵՊՀ-ի և Նոթինգհեմի Թրենթ համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի մասին:
Ղազինյանը կոչ արեց աշակերտներին լինել արդարամիտ ՝ անկախ ընտրած մասնագիտությունից. «Եղե՛ք ու դատե՛ք արդարամիտ՝ ցանկացած իրավիճակում ու անկախ մասնագիտությունից: Արդարամտությունը թող լինի ձեր այցեքարտը»:
Հանդիպման ընթացքում Գագիկ Ղազինյանն աշակերտների հետ հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձավ վերջիններիս հուզող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտական կողմնորոշմանը, բուհի ընդունելության ընթացակարգին, ինչպես նաև համալսարանն ավարտելուց հետո աշխատանք գտնելու հնարավորություններին:
Աշակերտների մի մասը որոշել էր դիմել հենց ԵՊՀ, ինչպես նաև կողմնորոշված էր մասնագիտության հարցում:
Երևանի թիվ 198 ավագ դպրոց 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Մուրադյանը, մինչև համալսարանականների այցելությունը, երկմտում էր, բայց այժմ հստակ գիտի՝ դիմելու է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ:
«Այս այցելության շնորհիվ ես ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները,- ասաց աշակերտուհին և անկեղծացավ:- Ես դեռ չէի հանդիպել Գագիկ Ղազինյանի նման մասնագետի, որի հետ կարելի է անվերջ խոսել և իրենից այդքան բան սովորել»:
Իսկ իրավաբանների ընտանիքում ծնված Վրույր Ասլանյանը որոշել է, որ շարունակելու է ծնողների գործը: Այցելությունից հետո նա վստահ ասաց, որ գիտելիքների իր պաշարը հարստացնելու միակ տարբերակը ԵՊՀ-ն է:
Հանդիպման ավարտին համալսարանականներն աշակերտներին հանձնեցին Իրավագիտության ֆակուլտետի գործունեության մասին պատմող սկավառակներ, ուղեցույցներ և գրքեր:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը նշեց, որ իրենց վարչության կողմից կազմակերպվող ավագ դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:
Սանթրոսյանը հավաստիացրեց, որ ԵՊՀ դասախոսների այցելություններն ավագ դպրոցներ, ինչպես նաև աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու:
Անգին Խաչատրյան